Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԿՐԱՊԱՀԸ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՆ Է
ԵՐԿՐԱՊԱՀԸ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՆ Է

Մայիսի 8-ին նշվեց Երկրապահի օրը: Տոնական միջոցառումներն ընթացան ոչ միայն Երևանում, Ստեփանակերտում, ՀՀ և Արցախի մարզերում ու համայնքներում, այլ նաև սփյուռքում: Այս տարի առաջին անգամ Մայր տաճարում և Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվել է սուրբ պատարագ` ազատամարտի զոհերի հոգիների հանգստության համար: Տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով պետական բարձր պարգևների է արժանացել շուրջ 20 ազատամարտիկ, իսկ պաշտպանության նախարարի հրամանով գերատեսչական մեդալներով է պարգևատրվել ևս 20 մարդ: Երկրապահների տոնի կապակցությամբ ԵԿՄ և գերատեսչական պարգևների, մեդալների ու արժեքավոր նվերների է արժանացել շուրջ 5000 մարդ:

Երկրապահ կամավորականների միություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993թ. հուլիս ամսին: ԵԿՄ հիմնադիր համագումարը միության նախագահ է ընտրել Վազգեն Սարգսյանին, որը ղեկավարել է մինչեւ իր ողբերգական մահը` 1999 թվականը։ 1999թ. գումարված միության 4-րդ համագումարի որոշմամբ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանը հայտարարվել է ԵԿՄ հավերժ նախագահ: 1997թ.-ին տեղի ունեցած ԵԿՄ 3-րդ համագումարի որոշմամբ՝ մայիսի 8-ը` Շուշիի ազատագրման օրը, հայտարարվել է Երկրապահի օր: 2002թ. ԱԺ «Հայաստան» երկրապահական պատգամավորական խմբի ջանքերով «Երկրապահի օրը» ընդգրկվեց Հայաստանի Հանրապետության պաշտոնական տոնացույցի մեջ:

Ազգային տոնացույցում մայիսի 8-ը արդեն քսանմեկ տարի նշվում է առանձնահատուկ շուքով ու հանդիսավորությամբ։ Երկրապահի օրվան նվիրված գլխավոր միջոցառումները սկսվեցին վաղ առավոտյան` «Եռաբլուր» պանթեոնում: Զոհված ազատամարտիկների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ երկրապահներ, զինծառայողներ: Ներկաները ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկ Օզանյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: Լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցին Արցախյան պատերազմի ազատամարտիկներին ուղղված շնորհավորանքի և երախտիքի խոսքեր:

– Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի ազատագրման: Մենք պարտավոր ենք հիշել նրանց և արժանավայել մոտեցում ցուցաբերել նրանց մերձավորների և ընտանիքների հանդեպ: Երկրապահը մեր հզոր բանակի հիմքն է,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Պաշտպանության նախարարը ճեպազրույցում ևս բարձր գնահատեց երկրապահի դերն ու նշանակությունը հայրենի պետականության ամրապնդման և բանակի կայացման գործում:

– Կարծում եմ, որ երկրապահների ծառայության, պայքարի արդյունքն է, որ այսօր մենք խաղաղ արարում ենք: Նրանց ստորաբաժանումների հենքի վրա է ստեղծվել հայոց բանակը, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը: Կարծում եմ, որ հայոց բանակն իր զորահավաքային ռեսուրսի, ազատամարտիկների, երկրապահների հետ միասին այսօր մի կուռ կառույց է և անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանելու մեր հայրենիքը:

Նախարար Ս.Օհանյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը, հայոց բանակը մշտապես և անշեղորեն կանգնած են Արցախի ժողովրդի թիկունքին:

-Արցախի անվտանգության երաշխավորը հայոց բանակն է, և եթե Արցախին մի բան պատահի, մենք այնտեղ ենք լինելու և պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար,- նշեց Ս. Օհանյանը:

Իր հերթին Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ցավով նշեց, որ այսօր ոչ բոլոր ազատամարտիկներն են արժանավայել ապրում, բայց պետք է լավատես և միասնական լինել: Նա անդրադարձավ նաև հակառակորդի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերին և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ուղղությամբ արձակվող կրակոցներին:

– Պատմականորեն սահմանամերձ գյուղերին մշտապես վիճակված է եղել լինելու երկրի առաջնային պաշտպանը: Մեր գյուղերի բնակիչները ապրում են այնպես, ինչպես հազարամյակներով ապրել են իրենց նախնիները: Իսկ մենք պետք է մտածենք, թե ինչ լավ բան անենք, ինչ նոր հնարավորություններ ընձեռենք, որպեսզի այդ մարդիկ լավ ապրեն: Այս համայնքներում նույնիսկ մեկ օրվա ծնվածն ամենալավ երկրապահն է` մանավանդ կրակի տակ մեծացածը:

Այնուհետև պաշտոնական միջոցառումները տեղափոխվեցին Վաղարշապատ: Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Բ-ի որոշմամբ՝ այս տարի առաջին անգամ Էջմիածնի Մայր տաճարում մատուցվեց սուրբ պատարագ` ազատամարտի զոհերի հոգիների հանգստյան համար: Ընթերցվեց նաև կաթողիկոսի ուղերձը, որով Վեհափառն իր հայրապետական շնորհավորանքներն ու օրհնությունն ուղղեց Արցախյան պատերազմի բոլոր ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին և հարազատներին:

Պատարագից հետո Երկրապահի օրվա առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Երկրապահի օրվա կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների և զինծառայողների պետական պարգևներ հանձնելու վերաբերյալ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին մի քանի երկրապահների անվանական զենք նվիրեց, որոնց թվում էր ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը:

Շնորհավորելով Երկրապահի օրվա կապակցությամբ պարգևատրվածներին և հանդիսության ներկաներին՝ նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց երկրապահների դերը հայ ժողովրդի նորագույն պատմության վերջին քսան տարիների ընթացքում:

-Այնտեղ, որտեղ չկա կամավորականի անձնական օրինակը, սևեռուն ձգտումը, այնտեղ, որտեղ չկա զինվորի պատրաստակամությունը և հրամանատարների, պետերի հետևից գնալու, շատ անգամ նաև` հրամանատարի առջևից գնալու և նրա կյանքը փրկելու անձնազոհությունը, չի կարող լինել մարտական ոգի: Այդ առումով երկրապահներն անձնազոհության մարմնացումն են:

Տոնական հավաքին հանձնվեցին նաև Երկրապահ կամավորականների միության պարգևներն ու մեդալները: ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի արժանացան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանը և Արա Նազարյանը, ինչպես նաև՝ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Պետական և հասարակական մի շարք գործիչների, երկրապահների հանձնվեցին ԵԿՄ 20-ամյակի մեդալներ:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լեյտենանտ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
մայոր