Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ



Այսօր մեր զինծառայողների ծնողներին, հարազատներին և առհասարակ հասարակությանը հետաքրքրում են բազմաբնույթ հարցեր: Այն է` ինչպիսի՞ զորամասում է ծառայում իրենց որդին, ինչպե՞ս են սնվում, ինչպիսի՞ կարգապահական դրվածք կա զորամասի ներսում, ինչպե՞ս է կազմակերպվում զորամասի ժամանցն ու հանգիստը, ի՞նչ հաջողությունների է հասել տվյալ զորամասը մարտական պատրաստության գործում, ո՞վ է զորամասի հրամանատարը: Այս հարցերի լավագույն պատասխանը տալիս է արդեն ավանդույթ դարձած պաշտպանության նախարարության զորամասերում անցկացվող «Պատիվ ունեմ ներկայանալու» միջոցառումը:

Զորամասը կրկին մարդաշատ էր: Զինծառայողների ծնողներն ու հարազատները, շրջակա համայնքի ղեկավարները, կրթական հաստատության ներկայացուցիչներն ու սաները, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հրավիրվել էին զորամաս՝ մասնակցելու հրամանատար, փոխգնդապետ Սամվել Մինասյանի «Պատիվ ունեմ ներկայանալու» միջոցառմանը: Հրամանատարը ներկայացրեց իր կենսագրությունն ու անցած մարտական ուղին, իր հրամանատարությամբ գործող գնդի առօրյան, կենցաղը, մարտական խնդիրներն ու առաջադրանքները: Գնդում ամուր հիմքերի վրա է ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Զորամասը սերտորեն համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, Հայրենական մեծ և Արցախյան պատերազմի վետերանների, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների հետ:

-Այստեղ բոլորն են հայրենասեր, քանզի սահմանապահ են: Հողի մշակը մի քանի վայրկյանում կարող է դառնալ զինվոր, իսկ յուրաքանչյուր զինվոր կանգնած է սահմանին գյուղացու խաղաղ աշխատանքը պաշտպանելու համար,- իր խոսքում նշեց հրամանատարը:

Միջոցառմանը ողջույնի խոսք ասացին համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Վերջինս նաև հրամանատարին պարգևատրեց արժեքավոր նվերով: Ելույթ ունեցավ նաև Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանը, որը կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով և պատվոգրով պարգևատրեց ծառայության մեջ լավագույնս դրսևորած սպաներին ու զինվորներին:

Հանդիսավոր միջոցառումից հետո ներկաները ծանոթացան զինծառայողների մարտական պատրաստվածությանը, կենցաղին, նաև շրջեցին զորամասում, համտեսեցին զինվորական սնունդը: Ծնողներին և հարազատներին հնարավորություն ընձեռվեց շփվելու իրենց զավակների հետ:

Նմանօրինակ միջոցառումների նպատակն է սերտացնելու բանակ-հասարակություն կապը, ամրապնդելու զինծառայողների հարազատների և հասարակական կազմակերպությունների հետ փոխհամագործակցությունը, նպաստելու հասարակության գիտակցության մեջ հայոց հաղթանակած բանակի հրամանատարների դրական կերպարի ձևավորմանը, զորամասի բարոյահոգեբանական վիճակին անմիջական գործուն մասնակցություն բերելու` թեթևացնելով զինծառայողների և ծնողների միջև առաջացած կարոտը, ինչպես նաև նպաստելու զորամասում բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը:

ԱՆՆԱ ԳՐԻԳ

Խորագիր՝ #16 (1034) 1.05.2014 – 7.05.2014, Բանակ և հասարակություն


30/04/2014