Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՏԻՍ ԸՆԿՈՒՅԶԻ ՄՈՒՐԱԲԱՆ
ՏԱՏԻՍ ԸՆԿՈՒՅԶԻ ՄՈՒՐԱԲԱՆ

ԷՍՍԵ

Թուրքիայում ապրող ընկերուհիս` հունա-հայկական արմատներով գեղեցկուհի Էլիֆը, Անթակիայում գտնվող հայաբնակ վերջին գյուղի` Վագիֆլիի մամիկների եփած ընկույզի մուրաբա էր ինձ համար բերել: Անթակիա՜: Ինքնաբերաբար «Անտիոք» ես ուզում ասել` երբեմնի Սելևկյան հարստության հնագույն մայրաքաղաքի, այնուհետև Անտիոքի իշխանության կենտրոնի անունը, որը շատ ավելի համահունչ է հայ մամիկների մասին այս պատմությանը, որոնք թերևս հազար տարի առաջ էլ այնտեղ ընկույզի մուրաբա են եփել…

Երկու բանկա մուրաբա` օտարոտի, պաճուճական նախշերով զարդարված կտորե տոպրակներով… Եթե միայն իմանար, թե դրանք ինչպիսի՜ ապրումներ ինձ կպատճառեն… Ո՞վ էր նրան գլխի գցել: Ո՞ւմ անտես ձեռքն էր նրան ուղղորդում, երբ նա ընտրում էր ոչ թե այդ վայրերի համար ավանդական ձեռագործ կամ ժանյակ, ձեռքով սարքված ձիթապտղի օճառ, այլ հին հայկական տան մեջ եփած այս երկու բանկա ընկույզի մուրաբան:

Մենք նստել էինք Կարբի գյուղի, որի անվանումը գալիս է դեռ ուրարտական ժամանակներից, մեր այգում` հին ու սաղարթախիտ ընկուզենու տակ, անընդհատ թեյ էինք խմում ու խորհում, թե մեր նախնիների քանի՜ սերունդ է ահա այսպես ապրել այս բարեբեր հողում, և ինչ անտեսանելի թելերով ենք մենք կապված նրանց ու միմյանց հետ… Եվ անմիջապես էլ ուզեցինք խոսել-պատմել թաքուն ու նվիրական այնպիսի բաներից, որոնց մասին սովորաբար լռում ենք ոչ միայն գիտական կամ ասենք բարձրաշխարհիկ զրույցների ժամանակ, այլ նույնիսկ թեյի սեղանի շուրջ նստած մտերմիկ ու անկեղծ շաղակրատանքի ժամանակ: Որովհետև, ըստ երևույթին, նման սրտամոտ զրույցների համար շատ լուրջ առիթ է պետք, գոնե Անթաքիայից բերված ընկույզի մուրաբայի նման:

Բոլոր նրանք, որոնց բախտ է վիճակվել մեծանալու տատիկների կողքին, իրենց հոգու խորքում անպայման պահպանում են անհոգ ու թռվռուն մանկության, ինչ-որ բացարձակ պաշտպանվածության և հավերժական թվացող ուրախության զգացումները: Նույնիսկ մի տեսակ անհարմար ես զգում այդ ապրումների մասին բարձրաձայն խոսել` այնքան ծանոթ ու հարազատ են յուրաքանչյուրին… Իսկ ահա նրանք, ովքեր մեծացել են հայ տատիկների ձեռքի տակ, նման զգացումները, ամեն ինչից զատ, կապված են տրանսհայկական բրենդներից մեծագույնի` տատիկի եփած ընկույզի մուրաբայի հետ: Հոգ չէ, թե այդ տատիկները հայկական օյկումենի (մարդաշխարհի, սփյուռքի) որ ծագում են ապրել. եթե նախախնամության կամոք նրանք մի տեղ հավաքվեին, ապա բոլորովին էլ իրենց չէին կորցնի… Շատ արագ` բարբառից, տարազից, զարդեղենից ու այլ պակաս նկատելի մանրուքներից կորոշեին, թե ով որտեղից է, աշխույժ զրույցի կբռնվեին, կփոխանակեին սեփական խոհանոցի գաղտնիքներն ու բացարձակապես միանման առոգանությամբ կհայհոյեին այս ծուռ աշխարհը…

Գանձակի մեր տոհմը, որտեղ հավաքվել էին հայկական աշխարհի ամենատարբեր ծայրերի ներկայացուցիչներ, բացառություն չէր: Որտեղ էլ որ մենք ապրել ենք, իսկ մենք ստիպված են եղել բազմիցս տեղափոխվել, ընկույզի մուրաբան եղել է ոչ միայն մեր կենցաղային մշակույթի անբաժանելի մասը, այլև առանձնահատուկ վերաբերմունքի առհավատչյան իմ հանդեպ` տոհմի ավագ թոռնուհու, որի համար միշտ, կարևոր չէ, թե ես երբ կհայտնվեի տատիկենց տանը` դասերից հետո, թե աշխարհի մյուս ծայրից, պահում էին ընկույզի մուրաբայի «վերջին» նվիրական բանկան: Արժե՞ ասել, որ ես այդպիսի համով ընկույզի մուրաբա ուրիշ ոչ մի տեղ չեմ կերել:

Իմ դուստրը ծնվել է տատիկիս ծննդյան օրվա նախօրեին: Ո՛չ, ես տատիս անունով նրան չկոչեցի, բայց անտեսանելի կապերի մասին մտքերն ինձ և ոչ մի վայրկյան հանգիստ չեն տվել: Մարգարիտի մեկ շաբաթը չէր լրացել, որ ես գնացի Փարաջանովի տուն-թանգարան` վայր, որը միշտ հայրական տան զգացողություն էր իմ մեջ արթնացնում` այնքան շատ էին ընդհանուր քաղաքային մշակույթին վերաբերող մանրամասները: Այո՛, այո՛: Եթե այցելուների ճնշող մեծամասնությունն այստեղ է գալիս` Վարպետի եզակի էսթետիկային հաղորդակցվելու համար, ապա ես` ընդամենը իմ մանկության աշխարհն ընկնելու: Եվ այնպես եմ ուզում նստել ծածկոցով կլոր սեղանի մոտ ու տնական գինի խմել` շրջապատված ինձ հոգեհարազատ կոլաժներով: Ես այստեղ էի հասել ոչ թե հենց այնպես, բայց և հաստատ ոչ պաճուճազարդ ցուցանմուշները լրջախոհ հայացքով զննելու համար, այլ պարզապես ուզում էի այդ նշանակալի պահին սուզվել, մխրճվել այն մթնոլորտում, որ իմ կյանքում կարող էր ստեղծել միայն տատս, որը սակայն վաղուց չկար: Այդ օրը ես չէի շտապում հանդիպելու Փարաջանովի ճակատագիրը ողբացող Ջոկոնդային, ոչ էլ մոգական «Հայելազարդ կարպին» և ոչ էլ Վարպետի հանճարեղորեն «կռահած» հանդուգն «Չինգիզ խանի մանկությանը»: Այդ ամենը կարևոր չէին, և ես ահա ոտքիս տակ նայելով, աննպատակ շրջում էի բակով, սենյակներով ու միջանցքներով… Իսկ երբ, ի վերջո, համարձակվեցի գլուխս բարձրացնել, վայրկենապես գլխի ընկա` ինչու եմ այստեղ հայտնվել. ուղիղ դիմացս կախված էր Փարաջանովի ամենազգայացունց, ամենամտերմիկ կոլաժներից մեկը` «Տատիս ընկույզի մուրաբան»: Դժվար է հավատալ. ահա տատիս թեյի գավաթը, գդալը, բոլորակ պնակը` մեջը ընկույզի մուրաբա: Ա՜խ, ահա և ափսեի եզերքի ոսկեգույն զոլերը: Մի՞թե այսքան սենտիմենտալ եմ դառնում… Եվ, երբ խորանալով միջանցքի կիսախավարի մեջ, դեմ առա Վարպետի մեկ այլ` փոքրիկ, համարյա աննկատ, բայց տվյալ պահին այնքա՜ն խորհրդանշական «Մարգարիտին», շրջանը փակվեց: Ծաղիկներով ու խոտերով Մարգարիտան` թեթև, Վարպետի ստեղծագործական նախնական նյութի նման եթերային, ինձ էր նայում շփոթված, սակայն, ինչպես ինձ այն ժամանակ թվաց, բավականին կենսահաստատ հայացքով: Ես կանգնել էի` ցնցված ժամանակների այդ ակներև կապից և բացատրություն չէի գտնում: Այդ պահին բովանդակ աշխարհում ոչինչ չէր կարող այդպես արձագանքվել իմ հոգում, ինչպես այդ երկու կոլաժները, որոնք չորս սերնդի էին իրար միահյուսում: Թանգարանի պատերից անդին վաղ ապրիլի արևը լիզում էր ձմռան առավել համառող հետքերը: Ուղիղ աչքերիդ առաջ ձյան վերջին կղզյակները ջրափոսերի էին վերածվում: Սակայն ֆիզիկայի մասին չէի ուզում մտածել, այլ հենց մետաֆիզիկայի` ոչ գծային ժամանակի և հավիտենական կյանքի մասին:

Դե, այս ամենի մասին ես ինչպես չպատմեի Էլիֆին, մանավանդ Անտիոքից բերված, կներեք` Անթաքիայից, ընկույզի մուրաբայով թեյի սեղանի շուրջ:

Հետո ես մեկ այլ պատմություն հիշեցի` Գրոզնիում ապրող իմ ընկերուհու` Աննայի ու իր տատիկի: Զառամյալ տատիկին ոչինչ չէր կարող ստիպել հարազատ օջախը թողնել, անգամ «ինչ-որ ռազմական գործողություններ»: «Այդպիսի բաներ շա՜տ եմ տեսել»,- ընդդիմանում էր Մեծ հայրենականով անցած Մարո Գեորգիևնան: Իսկ երբ արդեն Անյուտան մտմտացել էր տատին Չեչնիայից դուրս բերելու հանճարեղ ծրագիրը, հանկարծ պարզվում է, որ հանգամանքների բերումով ինքն է ստիպված շտապ կարգով, ինչպես այն ժամանակ նրան թվում էր, մեկ-երկու օրով քաղաքը թողնել: Անյուտան այդ մեկ-երկու օրվա ժամանակը տատին տվեց` հավաքվելու-կապկպելու համար, տասնյակ հրահանգներ թողեց և անհրաժեշտ ուտելիք, հիշեցրեց անձնագրի տեղը` կոմոդի դարակը, և հարևանուհուն ապսպրեց` ուշադիր լինի: Տատն իրեն հատուկ սառնասրտությամբ խնդրեց` չդրամատիկացնել իրավիճակն ու կտրուկ պահանջեց, որ թոռնուհին հետը վերցնի ընտանեկան Ավետարանն ու Մարոյին հասած նախատատի` փիրուզով զարդարված արծաթե զանգվածեղ գոտին: Անյուտան չի համարձակվում առարկել:

Սակայն հենց հաջորդ առավոտ արդեն ոչ ոքի թույլ չեն տալիս քաղաք մտնել: Անյուտան հովազի նման իրեն պատեպատ է տալիս` Մարոն տանը մենակ է: Աննայի և տատի հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ են եղել: Տատից վախեցել են Թումանյանների բոլոր չորս սերունդները: Ամուսնու մահից հետո նա հանգիստ զբաղեցրել է տոհմի գլխավորի տեղը, թեպետ Անյուտան պնդում էր, որ այդ տեղը միշտ էլ նրանն է եղել` պապն ուղղակի աստվածացրել է կնոջը: Միակ մարդը, որ Մարո տատիկի վրա անսահմանափակ ազդեցություն ուներ, սիրելի թոռնուհին էր…

…Միայն մեկ շաբաթ հետո Անյուտային հաջողվում է քաղաք մտնել… Նրան օգնության է հասնում ինչ-որ երիտասարդ` բուժմասից: Տանը մոտենալիս արդեն հասկանում է, որ ուշացել է` հորանջող պատուհաններով ու կրնկի վրա բաց դռներով տանը նրան սպասող չէր կարող լինել: Օտարոտի տեսք ունեին ռմբակոծությունից փրկված այգին ու պոկված դռնով ամբարը, որի խորքում` դարակների վրա, աչքի էին զարնում խնամքով շարված ընկույզի մուրաբայի բանկաները: Երիտասարդն շտապում է Անյուտային հանգստացնել, սակայն նա` որձաքար, ինչպես իր Մարոն, թեթևակի հեռացնում է նրան, մտնում է ամբարը, դարակից մի բանկա ընկույզի մուրաբա է վերցնում, սեղմում է կրծքին ու նստում սանդուղքի վրա: Նա հաստատ գիտեր, որ չէր կարող հենց այնպես իր Մարոյին կորցնել: Եվ ի՞նչ եք կարծում` տատն իրոք փրկվել էր: Անյուտային ու նրա «թիկնապահին» հաջողվում է մի գրասենյակ գտնել, որտեղ փորձում էին գոնե ինչ-որ գրանցումներ անել, ինչ-որ բան կարգավորել… «Մարո Գեորգիի Թումանյան, ծնված 1917 թվականին»,- նշվում էր ցուցակում: … Ավելին` այստեղ բոլորը նրան հիշում էին ու գովեստով խոսում նրա մասին. զգալով իրական վտանգը, կյանքի փորձառությամբ իմաստնացած Մարո Գեորգիևնան, ոչ միայն իրեն չի կորցնում, այլև, ցուցաբերելով կազմակերպչական զարմանալի ունակություն, իր ետևից տանում է հարևաններին` ծերերի, կանանց, երեխաների, ինչով էլ փրկում է նրանց կյանքը: Տնից դուրս գալիս նա` սովետի մարդ, հեռատեսորեն վերցնում է անձնագիրը, փողերը և մոսկվաբնակ իր հարազատների հեռախոսահամարների գրքույկը: Կապվում են հարազատների հետ, տատին դուրս են բերում ռազմական գործողությունների տարածքից ու մյուսների հետ նստեցնում անցնող առաջին իսկ գնացքն ու… Երբ գրասենյակում այս ամենի մասին պատմում են, Անյուտան նախ լաց է լինում, հետո էլ սկսում է անզուսպ քրքջալ` պատկերացնելով, թե տատն ինչպես է հիմա այնտեղ կարգի բերում հորեղբոր ընտանիքը… Անյուտայի հորեղբայրը, ժամանակին տեղի տալով իր երիտասարդ կնոջ համառ պահանջին, հնարավորինս հեռու էր փախել տոհմից ու բռնակալ տատի իշխանությունից… Մի խոսքով` թուլամորթ արարած: Անյուտան ասում էր, որ այս կյանքում ինքն իրեն միշտ ուժեղ է զգում թերևս հենց տատի սիրո, նրա այդ սոսկալի բնավորության շնորհիվ, որի տակ թաքնված էր քրիստոնյա արևելքցի կնոջ` խաղաղ պայմաններում սովորաբար կիրառություն չգտնող ուժեղ կամքը… Մի խոսքով, Աննան Մոսկվայում իջնում է գնացքից ու… ապշում. կառամատույցին նրան դիմավորում է իրենց տոհմի ողջ մոսկովյան հատվածը` դեմքերին երջանիկ ժպիտ, խանդավառություն ու հույս` փրկիչն է ժամանել: Տատը, հասկանալի է, արդարացրել է սպասումները… Երեկոյան թեյի սեղանի շուրջ Մարոն, գրկելով Անյուտային և սովորականի նման առաջիկայի համար հրահանգներ ու կարգադրություններ տալով, որդուն հանձնարարում է մտածել, թե մուրաբայի սեզոնի համար որտեղից կարելի է կանաչ ընկույզներ ձեռք բերել…

Էլիֆը լսում էր ինձ, թարթում էր խիտ թարթիչները, ժպտում էր ու լաց լինում: Նրա տատերը` հույն ու հայ, բոլորովին այլ իրականությունից, սակայն նմանատիպ հանգամանքներում նույն կերպ էին վարվելու: Ի՞նչ կարող էին իրենց թոռներին փոխանցել 20-ական թվականներին Թուրքիայում ծնված և հրաշքով ողջ մնացած քրիստոնյա երեխաները, այսինքն` հարկադրաբար սեփական ինքնության ծանրակշիռ մասը կորցրած… Նրանք չէին կարող իրենց երեխաներին քրիստոնեական դաստիարակություն տալ, թուրքական անուններով չկոչել, նրանց հետ մայրենի լեզվով հաղորդակցվել… Գուցե այդ պատճառով է, որ գեղեցկուհի Էլիֆն ասում էր, թե ինքը Աստծուն չի հավատում… Սակայն ես կարող եմ նրան մխիթարել: Իմ հարազատ տատերն էլ` թե՛ հայ, թե՛ ռուս, ինձ աղոթել չեն սովորեցրել. ճարահատ ինքս եմ սովորել, այն էլ բավականին ուշ… Սակայն մեր տատերն ինչ-որ շատ էական բան, այնուամենայնիվ, կարողացել են անել. իրենց անվերջանալի թափառումներում անգամ մեզ համար պահել-պահպանել են ոգեղեն այն առանձնահատուկ աշխարհը, որը հավատի անկապտելի մասն է, և անտարակույս, թեկուզև սերունդներ հետո, ցուցանելու է մեզ մեր Ճանապարհը… Եվ մի՞թե զարմանալի է, որ Արարատի մյուս կողմում ապրող իմ ընկերուհին ինձ համար ոչ թե ձեռագործ է բերել կամ ժանյակ, այլ Անթաքիայի հին հայկական ընտանիքում եփված ընկույզի մուրաբա` այդ աշխարհի մի մասնիկը: Ես ու Էլիֆը որոշեցինք, որ Թուրքիա կատարելիք իմ հաջորդ այցելությանը երկուսով կգնանք անտիոքցի տատիկներին տեսության: Նա համոզված է, որ ես ինձ կզգամ ինչպես տանը… Իսկ ես չեմ էլ կասկածում:

ՎԻԿՏՈՐԻԱ ԱՌԱՔԵԼՈՎԱ

Ռուսերենից թարգմանությունը ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻ