Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՂՐԱՄՅԱՆՑԻՆԵՐԻ ՔՐՏՆԱՋԱՆ ԱՌՕՐՅԱՆ
ԲԱՂՐԱՄՅԱՆՑԻՆԵՐԻ ՔՐՏՆԱՋԱՆ ԱՌՕՐՅԱՆ

Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել ուսումնական զորամասերի ավարտական քննություններին։ Քննաշրջանն առանձնահատուկ է լինելու մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորամասի համար, որովհետեւ այս անգամ ավարտական քննություններն ընդունելու է գլխավոր ռազմական տեսչությունը։ Ինքնին պարզ է, որ տեսչության մասնագետները չեն բավարարվելու միայն զորամասի փոփոխական անձնակազմի՝ կուրսանտների, գիտելիքների ու հմտությունների մակարդակը որոշելով, այլ ստուգելու են նաեւ սովորեցնողների՝ սպաների եւ սերժանտական կազմի իմացությունները։ Իսկ բաղրամյանցիները, որ հատկապես վերջին տարիներին հաջողությամբ են կատարում իրենց առաջադրանքները եւ մարտական զորամասերն ապահովում են որակյալ մասնագետներով, շարունակում են հետեւողականորեն իրականացնել կիսամյակային ծրագիրը։ Միակ մտահոգությունն այն է, որ որոշ զորամասերից քիչ ուշացումով, այսինքն՝ զինվորական երդումից հետո են զինվորներին գործուղել այստեղ՝ մասնագիտանալու եւ նրանց հետ լրացուցիչ անհատական աշխատանք է տարվում՝ բացթողումը լրացնելու համար։

ԿՐԱԿԱԴԱՇՏՈՒՄ

Շաբաթվա բոլոր օրերին կրակադաշտում հրաձգության գործնական պարապմունքներ են ընթանում։ Այս անգամ հերթը փոխգնդապետ Վազգեն Վարդանյանի գումարտակինն էր։ Այստեղ էին նաեւ զորամասի հրամանատար գնդապետ Գեւորգ Ենոքյանը եւ ուսումնական գծով հրամանատարի տեղակալ գնդապետ Արամ Հովհաննիսյանը։
-Տղա ջան, մի՛ շտապի, լսի՛ր հրահանգը, զենքն այսպես պահիր, որ լավ նշան բռնես ու խոցես թիրախը…,- պառկած զինվորի կողքին ծնկած ցուցումներ էր տալիս գնդապետ Գ. Ենոքյանը։
Հրաձգության ղեկավարը կապիտան Պետրոս Կարապետյանն էր, իսկ ավագ ղեկավարը՝ փոխգնդապետ Վ. Վարդանյանը։ Նրանք մեծ ուշադրություն են դարձնում անվտանգության կանոնների պահպանմանը, հրաձգության ճիշտ կատարմանը։ Գումարտակի հրամանատարը բոլոր հրաձգություն կատարողների հետ անցնում է ամբողջ տարածությունը, աչալուրջ հսկողության տակ է պահում վարժության կատարման ընթացքն ու հետ գալիս։ Ասենք, որ երկրորդ ստուգողական վարժությունը կատարելու համար յուրաքանչյուրին տրվում է 25 փամփուշտ։ Հրաձգությունը կատարվում է ինչպես պառկած դիրքից եւ ընթացքից, այնպես էլ կանգնած եւ ծնկած դրությունից։ Հաղթահարվում է ինքնաձիգից հրաձգության չորս բնագիծ, խոցվում է վեց թիրախ, ներառյալ նռնակի համար նախատեսվածը։
Կապիտան Կարեն Մկրտչյանն իր հրամանատարությամբ գործող դասակի յուրաքանչյուր ջոկի համար առանձին հրահանգավորում էր կատարում. պարզաբանում, պատվիրում, խրախուսում եւ մարտական կետից հանձնելով զինամթերք՝ առաջնորդում էր կրակային բնագիծ, որտեղ տղաները կրկին համապատասխան հրահանգավորում են ստանում։
Հրաձգություն կատարող ջոկից ամենալավ՝ «գերազանց» գնահատականը ստացել էր սերժանտ Սուրեն Խաչիկյանը, որին քիչ էին զիջում Հրայր Հովհաննիսյանը, Արգիշտի Թորոսյանը, Արտաշ Հովհաննիսյանը, Գառնիկ Բազարչյանը, Կարապետ Կարապետյանը։
♦♦♦
Վարժությունը լավ կատարեցին նաեւ Տարոն Ղազարյանը եւ Արթուր Մարգարյանը։
-Ես գիտեմ, որ եթե այստեղ լավ սովորեմ, մարտական զորամասում ամեն ինչ ավելի հեշտ կլինի,- ասաց կուրսանտ Տարոն Ղազարյանը։
-Ես էլ միշտ սիրել եմ զենքը, դրա համար էլ հրաձգությունից լավ արդյունքներ եմ գրանցում,- ավելացրեց կուրսանտ Արթուր Մարգարյանը։
Դասակի հրամանատարը գոհ էր նաեւ կուրսանտ Լեւոն Մանուկյանի ցույց տված արդյունքներից։ Լեւոնը Արարատի մարզի Ազատավան գյուղից է, Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ։
-Բանակում ծառայելը, զինվորական մասնագիտություն սովորելը համալսարանական կրթությունից պակաս կարեւոր չէ,- իր կարծիքն ասաց Լեւոնը։
Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Վ. Վարդանյանը կուրսանտ Համլետ Ավետիսյանին հուշում էր, թե ինչպես կատարի հրաձգությունը պառկած դիրքից։ Քիչ անց, երբ կուրսանտը հաջողությամբ ավարտեց վարժությունը եւ վերադարձավ, դասակի հրամանատար կապիտան Կ. Մկրտչյանը, ներկայացնելով նրան, ասաց.
-Բանակ է եկել եղբոր հետ, երկուսն էլ աչքի են ընկնում կարգապահությամբ եւ սովորելու մեծ ցանկությամբ։
-Ես ու եղբայրս՝ Վիլիկը, ծառայում ենք տարբեր վաշտերում,- ասաց Համլետը։ -Մենք մեր ընտանիքի հետ Սանկտ Պետերբուրգում էինք բնակվում։ Քոլեջում մեկ տարի սովորելուց հետո այս աշնանը վերադարձանք, որպեսզի կատարենք մեր զինվորական պարտքը հայրենիքի հանդեպ։ Զորացրվելուց հետո էլի հետ ենք գնալու։
Երբ դասակն ամբողջությամբ կատարեց առաջադրանքը, կապիտան Պ. Կարապետյանը ամփոփեց արդյունքները.
-Ընդհանուր առմամբ՝ կուրսանտները բավական հաջող են կատարել երկրորդ ստուգողական վարժությունը, հիմնականում «բավարար» եւ «լավ» գնահատականներ են, մինչ ուսումնական փուլի ավարտը դեռ մեկ ամիս էլ կա, եւ այդ ընթացքում նրանք կհասցնեն կատարելագործել իրենց հմտությունները։

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Փոխգնդապետ Վազգեն Վարդանյանը ծնվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, զինվորականի ընտանիքում։ Նրա հայրը՝ Բախշիկ Վարդանյանը, երկար ժամանակ Ապարանի զինկոմի տեղակալն էր, այժմ պահեստազորում է, իսկ մայրը՝ Էլիտա Պետրոսյանը, ուսուցչուհի է։ Ընտանիքի երեխաները գնացել են ծնողների հետքերով։ Վազգենի կրտսեր եղբայրը՝ Վարդան Վարդանյանը, Արթիկի զինկոմի տեղակալն է, իսկ քույրը՝ Վարդուհի Վարդանյանը, աշխատում է գյուղի Ավետիք Իսահակյանի անվան դպրոցում։
Վազգենը, ավարտելով դպրոցը, ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2003թ. տեղափոխվել է համազորային ուսումնական զորամաս եւ նշանակվել դասակի հրամանատար։ Այնուհետեւ զբաղեցրել է վաշտի հրամանատարի եւ գումարտակի շտաբի պետի պաշտոնները։ 2006-ից գումարտակի հրամանատար է։ Նրա հրամանատարությամբ գումարտակը չորս անգամ լավագույնն է ճանաչվել զորամասի կազմում։
Խոսելով իր ղեկավարած ստորաբաժանման առջեւ դրված խնդիրներից՝ փոխգնդապետը ասաց.
-Մենք մարտական զորամասերի համար կրթում ենք ՀՄՄ-1-ի հրամանատարներ, նշանառուներ եւ մեխանիկ-վարորդներ։ Գաղտնիք չէ, որ ուսման հաջողությունը մեծ մասամբ պայմանավորված է որակյալ սպայակազմի աշխատանքով։ Վստահորեն կարող եմ ասել՝ ունենք մի շարք փորձառու սպաներ, որոնք սիրում են իրենց գործը եւ նվիրումով կատարում։ Ես էլ իմ հերթին որպես հրամանատար, ամեն ինչ անում եմ, որպեսզի աշխատանքի մեջ նրանց խանգարող ոչ մի հանգամանք չլինի, եւ որ կուրսանտների համար լինեն համահավասար պայմաններ։ Ամեն օր, ամեն ժամ սպայակազմին հիշեցնում ենք, որ կուրսանտների հետ հարաբերությունները պետք է զարգանան հոգատարության, փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա։ Անհատական աշխատանք պետք է տարվի բոլոր այն կուրսանտների հետ, որոնք դժվարանում կամ թերանում են այս կամ այն հարցում։ Ասեմ, որ հատուկ պարապմունքներ ենք անցկացնում նաեւ գումարտակ եկած երիտասարդ սպաների հետ՝ նրանց համար պարզաբանելով ուսումնական զորամասի ծառայական առանձնահատկությունները։ Այժմ գտնվում ենք ուսումնական գործընթացի ավարտական փուլում։ Մեխանիկ-վարորդներն արդեն ցույց են տալիս գոհացուցիչ արդյունքներ, նշանառուների առաջադիմությունից նույնպես գոհ ենք։ Վերջին ստուգարքի ժամանակ գերակշռում էին «լավ» եւ «գերազանց» գնահատականները։ ՀՄՄ-ի հրամանատարների հետ աշխատանքը շարունակական է։ Նրանք միշտ պետք է կատարելագործեն իրենց հմտությունները, որ անհրաժեշտության դեպքում ինքնուրույն գնահատեն իրավիճակը եւ համապատասխան որոշումներ ընդունեն։ Համազորային մյուս առարկաներից (կրակային, մարտավարամասնագիտական, շարային, ֆիզպատրաստության) մի քիչ հետ են մնում զորամասերից գործուղվածները։
Որպես հրամանատար ուզում եմ նշել մայոր Թորգոմ Եղիազարյանի, կապիտան Պետրոս Կարապետյանի, Վահագն Սարգսյանի, ավագ սերժանտ Գագիկ Աբրահամյանի, սերժանտ Վարդան Մանուկյանի բարեխիղճ ծառայությունը։ Նրանց ղեկավարած ստորաբաժանումներն առանձնանում են բարձր արդյունքներով։

ՆՈՐ ՀՐԱՁԳԱՐԱՆԸ

Զորամասն անընդհատ կատարելագործում է ուսումնական բազան։ Գործող հրաձգարանի կողքին շուտով շահագործման կհանձնվի նորը, մնում է միայն տեղադրել թիրախները։ Իսկ ուսումնական կետերն արդեն իսկ լիարժեքորեն օգտագործվում են։ Դաշտային դասարանը նույնպես գործնական կիրառություն ունի, իսկ կրակային եւ հետախուզության դիրքերը հարմար ու ապահով են անվտանգ հրաձգության եւ դիտարկման համար։
-Նոր հրաձգարանի կառուցումով մեր հնարավորությունները կրկնապատկվում են, քանի որ միանգամից երկու գումարտակ կարող է գործնական պարապմունք անցկացնել։ Այստեղ հնարավոր է դառնում նաեւ տարբեր զենքերից բարձր մակարդակի մրցումների կազմակերպումը,- ասաց հրաձգարանի պետ ենթասպա Գրիգոր Մարտիրոսյանը։
♦♦♦
Ուսումնական կետերից մեկում սերժանտ Սուրեն Խաչիկյանի ջոկի կուրսանտները հրաձգությունից հետո շարունակում էին պարապել։
-Ջոկի կուրսանտները ՀՄՄ-1-ի հրամանատարներ են դառնալու։ Տղաները համերաշխ են, իրար օգնում են թե՛ ուսման մեջ եւ թե՛ կենցաղում։ Ուզում եմ հատուկ նշել ազգությամբ եզդի Ռոման Հասոյանի բարեխիղճ ծառայությունը, քանի որ նա միշտ բարձր գնահատականներ է ստանում։
♦♦♦
Կապիտան Խաչիկ Աբրահամյանի դասակի պարապմունքը ղեկավարում էր ջոկի հրամանատար սերժանտ Կարեն Մկրտչյանը։
-Դասակը երկրորդ ստուգողականը լավ կատարեց, ավելի լավ, քան նախորդ անգամ, այժմ լրացուցիչ պարապմունք ենք անցկացնում, մինչեւ գումարտակն ավարտի հրաձգությունը,- ասաց նա։
Կուրսանտներ Գեւորգ Քամալյանը, Ռոբերտ Նալջյանը, Գոռ Գասպարյանը, Սարգիս Ասատրյանը եւ Գեւորգ Դավթյանը վստահեցրին, որ ծառայությունը շատ լավ է անցնում, եւ իրենք ամեն ինչ անում են, որ մեկ ամսից լիովին պատրաստ լինեն հանձնելու ավարտական քննությունները։
♦♦♦
Նռնակի նետման ուսումնական կետում, դարձյալ հրաձգությունը կատարելուց հետո, պարապում, նռնակի նետման տեխնիկան էին կատարելագործում կապիտան Տիգրան Մելքոնյանի դասակի կուրսանտները։
-Մենք լավ ենք կրակել, բայց ոչ բոլորն են հաջողությամբ կատարում նռնակի նետման վարժությունը,- ասաց ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Մարտին Կարապետյանը։ Իսկ բարձր արդյունքներ ցույց տվողներից առանձնացրեց արտաշատցի Գագիկ Վիրաբյանին, վարդենիսցի Գրիգոր Մինասյանին, արթիկցի Գեղամ Պետրոսյանին, երեւանցի Եղիշե Ջավաթյանին, արարատցի Կորյուն Կարապետյանին։
Հետո զրույցի ընթացքում պարզվեց, որ Գրիգոր Մինասյանը ծնողների հետ շուրջ տասնհինգ տարի ապրել է Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում։ Մասնագիտությամբ տպագրիչ է։ Նրա ծնողներն այժմ էլ այնտեղ են ապրում։ Ինքը եկել է Հայաստան՝ բանակում ծառայելու համար, իրենից առաջ մեծ եղբայրն է եկել զինվորական պարտքը կատարել ու հետ վերադարձել։ Նույն նպատակով էլ Եղիշե Ջավաթյանն է Ղրղըզստանից հայրենիք վերադարձել։
-Այնտեղ ըմբշամարտով էի զբաղվում, դարձել եմ այդ երկրի չեմպիոն, կարող էի այնտեղ էլ ծառայել, բայց ընտանիքով խորհրդակցեցինք ու որոշեցինք, որ ճիշտը մեր բանակում ծառայելն է,- ասաց Եղիշեն։
♦♦♦
Արտաշատցի Կորյուն Կարապետյանը չորս քույր եւ չորս եղբայր ունի։ Երեխաներից մեծն ինքն է։ Իրենից հետո դեռ չորս եղբայրներն էլ պիտի բանակ գնան։
-Սովորական գյուղացու ընտանիք է մեր ընտանիքը։ Հայրս պատահական աշխատանքներ է անում, մայրս հազիվ տան գործերն է հասցնում։ Մեր ունեցած հողը քիչ է, դրանով ընտանիք պահել չի լինի։ Ես էլ դպրոցից հետո մինչ զորակոչվելս աշխատում էի շինարարությունում եւ օգնում ծնողներիս։ Ծառայությունս շատ լավ է անցնում, գոհ եմ,- ասաց Կորյունը։

ՆՇԱՆԱՌՈՒ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ

ՀՄՄ-1-ի նշանառուները մասնագիտական պարապմունք էին անցնում զորամասի հավաքակայանի տարածքում։ Վաշտի հրամանատարը մայոր Թորգոմ Եղիազարյանն է։ Նա թալինցի է: Ծնվել է Ցամաքասար գյուղում, մեծացել է Մեծամորում։ Թորգոմն ավարտել է «Տիգրան Մեծ» վարժարանը եւ ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2003-ից ծառայում է այս զորամասում։
-Զրահամեքենայից կրակելու ծրագիրն ամբողջությամբ կատարվում է։ Շաբաթական երկու անգամ՝ ցերեկային եւ գիշերային պայմաններում կուրսանտները կրակում են, կատարելագործում հմտությունները։ Վստահեցնում եմ, որ չունենք այնպիսի կուրսանտ, որի կատարած հրաձգությունը գնահատվի անբավարար, կան շատ տղաներ՝ Գեւորգ Խաչատրյան, Տելեմակ Վանյան, Վահե Պապոյան եւ ուրիշներ, որոնք վերջին շրջանում մշտապես «գերազանց» են ստանում,- ասաց մայոր Եղիազարյանը։
«ՀՄՄ-1-ի մարտավարատեխնիկական բնութագիրը, նշանառման սարքավորումները եւ զուգակցված գնդացիրը մարտի նախապատրաստելը» թեմատիկ պարապմունքը անցկացնում էր սահմանային զորամասից վերջերս այստեղ տեղափոխված կապիտան Պետրոս Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ կուրսանտներ Հարություն Աղաբեկյանը, Գեւորգ Մակարյանը, Արսեն Ասծատրյանը գործնական պարապմունքի ժամանակ գործում են ինքնուրույն, այսինքն՝ որոշում են թիրախի հեռավորությունը, դիտասարքով նշանադրություն են կատարում եւ կրակում։
-Կրակել եմ ե՛ւ գնդացրով, ե՛ւ հրանոթով։ Հաջորդ շաբաթվա մեջ դարձյալ հրանոթով եմ կրակելու,- ասաց Վահե Պապոյանը։
-Մեկ-երկու կրակոցից հետո ձեռք են բերում վստահություն եւ սկսում են լավ կրակել, խոցել թիրախները,- ավելացրեց ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Վազգեն Միրզոյանը։

ՀԱՆ-17-Ի ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ

Զորամասի ուսումնական տեղամասերից մեկում էլ գործնական պարապմունքի էր դուրս եկել վաշտերից մեկը՝ հրամանատար կապիտան Արթուր Կյուրեղյանի ղեկավարությամբ։
Առաջին ուսումնական կետում ավտոմատ նռնականետը (ՀԱՆ-14) երթայինից բերվում էր մարտական դիրքի, երկրորդ կետում փորձում էին զենքի ոչ լրիվ քանդումը եւ հավաքումը, իսկ երրորդում ուսումնասիրվում էր զենքի մարտավարատեխնիկական բնութագիրը։ Առաջին կետում պարապմունքը ղեկավարում էր կուրսանտ Գարեգին Սարգսյանը, նռնականետորդը Սուրեն Ալեքսանյանն էր, իսկ նրա օգնականը՝ Արմեն Խաչատրյանը։
Երթայինից մարտական վիճակի բերման նորմատիվային լավագույն ժամանակը մեկ րոպե տասը վայրկյան է։ Կուրսանտ Սուրեն Ալեքսանյանի արագության եւ վարպետության շնորհիվ տղաներն առաջադրանքը կատարեցին մեկ րոպեում եւ զեկուցեցին, որ պատրաստ են կատարելու հաջորդ հրամանները։
Ուսումնական երկրորդ կետում պարապմունքի ղեկավարը սերժանտ Նորայր Երզնկյանն էր, ռուս-հայկական սլավոնական համալսարանի շրջանավարտը։ Կուրսանտ Ռաֆայել Մովսիսյանը եւ մյուսներն ապացուցեցին, որ իրենք այդ առաջադրանք շատ լավ են կատարում։
Ուսումնական երրորդ կետում, որտեղ կապիտան Արտյոմ Ղազարյանի դասակի կուրսանտներն էին, պարապմունքը ղեկավարում էր կուրսանտ Աշոտ Ահարոնյանը։ Վերջինս զորակոչվել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսից։ Նրա հարցերին սպառիչ պատասխաններ տվեցին կուրսանտներ Հովհաննես Խաչիկի Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գեղամի Հովհաննիսյանը։ Տղաների անուն-ազգանունների նույնությունը պարզապես զուգադիպություն է։ Նրանցից առաջինն ասաց, որ սովորում է դատական փորձագիտական ինստիտուտում, իսկ երկրորդը՝ ՀՊՃՀ-ի ռադիոտեխնիկայի եւ կապի ֆակուլտետում։
Վաշտի հրամանատար կապիտան Արթուր Կյուրեղյանը զորամասի երիտասարդ ու հեռանկարային սպաներից է։ Նա ծնվել է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը, Արթուրն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո, դասակի հրամանատար է նշանակվել։ Նրա հրամանատարությամբ 2010թ. վաշտը զորամասի կազմում ճանաչվել է լավագույնը։ Ինստիտուտում սովորելու տարիներին Արթուր Կյուրեղյանը մասնակցել է «Լավագույն ջանք-2003» զորավարժությանը եւ հաղթել 3 կմ կրոսավազքում։ Նա պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով եւ թանկարժեք նվերով։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ