Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐ ԶԱՆՑԱՆՔԸ ՉԴԱՌՆԱ ՀԱՆՑԱՆՔ



Կարգապահական վաշտի գործունեությամբ պայմանավորված՝ կտրուկ նվազել է կանոնադրական խախտումների թիվը, իսկ իրավապահ մարմինների հետ կազմակերպվող համատեղ միջոցառումների շնորհիվ բարձրացել է զինծառայողների իրավական պատրաստվածության մակարդակը: Նման դրական տեղաշարժ արձանագրեց գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի սոցիալ-իրավական հարցերով սպա, կապիտան Աշոտ Սարգսյանը:

-2013 թվականին մեր զորամասում գրանցվել է միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունների ընդամենը մեկ դեպք, որին զորամասի շրջանակներում տրվել է համապատասխան լուծում: Քրեական բնույթի հանցագործություն չի եղել, տարվա ընթացքում դատված զինծառայող չունենք, – տեղեկացնում է Ա. Սարգսյանը:

Ըստ կապիտանի` նման ցուցանիշները հիմնականում պայմանավորված են իրավապահ մարմինների հետ անցկացվող աշխատանքների բարձր մակարդակով, ինչպես նաև իրավական ակտիվների գործունեությամբ:

– Համագործակցությունը հատկապես ակտիվ է ռազմական ոստիկանության հետ: Անցկացվում են իրավական թեմաներով համատեղ զրույցներ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ` պրոֆիլակտիկ և բացատրական աշխատանքներ իրավական հարցերի շուրջ: Զորամասում իրավական հարցերով վիկտորինաներ են կազմակերպվում, ինչի շնորհիվ բարձրանում է իրավունքի իմացությունը: Ցավոք, մինչև զորակոչվելը շատերն իրենց իրավունքների ու պարտականությունների մասին շատ մակերեսային տեղեկություններ ունեն: Համեմատաբար բավարար իրավական գիտելիքներ ունեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածները: Շնորհիվ իրավական ակտիվներում տարվող պարապմունքների, մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն բարձրացել է յուրաքանչյուրի իրավական գիտելիքների պաշարը: Բացի այդ` կարգապահական վաշտից վերադարձած զինծառայողներն այլևս չեն ցանկանում հայտնվել նույն իրավիճակներում, ուստի և նրանց վարքագծում էլ է էական փոփոխություն նկատվում: Իմ կարծիքով, իրավախախտումների նվազեցման միտումը վկայում է նաև զորամասի հրամանատարության հեղինակության մասին,- ասում է նա:

Աշոտ Սարգսյանն ընդգծում է, որ քրեական տարրեր չպարունակող զանցանքների դեպքում զինվորականները կարող են պատիժ կրել հենց զորամասում` առանց իրավապահ մարմինների ներգրավման:

– Եթե չկան հանցանքի տարրեր, մենք հարցին լուծում ենք տալիս մեր ուժերով` այդ մասին տեղեկացնելով իրավապահ մարմիններին: Լինում են նաև դեպքեր, երբ մենք ենք ընթացք տալիս և դեպքի մասին զեկուցում զինդատախազությանը: Եթե զինծառայողն առաջին անգամ է խախտում արել, ապա կարգապահական կանոնագրքի համապատասխան պատիժ է սահմանվում ստորաբաժանման ներսում՝ զորամասի հրամանատարության մակարդակով: Միաժամանակ` եթե տվյալ խախտումը հետագայում կարող է ինչ-որ ընթացք ունենալ, այն հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, և մենք տրամադրում ենք համապատասխան բոլոր փաստաթղթերը: Երբեմն աննշան համարվող դեպքերն անուշադրության պատճառով կարող են դառնալ կրակի օջախ՝ վերաճելով ավելի մեծ հանցագործության, որոնք պետք է կանխել հենց նախնական վիճակում, – ասում է կապիտան Ա.Սարգսյանը:

Խոսելով փողոցային բարքերի բանակ ներթափանցման մասին, սոցիալ-իրավական հարցերով սպան նշում է՝ թեև բանակը փակ կառույց է, բայցևայնպես, զերծ չէ հասարակությունից եկող բացասական երևույթներից: Այդ առումով, նրա պնդմամբ` խիստ անհրաժեշտություն կա անհատական մոտեցում դրսևորել յուրաքանչյուր զինծառայողի հանդեպ, մանավանդ` նորակոչիկների:

– Զորամաս եկած յուրաքանչյուր զինծառայողի հետ նախնական ծանոթությանը մասնակցում է նաև հոգեբանը: Փողոցային բարքերի ազդեցությունը նվազեցնելու և արմատախիլ անելու համար կարևոր են ուսուցումն ու խիստ կարգապահությունը` հաշվի առնելով զինծառայողների մտածելակերպը և ֆիզիկական հնարավորությունները: Զինծառայողի դաստիարակությունը պետք է հիմնվի անձի դրական կողմերի վրա, թեպետ լինում են դեպքեր, երբ զինծառայողն ընդդիմանում է, չի ուզում փոխվել, փորձում է ինքնահաստատվել և դառնալ կեղծ հեղինակություն: Այդպիսի անձինք մշտապես գտնվում են մեր և իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, – ասում է նա:

Զորամասում պաշտպանվում են բոլոր զինծառայողների, ազգային փոքրամասնությունների իրավունքները: Հայերեն վատ իմացող ծառայողների համար անցկացվում են հատուկ դասընթացներ:

– Մենք բազմադարյա պատմություն և մշակույթ ունեցող ազգ ենք և այլ կերպ չենք կարող վարվել,- վստահեցնում է կապիտան Ա. Սարգսյանը:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ
Լուսանկարը` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/04/2014