Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԲ ՈՒՍՈՒՑԱՆԵԼԻՍ ՉԵՍ ԹԵՐԱՆՈՒՄ
ԵՐԲ ՈՒՍՈՒՑԱՆԵԼԻՍ ՉԵՍ ԹԵՐԱՆՈՒՄ

Ավագ լեյտենանտ Սուրեն Քիթոյանը փոխգնդապետ Ա. Հակոբյանի գումարտակի դասակի հրամանատարն է: Ծնվել է 1988թ. Շիրակի մարզի Կամո գյուղում, 2005թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Ավարտելով ուսումը՝ 2009թ. զորակոչվել է բանակ: Վեցամսյա սպայական դասընթացներից հետո ստանալով սպայական առաջին՝ լեյտենանտի կոչումը, ծառայության է նշանակվել այս զորամասում: Սկզբում եղել է մոտոհրաձգային դասակի հրամանատար և շուրջ երեքուկես տարի ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, իսկ այժմ ուսումնական գումարտակում զենքերի օգտագործման գաղտնիքներն է սովորեցնում երիտասարդ զինվորներին:

-Ավարտելով համալսարանը՝ կարող էի պարտադիր ժամկետային ծառայությունս կատարել ու գնալ իմ գործին, սակայն երկար մտորումներից հետո եկա այն համոզման, որ հայ տղամարդու տեղը նախևառաջ բանակն է: Չեմ թաքցնում, սկզբում մեջս վախ կար, մտածում էի, որ չեմ կարողանա ինձ դրսևորել և զինվորական բարձրագույն կրթություն ստացած սպաների վրա զինվորի տպավորություն կթողնեմ: Բայց, փառք Աստծո, սպայական դասընթացների ժամանակ զգացի, որ շատ աշխատելու դեպքում կարող եմ հաղթահարել մասնագիտական դժվարությունները: Զորամասում ինձ լավ ընդունեցին, օգնեցին, որ որպես սպա կայանամ: Ինքնակրթության միջոցով յուրացնում էի զորամասում առկա բոլոր զենքերի կառուցվածքը, նշանակությունը, հնարավորությունները, օգտագործման ձևերը ու մի օր էլ զգացի, որ ռազմարվեստում ինձ համար գաղտնիքներ գրեթե չկան, և ինքս եմ առանց դժվարությունների սովորեցնում ուրիշներին, երիտասարդ զինվորներին, իսկ հրամանատարությունն էլ ինձ լիովին վստահում է: Հավանաբար հաջողությանս նպաստեցին նաև մանկավարժության մասին ունեցած գիտելիքներս, սովորեցնելու, մարդկանց հետ աշխատելու հմտությունս, ինչի համար էլ որոշեցին ինձ տեղափոխել ուսումնական գումարտակ: Այստեղ ես երիտասարդ զինվորներին սովորեցնում եմ զենքերի օգտագործման ձևերը: Ունենք վարժասարքեր բոլոր զենքերի համար և դրանք հաջողությամբ օգտագործում ենք, միաժամանակ զինվորները (հաշվարկները) ունենում են նաև մարտական հրաձգություն կատարելու հնարավորություն: Փորձը ցույց է տալիս, որ նրանք շուտ սովորում և բավական լավ են տիրապետում «Ֆագոտ», «Մետիս», «ՀՀՆ-9» և մյուս համալիրներին: Ուսման ընթացքում եթե լինում են դժվարացողներ, նրանց հետ առանձին, անհատական աշխատանք ենք կատարում, այնպես որ՝ վերջում մարտական գումարտակներին, որպես համալրում, տալիս ենք որակյալ մասնագետ հրետանավորներ, որոնք առանց դժվարությունների կարող են կատարել մարտական առաջադրանքները, ճիշտ նշանառությամբ խոցել ու ոչնչացնել հակառակորդի տանկերը, զրահատեխնիկայի մյուս միջոցները:

Իմ աշխատանքից բավականություն եմ ստանում: Սպաներս զինվորների միջև տարբերություն չենք դնում, բոլորին մոտենում ենք հավասարության, արդարության սկզբունքով, զինվորական կանոնակարգերի պահանջներով: Ասեմ նաև, որ ունեմ լավ սերժանտներ, հատկապես առանձնանում են սերժանտ Արամ Աբրահամյանը և կրտսեր սերժանտ Մանուկ Կարապետյանը: Նրանք կարողանում են հաջողությանբ ոչ միայն համազորային, այլ նաև մասնագիտական առարկաների պարապմունքներ անցկացնել:

Կրկնում եմ՝ այս ընթացքում համոզվել եմ, որ բանակ գալով՝ ճիշտ որոշում եմ կայացրել և ինձ պես բարձրագույն (ոչ զինվորական) կրթություն ստացած տղաներին խորհուրդ կտամ իմ օրինակով համալրել բանակի սպայակազմի շարքերը:

Ն. ԱՐԱՄՅԱՆ