Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԻ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ
ԶԻՆՎՈՐԻ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ

Շարքային Արսեն Խաչատրյանը ծառայում է մոտոհրաձգային զորամասի նախապատրաստական գումարտակում: Երիտասարդը բանակ է զորակոչվել հինգ ամիս առաջ եւ, ինչպես վաշտի հրամանատարն ասաց, ամբողջ հոգով նվիրվել է ծառայությանը, յուրացրել է զինվորական մասնագիտության նրբությունները, իսկ պարապմունքներից, դասերից հետո ակտիվորեն մասնակցում է գումարտակի և զորամասի հասարակական աշխատանքներին, կազմակերպվող մշակութային միջոցառումներին:

Երբ առանձնացած զրուցում էինք, զգացի, որ ձգտում է խոսել հայրենիքի, հայրենասիրության, մեր անցյալի ու վերջին հաղթանակների, ազգային հերոսների, բանակի հրամանատարության, պաշտպանության նախարարի հանդեպ ունեցած անվերապահ հավատի մասին: Շատերի հետ եմ զրուցել ու համոզվել, որ Արսենի ու նրա պես հազարավոր զինվորների համար նախարարի յուրաքանչյուր խոսքը բացարձակ ճշմարտություն է, և իրենք պատրաստ են նրա հրամանատարությամբ հասնել նորանոր հաղթանակների ու խաղաղության պայմանագիր պարտադրել հակառակորդին: Ես այսպիսի կարծիքներ լսել էի նաև ԵՊՀ ուսանողներից: Մեր զինվորը պատրաստ է մարտի գնալ ոչ միայն հանուն հայրենիքի, այլ նաև հանուն իր հրամանատարի: «Մեր ժողովրդի համար Վազգեն Սարգսյանը դարերի խորքից ծնված հերոս է», «Շուշիի ազատագրումը հայ ռազմարվեստի փայլուն էջերից է, և այն մենք կկրկնենք դեռևս գերության մեջ գտնվող հայկական մյուս քաղաքներում», «Սարդարապատի հերոսամարտը ցույց տվեց, որ թուրքն ուժեղ է միայն անզեն կանանց, երեխաների ու զառամյալ ծերունիների մոտ, իսկ բաց դաշտում, դեմ առ դեմ միշտ պարտվել է ու պարտվելու է հայերին…». այս տողերը մտքեր են շարքային Արսեն Խաչատրյանի ոգևորված խոսքից: Ասեմ, որ զրուցակիցս Սիսիանից է, երեք եղբայր են, մեկը մյուսից հինգ-վեց տարի մեծ: Արսենը ամենափոքրն է: Եղբայրներն արդեն ավարտել են զինվորական ծառայությունը:

-Հանգամանքների բերումով մեծացել եմ Ստեփանակերտում, որպես ռադիոհեռուստահաղորդավար, համերգավար եմ աշխատել ԼՂՀ մշակույթի նախարարության Ստեփանակերտի ռադիոյում, ընդունվել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և զորակոչվել բանակ,- ասաց զինվորը:

Խոսեցինք նաև ծառայության մասին:

-Չեմ սիրում այսօրվա գործը թողնել վաղվան: Վաշտում լավ տղաներ են հավաքվել, մինչև այժմ որևէ վեճ, կոնֆլիկտ չեմ տեսել: Բոլորին էլ հարգում եմ, շատերի հետ էլ ընկերություն եմ անում: Տոնական օրերին կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ: Ես այդ միջոցառումներն եմ վարում, նաև ասմունքում եմ, մշակութային հարցերով զբաղվող հասարակական ակտիվի անդամ եմ:

Կարծում եմ` բոլոր լրագրողներն էլ ուզում են, որ իրենց զրուցակիցները հեշտ խոսողներ, արտահայտվողներ լինեն: Ինձ համար հաճելի էր լսել բանիմաց, հայրենասեր զինվորին, տա Աստված՝ իրականություն դառնան նրա և իր սերնդի մտահղացումներն ու երազանքները:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ