Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



Ինչպես յուրաքանչյուր գործընթաց, բանակաշինությունը նույնպես հարուստ է զվարճալի իրադարձություններով, իրական ու մտացածին պատմություններով, մանրապատումներով, հումորով ու անեկդոտներով։ Ընդ որում, դրանք ստեղծվում են առանձին զորատեսակների զինծառայողների կողմից ու վերաբերում են տվյալ բնագավառի իրադարձություններին ու մարդկանց։

Ներկայացնում ենք մանրապատումներ ինժեներասակրավորային զորատեսակից։

ՀԱՅԿԱԿԱՆ «ՆՈՐ» ԱԿԱՆԸ

Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ինժեներական զորքերի ներկայացուցիչների հավաքի ժամանակ ադրբեջանցի գեներալը մոտենում է հավաքի կազմակերպիչ ՌԴ ներկայացուցչին և ասում.

-Տվեք մեզ ПТМ-Э (Է),- այսինքն՝ հակատանկային ական։

ՌԴ ներկայացուցիչը մի պահ մտածում է և ասում.

-Այդ ի՞նչ ական է՝ ПТМ-Э, առաջին անգամ եմ լսում։

-Մեր ու հայերի միջև տարբերություն եք դնում, հայերին տվել եք, մեզ չեք տալիս։ Մեր զինծառայողները հանել են հայերի դրած ականներից մեկը, վրան գրված էր ПТМ-Э,- նեղսրտելով ասում է ադրբեջանցին։

-Ականներ արտադրող երկիրը մենք ենք, ես լավ գիտեմ, որ այդպիսի ական չկա, ամեն դեպքում, կհարցնեմ հայերին,- ասում է ՌԴ ներկայացուցիչը և քիչ անց հանդիպելով Հայաստանը ներկայացնող սպային՝ հետաքրքրվում, թե այդ ի՞նչ նոր ական է, որի մասին ինքը չգիտի։

-Ես էլ եմ առաջին անգամ լսում, մենք այդպիսի ական չունենք,- ասում է մեր հայրենակիցը և անսալով գործընկերոջ խնդրանքին, խոստանում է զանգահարել Երևան և ճշտել, թե խոսքն ինչի մասին է։

Երևանում սկզբում անակնկալի են գալիս, բայց քիչ անց հասկանում են, թե ինչն ինչոց է։ Զանգահարում են Մոսկվայի իրենց գործընկերոջը և ասում.

-Խոսքը ПТМ-З (երեք),- ականի մասին է, պարոն գնդապետ։ Ադրբեջանցիները երեք թվանշանը շփոթել են ռուսերեն Э տառի հետ։ Մեր ներկայացուցիչը նախ մի լավ ծիծաղում է, հետո էլ մտածում. «Ավելի լավ, թող մտածեն, թե մենք նոր ական ունենք»։

ԻՆՉՊԵՍ ՏԻՐԱՑԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԶԵՆՔԻՆ

Արաքս գետի գարնանային վարարումներից առաջ կողմերը (հայերը և ադրբեջանցիները) պայմանավորվում են ժամանակավորապես հանել Նախիջևանի սահմանային գոտում տեղադրված իրենց ականները։

Նախապես որոշված ժամին երկու կողմերի սակրավորային խմբերը մտնում են չեզոք գոտի և սկսում ականազերծումը։ Ժամանակ առ ժամանակ նայելով ադրբեջանցիների կողմը՝ մերոնք տեսնում են, որ հարևան-հակառակորդի գործն առաջ չի գնում։ Մի քանի ժամ աշխատելուց հետո հայերը գրեթե ավարտին են հասցնում գործը, իսկ ադրբեջանցիները դոփում են տեղում։ Այդ ժամանակ մեր աշխատանքային խմբին է մոտենում ադրբեջանցիների սակրավորների ղեկավարը և ասում.

-Շատ եմ խնդրում, ձեր ականորսիչը մեկ օրով տվեք մեզ, մերը չի աշխատում, խոստանում եմ` ականազերծումից հետո անպայման վերադարձնել։

Մասնագետների մեր ավագը մի պահ մտածում է, մտքում որոշում՝ լավ առիթ է՝ իմանալու, թե ինչ զենք է օգտագործում հակառակորդը և ապա ասում.

-Եթե ցանկանաք, կարող ենք փոխանակել ականորսիչները։

Ադրբեջանցին անմիջապես համաձայնում է, ուրախ-ուրախ գնում-բերում է իրենց ականորսիչը, պահում է մերոնց վնասազերծած ականների վրա և ասում.

-Տեսեք ու համոզվեք` չի աշխատում, ես սրա արտադրողի մերը…

Ու վերցնելով մեր ականորսիչը՝ գնում է։ Նրա հեռանալուց հետո մերոնք թեթևակի զննում են գործիքը և զարմանում։ Պարզվում է՝ ադրբեջանա-իսրայելական համատեղ արտադրության նորագույն զենք է, բավական բարձր որակի, պարզապես մեր հակառակորդները չեն կարողացել այն ճիշտ գործարկել։ Արագորեն միացումները կատարում վերջացնում են, և գերազանց աշխատող ականորսիչն առած` վերադառնում։

Այստեղ են ասել. զենք ունենալը մի բան է, օգտագործելը՝ այլ բան։

Ն. ԱՐԱՄՅԱՆ

Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Ազգային բանակ


10/04/2014