Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԷԼ ԵՄ ԶԻՆՎՈՐ



1994 թվականի ապրիլի 9-ին սկսվեց Արցախյան պատերազմում պաշտպանության բանակի և կամավորական ջոկատների հարձակողական վերջին՝ Արեգասարի երկօրյա գործողությունը, որի ընթացքում հայկական ուժերը փայլուն զորաշարժով թշնամուց գրեթե լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան՝ Մատաղիս-Չայլու-Թալիշ հատվածը: Այդ արյունահեղ ռազմագործողությունների ժամանակ բազմաթիվ նվիրյալ հայորդիներ զոհաբերեցին իրենց կյանքը, որոնցից մեկն էր ազատամարտիկ Արման Զոհրաբյանը՝ ՑՈՒԼ մականվամբ: Նա զոհվեց Մատաղիսում՝ ցուցաբերելով հայ ռազմիկին վայել արիություն:

Ապրիլի 11-ը նշվում է որպես Մատաղիս գյուղի ազատագրման օր:

«Երիտասարդության կամք» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնած «Ես էլ եմ զինվոր» նշանաբանով հերթական ռազմահայրենասիրական միջոցառումների ծրագրին միացել էր նաեւ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը: Մասնակցում էին Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոցի նախազորակոչային տարիքի աշակերտները, Զինվորի պաշտպանության կոմիտեի նախագահ Գոհար Արմենակյանն ու Քանաքեռ-Զեյթուն համայնքի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական կազմակերպության փոխնախագահ Ալվարդ Նիկողոսյանը:

Ծրագրի մասնակից աշակերտներն ու երիտասարդները զորամասում չորս օր ապրեցին զինվորական առօրյայով: Իսկ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամ ազատամարտիկները մարտական հենակետերում զինվորի կողքին իրականացրին մարտական հերթապահություն: «Մենք միացել ենք երիտասարդներին և կանգնել ենք նրանց կողքին, որպեսզի փաստենք, որ Արցախյան պատերազմում հաղթանակած ազատամարտիկները պատրաստակամ են այսօրվա Հայրենիքի պաշտպանի հետ կողք կողքի ամուր պահելու հայրենի սահմանները»,- ասաց միության նախագահ Յուրի Միքայելյանը: Երիտասարդներն ու աշակերտները մեկ օր եղան մարտական հենակետերում, ծանոթացան զինվորի կենցաղին, մարտական հերթափոխի առանձնահատկություններին: Տեղում էլ խրախուսվեցին մարտական ծառայություն իրականացնող զինվորները:

Զորամասում կանգնեցված խաչքար-հուշակոթողի մոտ ծրագրի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Արման Զոհրաբյանի և Մատաղիսում զոհված ազատամարտիկների հիշատակին: Այնուհետև ստորաբաժանումների միջև անցկացվեցին Արման Զոհրաբյանի հիշատակին նվիրված բազկամարտի մրցումներ, ձգումներ պտտաձողի վրա, «Մտքի խաղ» ինտելեկտուալ մրցաշարը: Նախազորակոչային տարիքի աշակերտների համար ուսումնական գումարտակում անցկացվեցին զենքերի և զինատեսակների տեսական ու գործնական դասընթացներ, ինչն էլ ամփոփվեց տոնական միջոցառումով, որին մասնակցում էին Մատաղիսի դպրոցը, ազատամարտիկներ: Խրախուսվեցին ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինվորներն ու սպաները, մանկավարժները: Մրցանակներ և նվերներ հանձնվեցին հաղթանակած թիմերին ու անհատների: Պարգևատրվեցին նաև զինվորների միջև նախապես հայտարարաված «Եթե ոչ ես, ապա ով», ինչպես եւ դպրոցականների շրջանում հայտարարված «Ես եմ իմ երկրի ժառանգորդն ու տերը» թեմաներով շարադրության լավագույն երեք աշխատանքները: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, մայոր Զ. Խաչատրյանի ուղեկցությամբ երիտասարդներն ու աշակերտներն այցելեցին գյուղի մանկապարտեզ և դպրոց, նվերներ հանձնեցին դպրոցի 1-ին դասարանցիներին և նոր ուսումնական տարում 1-ին դասարան գնացող երեխաներին: «Երիտասարդության կամք» ԵՀԿ-ը երիտասարդ սպաների ընտանիքների մինչև մեկ տարեկան երեխաներին նվիրեց արծաթյա խաչեր:

Ծրագրի մասնակիցները եղան նաև Ստեփանակերտում և Շուշիում: Այցելեցին ԼՂՀ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թանգարաններ: «Երիտասարդության կամք» ԵՀԿ-ը մեկական համակարգիչ նվիրեց թանգարաններին:

Մատաղիսի ազատագրման 20-ամյակին նվիրված դեպի Արցախ ծրագրի մասնակիցներին ընդունեց ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նա կարևորեց նման նախաձեռնությունների դերը բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար: Իր հերթին «Երիտասարդության կամքի» նախագահ Աննա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բանակի հրամանատարին իրենց ծրագրերին մշտապես աջակցելու համար և նշեց, որ իրենց նպատակը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելն է: Հայրենիքի պաշտպանն իր կողքին տեսավ երեք սերունդ` Արցախյան պատերազմում հաղթանակած վետերաններ, անկախության սերունդ և ապագա զինվորներ, ինչը մեկ անգամ եւս փաստում է, որ այսօրվա երիտասարդությունը գնահատում է ավագ սերնդի արյան գնով ձեռք բերված խաղաղությունը, ամուր է կանգնած իր հողին և որպես ժառանգորդ պատրաստ է տեր կանգնելու իրենց հայրերի ձեռքբերումներին:

ԱՆՆԱ ԳՐԻԳ
Լուս.՝ ՄՈՒՇԵՂ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Բանակ և հասարակություն


23/04/2014