Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ ԿՐԹԵՆՔ ՄԵՐ ՄԱՏԱՂ ՍԵՐՈՒՆԴԸ



Նախաձեռնությունը, որը ծնունդ առավ անցյալ տարվա մարտ ամսին, իրոք որ դառնում է ավանդական։

Առջևում կանանց տոնն էր, գեղեցկության և մայրության միամսյակը։ Ցանկացանք յուրահատուկ ձևով նշել ու շնորհավորել նրանց. 8-12-րդ դասարանների աղջիկների համար կազմակերպեցինք օդամղիչ հրացաններից հրաձգության մրցումներ։ Համաձայնեցնելով տնօրինության հետ՝ կատարեցինք ցանկացողների ցուցակագրում։ Մրցման օր ընտրվեց գարնանային արձակուրդին նախորդող շաբաթվա վերջին ուրբաթ օրը։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները ավարտելուց հետո անցկացվեց անվտանգության կանոնների պահպանման մասին հրահանգավորում։

Ուրախ էին աղջիկները: Հատկապես աշխույժ էին 8-րդ և 9-րդ դասարանցիները, որոնք վարպետորեն լիցքավորում էին հրացանները, խոցում թիրախները` հավաքելով միավորներ։ Մրցության վերջնական արդյունքում հաղթող ճանաչվեց 10-րդ դասարանցի Ալիսիա Բաբուջյանը, իսկ 8-րդ դասարանցիներ Մարիա Չիվչյանը և Ռաիսա Ասլանյանը համապատասխանաբար գրավեցին 2-րդ և 3-րդ տեղերը։ Հաղթողները խրախուսվեցին դպրոցի տնօրինության պատվոգրերով և ծաղկեփնջերով։

Հունվար ամսին նմանատիպ մրցություն էր կազմակերպվել 8-12-րդ դասարանների տղաների համար, որը նվիրված էր ՀՀ Ազգային բանակի 22-րդ տարեդարձին։

Երկու մրցումների արդյունքում կազմավորվեց դպրոցի հավաքականը (տղաների և աղջիկների), որը կմասնակցի մայիս ամսին անցկացվելիք հրաձգության մրցումներին։

Սա, իրապես, ոչ թե խաղ էր, այլ ռազմահայրենասիրական միջոցառում, և մեր խնդիրն է հայրենասիրական ոգով կրթել ու դաստիարակել մեր մատաղ սերունդը` ապագա զինվորին և սպային։

Տեղին է մեջբերել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հերոս որդիներ, հաղթության դափնիներ, անկախ հայրենիք-այս ամենը սպասեք միայն հայրենասեր մորից»։

Մեր կարծիքով՝ կանգնած ենք ճիշտ ուղու վրա։

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ
Երևանի հ. 105 ավագ դպրոցի զինղեկ
փոխգնդապետ

Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Բանակ և հասարակություն


10/04/2014