Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ
ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ

Լեռնցու հպարտ ոգով ու նույնքան հպարտ կյանքով ապրող Վանյա Սարգսյանի համար ասես դժվարություն, արգելք ու խոչընդոտ գոյություն չուներ, քանի որ պարզսիրտ ու խանդավառ էր մարդկային իր բնույթով: Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Խրամորդի միջնակարգ դպրոցում: Հետո աշխատել է Խանաբադի կոլտնտեսությունում ու երկար տարիներ աշխատել որպես առաջավոր մեխանիզատոր:

Վանյա Սարգսյանը կանգնած էր Արցախյան շարժման ակունքներում: Նոր կազմավորվող պաշտպանական ջոկատների կազմում նա գիշերային հերթապահություն է տարել Փառուխ-Սառնաղբյուր սահմանային գծի տարբեր հատվածներում: Հայրենիքի պաշտպանության գործում հասցրեց աչքի ընկնել իր անձնվիրությամբ, խիզախությամբ և ընկերասիրությամբ, որքան էլ նրա երկրային կյանքն ու մարտական ուղին կարճ տեւեցին:

1991 թվականի նոյեմբերի 22-ին, Ասկերան ավանի հրթիռակոծության ժամանակ, կյանքից հեռացավ հայրենիքի նվիրյալ զավակը: Վալերի Սարգսյանը նահատակվեց հանուն սրբազան հողի, նա իր կյանքի լավագույն տարիները նվիրեց հարազատ երկրին՝ մտահոգ հայի ճակատագրով. երազում էր Արցախը տեսնել ազատ և հաղթանակած: Մի առիթով Վանյան ասել է. «Ամոթ, նախատինք մեզ, եթե մեր հողը տանք ուրիշներին»: Ցավոք, նա չտեսավ իր երազանքների իրականացումը…

Ապրիլի 5-ին Վանյա Սարգսյանը կդառնար 60 տարեկան:

Հերոսները չեն մահանում… Նրանք իրենց երկնային երթով շարունակում են լուսավորել մեր՝ ապրողներիս ճանապարհը՝ թողնելով լուսավոր հետք ու բարի անուն: Նրանք թողնում են արժանավոր զավակներ, որ գալիս են իրենց հոր բացած հունը խորացնելու, ընդարձակելու:

ԼՂՀ ՊԲ շարքերում հայրենիքի հանդեպ իրենց նվիրված ծառայությամբ Վանյա հայրիկի հիշատակը վառ են պահում որդիները՝ Նելսոնը, Վահեն ու Վաչեն, դուստրը` Մելանյան, որը հայոց բանակի վաղվա զինվոր ու հայրենասեր մարդ է կրթում: Ընտանիքի սյունը հիմա հերոսի կինն է` համեստ ու առաքինի տիկին Մարիետան, որ ապրում է իր ընտանիքի հոգսերով` անթեղված պահելով անհուն մի կարոտ:

Շնորհավոր ծնունդդ, մեր Հայոց ազատամարտի առաջին շարքերի զինվոր, Վանյա Սարգսյան: Դու դարձար դաս ու պատգամ, մնայուն և անմահ անուն… Դու ընտրեցիր ամենից երանելի ճանապարհը՝ անմահության ուղին:

ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆ