Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ» ԱՆԴՐԱՆԻԿԻ ՈԳՈՎ ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՄԲ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ» ԱՆԴՐԱՆԻԿԻ ՈԳՈՎ ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՄԲ

Կենսագրություններ կան, որոնք միայն անհատին չեն պատկանում: Նրանք իրենց վրա կրում են ժողովրդին բաժին հասած ծանր ժամանակների կնիքը` գոյապայքարի, մաքառումների և տառապանքի կնիքը` քերթողահայր Խորենացուց, Եղիշեից մինչև Շնորհալի, Նարեկացի, Ֆրիկ, մինչև Սայաթ-Նովա, Աբովյան, Րաֆֆի, Կոմիտաս և ուրիշներ: Նրանք ծնվում են աստվածային նախախնամությամբ, ծնվում են, որ իրենց սնող ժողովրդին ցույց տան մահաբեր աղետներին դիմագրավելու, հաղթելու և ազգի պատմական երթը շարունակելու ուղիները` հաճախ ի գին իրենց երիտասարդ կյանքի ու արյան: Որովհետև ազգասիրությունն ու հայրենասիրությունն իրենց համար հրապարակներում ճառելու գեղեցիկ խոսքեր չեն, այլ էություն, կենսաձև… Այդ նվիրյալ հանճարների շարքում ճառագում է մի մեծ ու լուսավոր անուն` Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյան, որ հրեշավոր 1915թ.-ին անմնացորդ նվիրվեց հայրենազրկվող և ցեղասպանության ենթարկվող ժողովրդին` իր շուրջը համախմբելով նախ որդիներին և դուստրերին, ապա մտավորականությանն ու հոգևորականությանը:

… Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում այսօր էլ պահվում են բազմաթիվ նյութեր, օրագրություններ, լուսանկարներ, որոնք ունեն պատմագիտական մեծ արժեք և ներկայացնում են Ամենայն Հայոց Բանաստեղծի ու նրա ընտանիքի անձնվեր գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին: Հովհաննես Թումանյան ազգային գործչի մասին զրուցել ենք թանգարանի աշխատակից Սուսաննա Ադամյանի հետ:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՈՐԲԵՐԻ ՀԱՅՐԻԿ

-Հովհաննես Թումանյանը մեկն էր այն հեռատես ու ամենատես մտավորականներից, որ 1913թ. հանդես եկավ երիտթուրքերի` ֆրանսիացի լուսավորիչներից փոխառված` Ազատության, Եղբայրության և Հավասարության սկզբունքներին չհավատալու սթափության կոչով` ասելով. «…թուրքերը Հայկական հարցը վճռելու են բնաջնջումով, և թուրքը նրան պիտի բաց թողնի միայն վերջին շնչի հետ… Թուրքիան կդիմի ամենահրեշավոր միջոցներին` վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին»: Նա հոգու ամենանուրբ լարերով զգում էր վերահաս աղետը: Եվ նվիրվեց ժողովրդի ճակատագրին` նրանից երբեք չբաժանվելու հստակ որոշմամբ,- այսպես է զրույցն սկսում Սուսաննա Ադամյանը:

1914թ. պայթեց Առաջին աշխարհամարտը: Կատարվեց Հովհաննես Թումանյանի մարգարեությունը. կացնի ու յաթաղանի «մշակույթի» կրող թշնամին «քաղաքակիրթ» աշխարհի լուռ ու անտարբեր հայացքի ներքո սկսեց ոչնչացնել մի ողջ ժողովուրդ` նրա իսկ պատմական հայրենիքում: Եվ Թումանյանը` մի ձեռքում գրիչ, մյուսում` սպիտակ դրոշ, իր ընտանիքի հետ նվիրվեց ցեղասպանության հետևանքով որբացած սովալլուկ մանուկների խնամքին, մեռնող ժողովրդի բեկորների փրկությանը` կատարելով պետական հզոր կառույցների դեր:

-Հովհաննես Թումանյանը հիվանդ պառկած էր անկողնում, երբ հայերի գաղթի ու կոտորածի լուրը հասավ Թիֆլիս: Նա տկար վիճակով իր դուստր Նվարդի հետ եկավ Էջմիածին (ամենամեծ թվով գաղթականներն այնտեղ էին հավաքված): Եկավ՝ որբախնամ գործը կազմակերպելու, որը մեծ չափով ընկած էր նրա ուսերին: Անպատկերացնելի է Թումանյանի հայրենասիրության աստիճանը, եթե հաշվի առնենք այն փաստը, որ համաճարակները հնձում էին բուժքույրերին, դաստիարակչուհիներին… կարող էր զոհ գնալ նաև Նվարդը: Հենց այս ժամանակ է, երբ Թումանյանը վաստակեց նաև «Ամենայն Հայոց որբերի Հայրիկ» տիտղոսը. նրա օրագրություններում սրտառուչ նկարագրություններ կան այդ մասին. երբ երեխաները փոքր-ինչ կազդուրվեցին, ամեն ճաշից հետո կախվում էին նրա փեշերից և «Հայրիկ» անվանում,- պատմում է տիկին Սուսաննան և ցույց տալիս 1915թ. արված մի լուսանկար` Թումանյանն իր դուստր Նվարդի և որբ երեխաների հետ. լուսանկարում Բանաստեղծն ընդամենը 46 տարեկան է, բայց թողնում է պատկառելի ծերունու տպավորություն: Մեկնաբանություններն ավելորդ են…

Պատմական մեծ արժեք են ներկայացնում Թումանյանի՝ Էջմիածնում արված գրառումները որբերի կենցաղը կազմակերպելու, հիվանդ, առողջ, մահացած երեխաների և գաղթականների մարդահամարի վիճակագրական տվյալների վերաբերյալ, որոնցով այժմ հետաքրքրված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Այս ամենի կողքին տեղ է գտել Թումանյանի «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը:

-Առաջին աշխարհամարտի տարիները Հովհաննես Թումանյանի կյանքի ամենածանր տարիներն էին: Հայոց եղեռնը տապալել էր Բանաստեղծին: Բայց նա ազգի առաջնորդն էր և թուլանալու իրավունք չուներ:

-Նա ազգի համար այդ ողբերգական օրերին կարողացավ հասկանալ, թե ինչ է պետք ժողովրդին` Հույս. ինչի դրսևորումներից մեկն էլ այն է, որ Թումանյանը որբ երեխաների համար ինտելեկտուալ խաղեր էր կազմում,- ասում է Սուսաննա Ադամյանը և, վերցնելով «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» գիրքը, շարունակում է:- Այստեղ տեղին է մտաբերել պատմաբան Լեոյի խոսքերը, որ Թումանյանի գործունեությունն այսպես է բնութագրել. «Հովհաննեսը երկու գործ կատարեց այդ զարհուրելի ժամանակ: Այդ մարդը միայն տաղանդով չէր բարձրացնում հայ գրականությունը, այլև այն մեծ համարումով, որ ուներ դեպի նրան. Մի ազգի արժեքը նրա գրականությունն է,- այս էր նրա դավանանքը… Ավելի գեղեցիկ էր նրա երկրորդ գործը: Ամառվա սոսկալի տոթին նա գնաց Էջմիածին, ուր իրար վրա կուտակված էին տասնյակ հազարավոր փախստականներ և կարեցածի չափ օգնություն էր կազմակերպում նրանց համար: Այս մի կատարյալ անձնավորություն էր: Շաբաթներով նա ապրել է այնպիսի սարսափների մեջ, որոնց չոր ու ցամաք թվարկումն անգամ մարդու արյուն է սառեցնում»:

Թերթում եմ գիրքը. ուշագրավ են նաև գրող, բանաստեղծ Վահան Թոթովենցի հուշերը. «Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի մի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանի դուռը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները ներս լցվեցին: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին` ասելով.

-Ինչպե՞ս եք համարձակվում, չէ՞ որ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Թումանյանը պատասխանում է.

-Բայց Ձեզ հետ էլ խոսում է Ամենայն Հայոց Բանաստեղծը»:

Եվ Վեհափառ Հայրապետը, զգալով իր սխալը, տեղի է տալիս… Ահա այսպես է ծնվել Թումանյանի հայտնի պատվանունը:

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Հայոց ցեղասպանության դժնդակ օրերին ազգին ծառայելու գործից անմասն չէին նաև Թումանյանի մյուս զավակները: Դա է վկայում Ամենայն Հայոց Բանաստեղծի նամակը` ուղղված Անդրանիկ զորավարին, որը գրել է ի պատասխան նրա երկիրը փրկելու կոչի: Մի փոքրիկ պատառիկն էլ բավական է` պատկերացնելու Թումանյանի տիեզերական մեծությունը. «Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է` թե՛ վերահաս վտանգը կանխելու, թե՛ բաղձալի խաղաղության հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն»: Եվ նա հայրենիքին նվիրեց ամենաթանկ բանը «ինչ որ ուներ»` իր զավակներին:

-Տիկի՛ն Սուսաննա,- դիմում եմ զրուցակցիս,- հայտնի է, որ Թումանյանի որդիները` Արտավազդը և Մուշեղը, մեծ ներդրում են ունեցել գաղթականներին օգնելու գործում: Կխոսե՞ք նրանց մասին:

-Նախ ասեմ, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ սպանվել է նաև Թումանյանի եղբայրներից մեկը` Արտաշեսը: Իսկ երկրորդ տղան` Արտավազդը, բազմակողմանի զարգացած 24-ամյա մի երիտասարդ, պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո շարունակում է աշխատել Միջազգային Կարմիր Խաչի Համառուսական քաղաքների միության կովկասյան կոմիտեում: Հիմնական գործը ծանր վիճակում գտնվող գաղթականներին օգնություն ցուցաբերելն էր: Վան քաղաքում պարետ էր: Բայց ամենամեծ ողբերգությունն այն է, որ նա, օժտված լինելով աստվածատուր շնորհներով (նկարիչ, դրամատուրգ, թարգմանիչ, արվեստաբան) 1918թ. զոհվեց Վանում:

Արտավազդ Թումանյանը պատմաբան Ն. Ադոնցի և հնագետ Ա. Քալանթարի հետ Վանում մասնակցել է մեր պատմական կոթողների ուսումնասիրման և չափագրման աշխատանքներին, կտավների վերածել հայկական հուշարձանները և բնաշխարհը, թարգմանել է եվրոպական և ռուս հեղինակների գործերից: Եվ հետաքրքիր է, որ այդ թոհուբոհի մեջ Արտիկը (այդպես էին նրան անվանում մտերիմները) չէր մոռանում արվեստի մասին: Իր նամակներում, որոնք պատմում են Թումանյանի ընտանիքի գործունեության, գաղթականների վիճակի մասին, հաճախ էր ներկեր խնդրում: Ուշագրավ է նաև Արտավազդի և Միջազգային Կարմիր Խաչի գթության քույր Էլիզաբեթ Արմսթրոնգի անգլերեն նամակագրությունը: Նշեմ մի փաստ ևս. Վանում եղած ժամանակ Արտավազդ Թումանյանը հասցրեց ուսումնասիրել նաև հայկական ձեռագրեր Աղթամարի վանքում և հայտնաբերեց միջնադարյան քերթողներից մեկի` Գրիգորիս Գեղեցիկի տաղերը, որոնք արտագրել և ուղարկել է Հովհաննես Թումանյանին` մի թանկ մասունք եւս փրկելով կորստից: Արտավազդը Վանի երկրորդ նահանջի ժամանակ` հինգ հոգուց կազմված վերջնապահ խմբի հետ,- ասում է Սուսաննա Ադամյանը:

-Ի դեմս Արտավազդ Թումանյանի` մենք, իսկապես, գործ ունենք արվեստագետի և գիտնականի հետ: Այսօր կարո՞ղ ենք փաստել, որ նա Ցեղասպանությանը զոհ գնացած մտավորականների շարքին է պատկանում:

– Միանշանակ: Եվ պատահական չէ, որ Արտիկի մահը սգացին նրան ճանաչող ժամանակի նշանավոր մարդիկ, այդ թվում` Թումանյանի ռուս գրչակից ընկեր, հայտնի գրող Սերգեյ Գորոդեցկին: Ահա թե ինչ է գրում Վահան Թոթովենցը. «Բոլորը լուռ լաց էին լինում: Թումանյանը նստել էր ճաշասեղանի առջև, թափում էր դառն արցունքներ, որոնք որքան լուռ թափվեն, այնքան սրտակեղեք և աղիողորմ են դառնում: Մինչև հիմա էլ հիշում եմ նրա արցունքները, մեծ բանաստեղծի արցունքի վճիտ կաթիլները, այնպես վճիտ, ինչպես գարնանային ցողը և այնպես այրող, ինչպես արծաթի հալած կաթիլը…»: Դա, հիրավի, վերջնականապես կոտրեց Բանաստեղծի սիրտը և արագացրեց նրա մահը:

Ուշադրությունս է գրավում Թումանյանի ավագ որդու` Մուշեղի` Իգդիրից գրած նամակը, որը պատմում է մեզ օգնության եկած «եղբայրական դաշնակից» ռուսական զորքի վայրագությունների մասին. «…Երեխաներին որդեգրում են և ռուսացնում… Հայ ազգը ուրի՞շ տեսակի զոհաբերության առաջ է կանգնած, մի նոր տեսակի թալանի առաջ է կանգնած, երեխաների թալա՞ն…»: Եվ անում էր ամեն ինչ՝ որբացած երեխաներին ետ բերելու և հոգևոր եղեռնից փրկելու համար: Հովհաննես Թումանյանի զավակներն այլ կերպ մտածել և ապրել չէին կարող…

… Ընդամենը 11 ամիս անց աշխարհի ճանապարհները հայ մարդուն կրկին բերելու են Ծիծեռնակաբերդի բարձունք` խոնարհվելու Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առաջ: Եվ մենք պետք է լրջորեն պատրաստվենք այն մարտահրավերներին, որոնք Թուրքիան ծրագրում է մեր դեմ` 2015թ.-ին ընդառաջ: Այդ ամենին արժանապատվորեն դիմակայելու համար պետք է խորհրդի նստենք պատմության դասերի և Հայոց մեծերի հետ: Նրանցից մեկը, անկասկած, Հովհաննես Թումանյանն է: Նա մեզ է պատգամել. «Հայաստանը պետք է խոսի: Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է խոսելու ամենից մեծ վշտավորն ու ամենից վտանգվածը ժողովուրդների մեջ, այլևս էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա հանուն ազատ կյանքի»:

Մենք մի պատմական քննություն արդեն հանձնել ենք Ամենայն Հայոց Բանաստեղծին` վերականգնելով անկախ պետականությունը և ազատագրելով Արցախ աշխարհը: Եվ, այսուհետ, ամեն տարվա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք պետք է գնանք Թումանյանի հետևյալ կոչով. «Մեր աչքերը միշտ դեպի վեր, դեպի լույսը մեր ուխտի»…

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ