Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐՈՍՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ. ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀԵՐՈՍՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ. ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Պաշտպանության նախարարի խորհրդական, ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը Շուշիի ազատագրման տարեդարձի շրջանակներում այցելեց Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց և Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառման առիթով դպրոցին նվիրեց Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի «Ուրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» մագիստրոսական թեզի եզակի հրատարակության օրինակը: Նվիրատվությունն իր մեջ կրում էր մի յուրահատուկ խորհուրդ և նպատակ ուներ Մոնթե Մելքոնյանին հանրությանը ներկայացնելու նոր լույսով:

1995 թվականին, կնքված զինադադարից հետո, Մոնթե Մելքոնյանի այրին ու ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանը դիմեցին Հայկ Քոթանջյանին՝ մարտի դաշտում հերոսաբար զոհված ազգային հերոսի գիտական աշխատությունը հրատարակելու խնդրանքով: Այն ժամանակվա պաշտպանության նախարար, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, փոխնախարարներ Վահան Շիրխանյանի և Հմայակ Հարոյանի աջակցությամբ որոշվեց հրատարակել այդ մեծարժեք գիտական աշխատությունը, որը Մոնթե Մելքոնյանը պաշտպանել էր ԱՄՆ-ի Բերքլիի հեղինակավոր համալսարանում: Նրա գիտական թեզի հանրահռչակումն ուներ շատ կարևոր նշանակություն, քանի որ նորովի` որպես գիտնականի ու մտավորականի էր ներկայացնում հերոսին: Մարդ, որ թողնելով արտասահմանում իր գիտական փայլուն կարիերան, եկել և զենքը ձեռքին անձնվիրաբար ու անմնացորդ տրվել էր արցախահայության պաշտպանության գործին: Ավելին` ազատամարտիկի գիտական աշխատության հրատարակությունը չեզոքացնում էր Մոնթե Մելքոնյանին որպես ահաբեկիչ ներկայացնելու հակառակորդի հետևողական ջանքերը:

Հերոս ազատամարտիկի գիտական հետազոտության պատշաճ հրատարակության կազմակերպման համար ստեղծվեց խմբագրական խումբ, որը խնամքով մշակեց ու հրատարակեց այն՝ ապահովելով ակադեմիական բոլոր չափանիշներն ու պահանջները: Խմբագրական խմբի կազմում ներգրավվեցին ինչպես ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, պատմական գիտությունների թեկնածուներ Ռուզան Մկրտչյանը, Սիմոն Հմայակյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Պավել Ավետիսյանը, այնպես էլ ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի խմբագրության ծառայողներ՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Բալայանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Բաղդասարյանը, պատասխանատու քարտուղար Դավիթ Չիլինգարյանը, գեղարվեստական ու տեխնիկական խմբագիր Ռազմիկ Գևորգյանը, ձևավորող նկարիչ Սերգեյ Նարազյանը, ՀՀ ՊՆ Հաշվողական կենտրոնի մի խումբ սպաներ (համակարգչային ապահովման մասնագետներ)՝ գլխավոր մասնագետ Սամվել Աթոյանի ղեկավարությամբ:

Մոնթե Մելքոնյանի գիտական մտքի արգասիքը վերածվեց ակադեմիական հրատարակության: Աշխատության հրատարակիչն էր ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը: Հրատարակությունը Մոնթեի այրու խնդրանքով ուղարկվեց Սորբոնի, Բերքլիի համալսարաններ ու մի շարք այլ գիտակրթական կենտրոններ:

Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանին փոխանցելով աշխատությունը, հույս հայտնեց, որ այդ եզակի գործը դպրոցի սաներին հնարավորություն կտա նորովի հայտնագործելու Մոնթե Մելքոնյան մտավորականին: