Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

20 ՏԱՐԻ ԱՆՑ…



1994թ. գարնանային մի օր Եռաբլուր պանթեոնում կառավարական բարձր մակարդակով, հերոսին վայել համազարկերի ներքո, հայոց սուրբ հողն իր գիրկն առավ Գագիկ Ստեփանյանին, որին բոլորը ճանաչում են որպես Հեթանոս Գագո։

Այդ օրից անցել է 20 տարի…

…Եռաբլուր էին այցելել Գագիկ Ստեփանյանի անվան N135 դպրոցի աշակերտները՝ տնօրեն Գարեգին Ներսիսյանի և փոխտնօրեն Աստղիկ Տեր-Սահակյանի գլխավորությամբ` իրենց արժանավոր սանին հարգանքի տուրք մատուցելու։ Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք համայնքի պատանի դրոշակակիր երկրապահներ, հարազատներ, մարտական ընկերներ և մեծարգո այրեր։ Աշակերտներն իրենց խրոխտ ելույթներում մեծարեցին հերոսին ու խոստացան միշտ վառ պահել հայոց հաղթանակած բանակի արժանի զավակի` Գագիկ Ստեփանյանի հիշատակը։

«Այսօր մեր սրբազան պարտքն է դպրոցականներին ծանոթացնել մեր հերոսների կյանքին ու գործունեությանը, այցելել քաջորդիների շիրիմներին, նրանց, ովքեր Արցախյան հերոսամարտի գոռ մարտերի բոցերում հանուն մեզ, մեր խաղաղության, ծածանեցին համայն հայության արժանապատվության դրոշը,- իր ելույթում ասաց դպրոցի տնօրեն Գ. Ներսիսյանը, ապա շարունակեց։ -Մենք պարտավոր ենք մեր բանակին մատակարարել առողջ, Գագիկի պես ոգով հզոր ու անձնուրաց երիտասարդների։ Փա՛ռք Գագիկին և մեր բոլոր առյուծասիրտ հայորդիներին»։

Իսկ Գագիկի մարտական ընկեր փոխգնդապետ Լևոն Ալամշարյանը բանաստեղծություն էր ձոնել իր հրամանատարի հիշատակին: Դիմելով աշակերտներին՝ նա ասաց. «Սիրելի՛ դպրոցականներ։ Անցնող տարիները ավելի ու ավելի են խտացնում-բյուրեղացնում Գագիկի` հայ զինվորի պայծառ կերպարը։ Հպարտորեն արտասանեք այդ անունը՝ ես դա ասում եմ որպես ականատեսն ու վկան նրա բազմաթիվ քաջագործությունների ու սխրանքների։ Գագիկի և նրա նման հերոսների անունները պետք է հավերժ դաջվեն մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ, մեր հայրենակիցների սրտերում»։

Միջոցառման ավարտին աշուղ Աստղանուշը կատարեց նորաստեղծ «Հեթանոս Գագո» երգը։ «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»,- պատգամել է Մեծն Նժդեհը և պատվիրել` «Իր մեծ մեռելներին մոռացող ժողովուրդը մեղանչում է իր ապագայի առաջ», իսկ մեզ տրված է կատարելու նրա կամքը՝ որպես գալիք պայծառ օրերի և մեր ժողովրդի հարատևության երաշխիք»,- ասաց աշուղը։

Ի դեպ, օրերս Նոր Նորք համայնքի ղեկավարությունը և Գագիկ Ստեփանյանի անվան N135 դպրոցի տնօրինությունը համատեղ կազմակերպել էին շախմատի հուշամրցաշար՝ ի պատիվ Հայաստանի բռնցքամարտի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Գագիկ Ստեփանյանի։ Հուսով ենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Գագիկի զոհվելու 20-րդ տարելիցի կապակցությամբ նույնպես իր խոսքը կասի…

ԲԱԳՐԱՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Ճակատագրեր


10/04/2014