Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐ



Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության օրը, մեծ շուքով նշվեց մեր հանրապետությունում։ Բակերում, այգիներում, ամենուր հաղթանակի երգերն էին հնչում։ Ի՞նչ ապրումներով, ի՞նչ զգացողություններով դիմավորեցին մեր քաղաքացիները Մայիսի 9-ը։ Ոմանք առօրյա հոգսերի մեջ մոռացել էին տոնի մասին, ոմանք էլ հակառակը՝ լավ էլ տեղը տեղին նշել էին։ Մի ծեր վետերան նկատեց, որ լավ կլիներ, որ իրենց միայն տոնից տոն չհիշեին, մի ազատամարտիկ էլ բացատրեց, որ խաղաղությունը միայն տարածքները խաղաղ լինելով չի սահմանափակվում, մարդկանց սրտերում, հոգիներում ևս պետք է խաղաղություն տիրի…

Մեր պապերն ու ծնողները Հայրենական մեծ պատերազմի դառնությունն են ճաշակել, մեր սերունդն էլ Արցախյան պատերազմի վիշտն ու ցավը ճաշակեց։ Հայի ամեն մի սերունդ իր պատերազմն ունի։

Մի քանի օր առաջ աղջիկս ինձ հարցրեց. «Պա՛պ, ի՞նչ է նշանակում պատերազմ»։ Չեմ էլ հիշում, թե ինչ պատասխանեցի։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ շատ եմ ուզում, որ մեր երեխաները պատերազմի մասին պատկերացում կազմեն միայն ֆիլմերով ու գրքերով։

ԳԵՎՈՐԳ ՏՈՆՈՅԱՆ

Վերջերս ինտերնետում նկարներ էի նայում «Պատերազմի դեմքը. Երկրորդ համաշխարհայինից մինչև մեր օրերը» թեմայով։ Ծանր էին տպավորություններս, մռայլ։ Վերջին տասնամյակում մարդկությունն այսքան նոր տեխնոլոգիական հայտնագործություններ է կատարել, բայց, ցավոք, մարդու մեջ գազանը, զավթիչը, մարդասպանը, թալանչին ապրում է դեռ… Ուրեմն, ոչինչ չի փոխվել աշխարհում, սա է ցավը, սա է մարդկության ողբերգությունը։ Մնում է, որ մենք էլ մեր կողմից չավելացնենք աշխարհի չարիքը և խաղաղության մեջ ապրենք մեզ բաժին հասած կյանքը։

ՆԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ի՞նչ է խաղաղությունը… Հիմա այս այգում նստել ենք, երեխաների անհոգ խաղն ենք նայում, նրանց զրնգուն ծիծաղն ենք լսում։ Խաղաղությունը հենց այս փոքրիկն է, տեսեք, որ վազեց գնդակի հետևից, իսկ մայրը, նայե՛ք` ինչ ժպտուն հայացքով է հետևում զավակին։ Գիտեք, հուզվեցի։ Ակամա մայրս եկավ աչքիս առաջ։ Տարիներ առաջ նա էլ նույն ջերմությամբ ու ժպիտով հետևել է եղբորս խաղին, երազել ու ապագայի գեղեցիկ պլաններ հյուսել։ Սակայն Արցախյան պատերազմը խլեց մորիցս որդուն… Իսկ հաղթանա՞կը… Հաղթանակը թանկ գնով նվաճվեց, շա~տ թանկ։

ԼԻԱՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Պատերազմի մահասարսուռ ձայնը լսվում է երկրագնդի տարբեր կետերում։ Լուրերի տեղատարափի մեջ այնքան հաճախակի ենք լսում պատերազմ, կռիվ, բախումներ… Խաղաղությունը օդ ու ջրի պես է պետք մեր մոլորակին, մեզ բոլորիս, որ վայելենք ի վերուստ մեզ տրված երկնային պարգևը՝ ազատ և խաղաղ ապրելու երջանկությունը։

ԱՐՈՒՍՅԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Պատերազմ ասելիս հիշում եմ մորս ամենօրյա աղոթքները. «Վիրավոր, թե առողջ միայն եղբայրներս հետ գան, միայն թե գան»։ Մորս երեք եղբայրներից երկուսը զոհվեցին Մեծ հայրենականի ժամանակ։

Արցախյան պատերազմի ժամանակ էլ վիշտը մտավ ամեն հայի տուն։ Քրոջս որդին՝ Մխիթարը, զոհվեց, զոհվեց իմ որդին՝ Զաքարը… Խաղաղությանը շատ ծանր գնով հասանք։ Ուզում եմ, որ հայրենիքին իրենց կյանքը նվիրած տղաների հիշատակը մոռացության չմատնվի…

ԿԱՐԻՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հայրս կռվել է Մեծ հայրենականում։ Թամանյան դիվիզիայում։

Ատում եմ պատերազմը, քանի որ այն ողբ ու որբություն է բերում։ Ատում եմ մանավանդ, երբ հիշում եմ հայրիկիս պատմածները։

Ատում եմ պատերազմը, որովհետև Արցախյան պատերազմի ժամանակ էլ իմ աշակերտներից շատերը զոհվեցին։ Ի՜նչ հրաշալի, պայծառ ու երազող տղաներ էին։

Ես ուսուցչուհի եմ և աշակերտներիս մշտապես մի պատգամ եմ տալիս՝ չլքել հայրենիքը, տերն ու զինվորը լինել մեր քաջ տղաների արյամբ է՛լ ավելի սրբացած այս հողի։

ԶՈՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պատերազմը խլեց ինձնից հորս։ Ես ընդամենը մի քանի ամսական էի, որ հայրս մեկնեց ռազմաճակատ։ Վերջին նամակը Կերչից եկավ, և այլևս ո՛չ մի տեղեկություն, ո՛չ մի լուր։

1990-ականների Արցախյան պատերազմի ժամանակ էլ հայ ժողովուրդը շատ կորուստներ ունեցավ։ Այդ ժամանակ էլ շատ երեխաներ ինձ նման անհայր մեծացան։ Բոլոր պատերազմներն էլ նման են իրար…

ՍԵԴԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Թեև հիմա հրադադար է հաստատվել, բայց հայ-ադրբեջանական սահմանագծում էլի միջադեպեր են գրանցվում, զինվորներ են զոհվում և վիրավորվում։ Այսինքն՝ պատերազմը դեռ շարունակվում է։

Խաղաղ ապրել ուզում է այս աշխարհում յուրաքանչյուր մարդ։ Իսկ խաղաղ ապրելու համար մեզ հզոր ու մարտունակ բանակ է պետք։ Մենք պետք է գիտակցենք և հասկանանք, որ ուրիշ ոչ մի պետություն մեզ չի պաշտպանելու։ Մեր հողն ու ջուրը մենք պետք է ազգովի պաշտպանենք, ազգովի էլ զենքին տիրապետենք։ Իսկ ինչու ոչ, դեմ չեմ՝ թող կանայք էլ զինվորագրվեն։

ՄԱՐՏԻՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Հոգևոր-մշակութային


15/05/2014