Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԿԻՐԸ ՊԻՏԻ ԿԱՌՈՒՑՎԻ ՍԻՐՈ ՎՐԱ
ԵՐԿԻՐԸ ՊԻՏԻ ԿԱՌՈՒՑՎԻ ՍԻՐՈ ՎՐԱ

…Նրանք, ովքեր իրենց կյանքով փրկագնեցին սեփական հայրենիքում, սեփական ազատ, անկախ երկրում արժանապատիվ ապրելու մեր իրավունքը, զոհվելուց հետո մնացին մեր կողքին՝ մեզ դարձրին իրենց սխրանքի, զոհողության, հիշատակի պարտապանը։ Նրանք չէին կարող հեռանալ, նրանք չէին կարող կիսատ թողնել իրենց գործը, չէին կարող մնալ կեսճանապարհին ու չկառուցել իրենց երազած Հայաստանը։ Ու վերածնվեցին ապրողներիս մեջ՝ ում համար թանկ էին, ովքեր չէին կարող հաշտվել անպարագրելի կորստի հետ։ Ու նրանց չգոյությունը հերքելով՝ շարունակեցին ապրել նրանց ընդհատված կյանքը։ «Կարոտի կանչ» հասարակական-բարեգործական կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանի որդին՝ Սերոբ Հանեյանը, հերոսաբար զոհվեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս, երբ ընդամենը 19 տարեկան էր։ Նա չկա ֆիզիկապես, բայց նրա հիշատակը մի բաց դուռ է, մի հյուրընկալ շեմ բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն բարի խոսքի, ջերմության, սիրո ու աջակցության։

-Տիկին Անահիտ, ի՞նչ է խորհրդանշում Ձեր ղեկավարած կազմակերպության «Կարոտի կանչ» անունը։
-Արցախյան պատերազմն անողոքաբար ընտրեց ու տարավ ազգի լավագույնը, ազգի սերուցքը։ Մի օր մենք արթնացանք ու սկսեցինք ապրել առանց նրանց, ովքեր մեր ազատության, մեր խաղաղ ու ապահով կյանքի, մեր հայրենիքի անկախության համար չխնայեցին իրենց կյանքը։ Նրանց պակասը մենք կզգանք մշտապես, նրանց կարոտը կմնա անանց ու անամոք։ Եվ այդ կարոտի կանչը մեզ կստիպի արժանի լինել նրանց հիշատակին՝ ապրել այնպես, ինչպես հրամայում է նրանց խիզախ հոգին։ Այդ կարոտի կանչը մեզ ուժ կտա, մեր հոգին կլցնի խիզախությամբ ու կամքով, լավատեսությամբ ու հավատով։ Քանի՜ հայ ընտանիք է այսօր ապրում այդ կանչին ականջալուր… Քանի՜ հայ մարդ է ապրում իր զոհված հարազատի հիշատակով… Ես նրանցից մեկն եմ։
…Որդիս սիրում էր Հայաստանը։ Այնքան էր սիրում, որ կյանքը նվիրաբերեց հայրենիքին։ Ու ես պարտավոր եմ որդուս հայրենիքին նվիրվել անմնացորդ։ Որդիս սիրում էր իր ժողովրդին։ Նա 19 տարեկան էր, բայց մեկնեց ճակատ ու հերոսաբար զոհվեց, որ արցախցին հայրենիք ունենա։ Ինչպես կարող եմ ես չսիրել Արցախն ու արցախցուն։ Տղաս կամավոր զինվորագրվեց նորակազմ ազգային բանակին։ Նա ապրում էր մեր բանակով, բանակի ուժով, բանակի հաղթանակներով։ Ազգային բանակը որդուս բանակն է, ու ես չեմ կարող անտարբեր լինել բանակի հոգսերի ու զինվորի ճակատագրի հանդեպ։ Տղաս երազում էր իր հայրենիքը՝ հզոր, հարազատ ժողովրդին պաշտպանված ու անհոգ տեսնել, ու ես քանի կամ, պիտի ջանք չխնայեմ, որ որդուս երազանքը իրականանա…
-Ուզում եմ մեկ անգամ եւս հիշենք ազգային բանակի զինվոր Սերոբ Հանեյանի սխրանքը։
-Ես արտասահմանում էի։ Մի օր էլ զանգեց, թե՝ աչքդ լույս, զինվոր եմ դարձել։ «Աչքդ լույս»՝ երբ 92 թիվն էր ու պատերազմի ամենածանր, ամենաթեժ շրջանը։ Անկեղծ ասած, չզարմացա։ Տղաս մանկուց էլ շատ խիզախ էր, համարձակ ու հայրենասեր, հոր հետ գնում էր ԴՕՍԱԱՖ ու կրակել էր սովորում, տակավին երեխա՝ անվրեպ նշանառու էր։ Պատմական գրքեր էր կարդում, մի օր էլ հուզված մոտեցավ ինձ (հավանաբար, Եղեռնի մասին նոր գիրք էր կարդացել) ու ասաց՝ գոնե մի թուրք սպանեմ, հետո… Չթողեցի շարունակեր, սարսուռ անցավ մարմնովս։
Պատահում էր՝ զանգում էր ճակատից։ Ասում էր՝ ես առաջին գծից շատ հեռու եմ, մարտերին չեմ մասնակցում, հետո ավելացնում էր՝ մոմ վառիր ինձ համար։ Հետո, երբ տղաս արդեն չկար, իմացա, որ միշտ ամենաթեժ կետերում է եղել, առաջնագծում։ …Մի օր հեռուստացույցի առջեւ նստած Վազգեն Սարգսյանին էի լսում։ Պաշտպանության նախարարը մեծ ոգեւորությամբ, հուզված պատմում էր, թե ինչպես են մեր զինվոր տղաները 12 հոգով դիմակայել ադրբեջանցիների՝ մինչեւ ատամները զինված հարյուրհոգանոց հրոսակախմբին։ Նահանջ հրամանը ստանալուց հետո էլ մնացել են դիրքերում ու շարունակել կրակը։ Նրանցից մեկը զոհվելուց առաջ հասցրել է ոչնչացնել թշնամու ծանր զրահատեխնիկան. երեք տանկ է խփել։ Վազգեն Սարգսյանը պատմում էր, իսկ ես լալիս էի ու մտածում, թե ինչ մայր է ծնել այդ հերոսին։ Ինչ իմանայի, որ նախարարը որդուս մասին է պատմում…
-Ե՞րբ է ստեղծվել «Կարոտի կանչ» հասարակական կազմակերպությունը եւ ի՞նչ նպատակով։
-Կազմակերպությունն ստեղծվել է 2000-ին եւ հետապնդել է մեկ նպատակ՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղվող պայքարում զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին։ Շփվելով նրանց հետ՝ ես հասկացա, որ այդ վշտահար, կոտրված մարդիկ առաջին հերթին սիրո, ջերմության, արդարության կարիք ունեն։ Եթե նրանց ցավն իմաստավորվի, եթե նրանց վիշտը ուղեկցվի հպարտությամբ, եթե նրանց զրկանքը փոխհատուցվի մեծարանքով ու երախտագիտությամբ, ապա նրանք ցավին դիմանալու զորություն կգտնեն իրենց մեջ, նրանք կդառնան մեր երկրի, մեր պետության հենարանը, իրենց հարազատի արյան գնով վաստակած խաղաղության պաշտպանը, իրենց սիրելիի կյանքով փրկագնված հայրենիքի ուժը։ «Կարոտի կանչ» կազմակերպությունը միավորեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հետագայում մեր գործունեության շրջանակն ընդլայնվեց, որովհետեւ պետական ատյանների ու կառավարության առջեւ բարձրացրած հարցերը վերաբերում էին զոհված ազատամարտիկների եւ հաշմանդամների հոգսերին առհասարակ։
Զոհված ազատամարտիկների ընտանիքները հզոր գաղափարական, ոգեղեն, հայրենասիրական ուժ են մեր պետության ու հասարակության համար, եթե կարողանանք բորբոքել նրանց հայրենասիրության ու նվիրումի խարույկը, եթե մեր անտարբերությամբ չստիպենք նրանց համալրելու դժգոհների ու մերժվածների բանակը։ Նրանք ամենամեծ գինն են վճարել մեր պետության ու ազգի անվտանգության համար ու պատրաստ են իրենց աշխատանքով, իրենց նվիրվածությամբ սատարելու երկրին։ Մեր կազմակերպությունը խնդիր ուներ աջակցելու, որ պաշտպանվեն զոհված ազատամարտիկների ընտանիքների՝ օրենքով սահմանված իրավունքները, որ նրանց խնդիրները ներկայացվեն համապատասխան ատյաններին, որ նրանք զգան պետության հոգատարությունը, արժանանան հարգանքի ու երախտագիտության։ Մենք երբեք էլ խոշոր ֆինանսական ծրագրեր չենք իրագործել, շեշտը դրել ենք բարոյական նեցուկ լինելու, մարդկանց ոգին, հպարտությունը, բարյացակամությունը խանդավառելու վրա։ Ես այն կարծիքին եմ, որ ամենամեծ գումարն անգամ չի կարող այնպես բարձրացնել մարդու ոգին, կենսունակությունը, նվիրվածությունը, որքան ինքնաբավ հպարտությունը, որքան իր զրկանքները իմաստավորելու հնարավորությունը, յուրայինների մեծարանքը, պետության երախտագիտությունը։
-Ես համոզված եմ, որ 2000-ից ի վեր ֆինանսական միջոցներ եք հայթայթել եւ օգնել եք բազմաթիվ կարիքավոր ընտանիքների, լուծել եք նրանց սոցիալական տարաբնույթ խնդիրները։ Պիտի խնդրեմ, որ պատմեք բարոյական շեշտադրում ունեցող ձեռնարկումների մասին։
-Զոհված ազատամարտիկի ընտանիքին ֆինանսական օգնությունն էլ պիտի տաս որպես պատիվ, որպես փառքի առհավատչյա։ Ամեն տարի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարը որոշակի գումար է տալիս զոհված ազատամարտիկների շրջանավարտ երեխաներին։ Գումարը հանձնվում է երախտիքի խոսքերով, նրանց հայրերի սխրանքը ոգեկոչելով, փոքրիկ, վեհաշունչ արարողությամբ։ 2010-ին մենք ունեինք յոթ շրջանավարտ, յոթն էլ բուհ ընդունվեցին, ընդ որում՝ երկուսը անվճար։
Զոհված, հաշմանդամ դարձած եւ սոցիալապես անապահով ազատամարտիկների երեխաների համար ամեն տարի կազմակերպվում է Ամանորի տոնակատարություն։ Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով կազմակերպվում են էքսկուրսիաներ Հայաստանի պատմական վայրեր։ Ամեն տարի Եռաբլուրում նշում ենք Մեծ Զատիկը, Վարդանանց տոնը եւ Սուրբ Խաչը, ինչպես նաեւ մեռելոցի արարողությունը։ Մեզ աջակցում է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը։ Անցած տարի Աստվածածին եկեղեցու բակում դրվեց հուշարձան զոհված ազատամարտիկների հիշատակին։ Ես նշեցի մի քանի միջոցառումներ, որոնք ունեն հայրենասիրության, ազգային ոգու զարթոնքի, անցյալի փառքը ապագային կապելու եւ հայապահպան մղումներով տոգորվելու մեծ ուժ ու լիցք։ Մենք սերտորեն համագործակցում ենք ինչպես համայնքապետարանի, այնպես էլ տարածքի զինկոմիսարիատի, պաշտպանության նախարարության հետ։ Մեզ աջակցում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցին։
Ցանկանում եմ առանձնացնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանավորությամբ իրականացված ուխտագնացությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Զոհված ազատամարտիկների ընտանիքները 3 օր մնացին Արցախում, տեսան այն ձեռքբերումները, որոնց գինը իրենց սիրելիների կյանքն էր։ Եղան իրենց հարազատների զոհված վայրերում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը մշտապես աջակցում է մեր ամենատարբեր ձեռնարկումներին։ 2010-ին Անկախության 19-ամյա հոբելյանը նշեցինք մեծ շուքով, այս անգամ մեզ աջակցեցին նաեւ տարածքի զինկոմ Ռոմիկ Մարգարյանը եւ 184 ավագ դպրոցի տնօրեն Աշոտ Հարությունյանը (ի դեպ, վերջինս նույնպես մեծ ակտիվությամբ մասնակցում է մեր միջոցառումներին)։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Անկախության տոնին նվիրված միջոցառումը լուսաբանվեց «Զինուժ» ծրագրով եւ «Հայ զինվոր» թերթով։ Երախտագիտությամբ պետք է նշեմ, որ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ գնդապետ Ս. Հարությունյանից ստացանք տարեմուտի արարողության տոնական տոմսեր՝ գեղեցիկ նվերներով, տոնական տոմսեր ստացանք նաեւ Տեր Կոմիտաս Հովնանյանից։ Ի դեպ, գնդապետ Սուրեն Հարությունյանը սրտացավորեն արձագանքում է մեր բոլոր հոգսերին եւ հնարավորինս աջակցում է մեզ։
-Ըստ օրենքի՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները եւ հաշմանդամ ազատամարտիկները կարող են անվճար բուժօգնություն ստանալ հանրապետության բուժհիմնարկներում, սակայն Ձեր ծրագրերը պարունակում են նաեւ առողջապահական խնդիրներ։
-Միշտ չէ, որ օրենքը կատարվում է բարեխղճորեն։ «Մալաթիա» բժշկական կենտրոնը, տնօրեն Կարեն Սահակյանի ղեկավարությամբ, մեծ սրտացավությամբ է վերաբերվում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին եւ հաշմանդամ ազատամարտիկներին։ Ցանկանում եմ առանձնացնել մի քանի անուններ՝ պրոֆեսոր Բարսեղյան, Արայիկ Ոսկանյան, Ցոլակ Կարսլյան… այս բժիշկները միշտ պատրաստ են անշահախնդիր օգնելու ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Մեր առողջապահական ծրագրերը խնդիր ունեն համակողմանի բուժօգնություն ապահովելու մեր շահառուներից յուրաքանչյուրի համար։ Օգտվելով այս զրույցի ընձեռած հնարավորությունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ Արայիկ Ոսկանյանին, որը երկրորդ անգամ փրկեց կյանքս՝ կատարելով բարդ վիրահատություն։ Երախտագիտությունս ու մայրական օրհնանքս նրան։
-Դուք այցելում եք նաեւ զորամասեր, զրուցում եք զինվորների հետ։ Ինչպիսի՞ն տեսաք բանակը, ի՞նչ թերություններ կային զորամասերում, ի՞նչ մտահոգություններ ունեին զինվորները։
-Անկեղծ ասած, մենք չենք գնում զորամասեր թերություններ փնտրելու։ Մենք գնում ենք լինելու զինվորի եւ սպայի կողքին, հավաստելու մեր սերն ու երախտագիտությունը։ Երկիրը պետք է կառուցվի սիրո վրա։ Մենք գնում ենք ներշնչվելու բանակի ուժով, համոզվելու, որ մեր երկիրը պաշտպանված է, որ զինվորը ինքնավստահ է, հզոր է, որ մեր սիրելիների թափած թանկ արյունը իզուր չի կորել։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ