Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ



Մեծ պահքի հինգերորդ կիրակին ունի արարչության հինգերորդ օրվա ու այս կյանքի հինգերորդ դարի խորհուրդը եւ կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Այստեղ խորհրդավոր կերպով պատմվում է, որ Աստված՝ արդար Դատավորը, ամբողջ մարդկային բնության վրա միտքը որպես դատավոր հաստատեց՝ արդարությամբ դատելու Քրիստոսի օրինակով, սակայն այս դատավորը, լինելով անպատկառ եւ չունենալով Աստծու սուրբ երկյուղը, չէր տեսնում զրկվածի դատը: Այդ պատճառով մեր այրի հոգիները պաղատում են անմահ Փեսային՝ Աստծուն, Տիրոջ իրավունքն ուսուցանել այս դատավորին՝ արդար դատաստան տեսնելու մեր ոսոխի հանդեպ:

ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ
(Ղուկ. ԺԸ 1-7)

«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում»: Քաղաքը մարդն է, իսկ դատավորը՝ մարդու միտքը, որպեսզի միշտ քննի չարն ու բարին եւ չարից խուսափելով՝ ձգտի դեպի բարին, քանզի միտքն ազատ է եւ ծառա չէ:
Դատավորի գործն է լսել դատախազի խոսքը, քննել լսածը, փնտրել վկաներ, ապա վճիռ կայացնել: Սակայն մարդու միտքը, մանկությունից դաստիարակվելով չարի կողմից, առավել խնամք է տանում մարմնի, քան թե հոգու համար: Գործած մեղքերը հիմարացնում են միտքը, որի պատճառով սկսում է թյուրել դատաստանը, սրան ավելանում են նաեւ մեղսալից հաճույքները, որոնք կաշառքի նման փակում են նրա բերանը: Թեպետեւ միտքը գիտի Աստծու արդարության մասին, սակայն մարմնի նկատմամբ սերը նրան թույլ չի տալիս վախենալ Աստծուց եւ մարդկանցից ամաչել: Աստծուց չի վախենում նաեւ այն պատճառով, որ Աստված իրեն տեսանելի չէ, իսկ մարդկանցից չի ամաչում, որովհետեւ միտքը մարդկանց անտեսանելի է:
Երկյուղը մտքի սանձն է, որը հեռացնում է չարից, իսկ ամոթն առագաստ է, որով թաքնվում ենք մեղքից: Եթե սրանք չլինեն, ապա միտքը սանձարձակ կերպով կխաղա մեղքերի ոլորտում՝ զրկելով հոգուն եւ պարարտացնելով մարմինը:
«Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Մարդը կազմված է իմանալի հոգուց եւ գեղեցիկ մարմնից: Այստեղ այրին հոգին է, իսկ նրա ոսոխը՝ մարմինը՝ ըստ այս խոսքի. «Քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը» (Գաղատ. Ե 17): Հոգին մարմնի հետ միավորվելու պահից եւ՛ բազում բարիքներ է վայելում, եւ՛ բազում վտանգների ենթարկվում մարմնի կողմից: Այդ պատճառով Աստված միտքը իշխան ու դատավոր կանգնեցրեց հոգու եւ մարմնի վրա, որպեսզի անիրավությամբ միմյանց չզրկեն. ո՛չ հոգին՝ մարմնին եւ ո՛չ էլ մարմինը՝ հոգուն: Այստեղ հոգին այրի է կոչվում, որովհետեւ մեղքի պատճառով բաժանվել է երկնային Փեսայից՝ Հիսուսից:
Դարձյալ՝ միտքն այր է երկու կանանց միջեւ՝ հոգու եւ մարմնի: Երբ մեկի ցանկությունները կատարվում են, մյուսն այրի է մնում: Այրին գալիս է դատավորի մոտ, երբ հոգին, խղճից մղվելով, առարկում է մտքին՝ նրան հիշեցնելով գործած մեղքերն ու անիրավությունները: Մտքի դատելն այն պիտի լինի, որ մարմնին տա միայն նրա բնության կարողության չափով եւ մարմնի վրա չհեղի կրքերի վայրագ ցանկություններ, իսկ հոգուն տա պատշաճ առաքինություն, որով հոգին եւ՛ կենդանի կմնա, եւ՛ մահացու մեղքեր չի կրի:
«Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում դատը տեսնել»: Որովհետեւ միտքը, մարմնական հաճույքներից թմրած, ննջում էր եւ չէր կամենում զգաստանալ: Բայց քանի որ Արարիչը մարդու մեջ խիղճը դրել է որպես անաչառ եւ անդուլ կշտամբիչ, որպեսզի դրանով մարդուն միշտ անհանգստացնի, եւ մարդը, գործած մեղքերի հիշողություններից գիշեր-ցերեկ տանջվելով՝ եթե ոչ Աստծու փառքի համար կամ էլ գութից մղված, ապա գոնե խղճի խայթոցներից ազատվելու համար որոշի տեսնել հոգու դատը: Այսպես շատ մեղավորներ են ապաշխարում:
Դրանից հետո իր մտքում ասաց. «Թեեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա եւ ինձ չանհանգստացնի»: Սա այն դեպքում է լինում, երբ մարդը, խղճմտանքից տագնապահար, չդիմանալով նեղսրտությանն ու տրտմությանը, որոնք առաջանում են մեղքերը հիշելուց, դիմում է դեպի բարին: Լինում են եւ այնպիսիները, ովքեր հուսահատությունից անձնասպան են լինում՝ չդիմանալով խղճի խայթոցներին: Այսպես զորավոր է հոգու թախանձելը:
«Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի»: Այս առակը խրատում է, որ պետք է անձանձրույթ աղոթել Աստծուն: Քանզի եթե անիրավ դատավորը, որ ո՛չ Աստծուց էր երկնչում եւ ո՛չ էլ մարդկանցից ամաչում, այրու տեւապես հաճախելու եւ թախանձելու պատճառով նրա դատը տեսավ, որչափ եւս առավել Քրիստոս՝ Արդարության Արեգակը եւ Դատավորը, պիտի լսի նրանց աղաչանքներն ու պաղատանքները, ովքեր ամեն օր աղաչում եւ պաղատում են Իրեն:

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #12 (877) 30.03.2011 – 6.04.2011, Հոգևոր-մշակութային


07/04/2011