Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ



Գրեցի վերնագիրն ու մտածեցի. «Ախր աշխարհում այնքան մեծ պետություններ կան, որոնց քաղաքացիները ծնվում, ապրում ու երկրային կյանքին հրաժեշտ են տալիս առանց գեթ մեկ անգամ տեսնելու իրենց պետության (հաստատ պետության և ոչ հայրենիքի) սահմանները»: Երբեմն մտածում եմ, գուցե մեղավորը մենք ենք, որ, լինելով հին աշխարհի և ժամանակ առ ժամանակ հզոր պետականություն ունեցող ժողովուրդներից մեկը, չենք նվաճել, թալանել, ճնշել ու լլկել մեր հարևաններին և չենք ստեղծել մեծ պետություն: Հազարամյակները մեզ չեն փոխել: Պարզապես ժամանակի ընթացքում Եվրոպան ու Միջերկրածովյան ավազանի երկրները կարողացան ազատվել թուրք-թաթարական աղետից՝ տիրապետությունից, իսկ մենք, հիմնական հարվածն ընդունելով մեզ վրա, ավելի շատ տուժեցինք: Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը ցավով ասում էր՝ պատմությունը մեզ այնպիսի հարևան է բաժին հանել, որը երբեք չի կշտանում մեր տարածքները, մշակույթը յուրացնելուց, գողանալուց, մեր արյունը խմելուց: Հենց այդպիսին է մեր հարևանը՝ աչքը միշտ մեր հայրենիքին ու մեր ունեցվածքին, և նրա դեմն առնելու համար մենք բոլորս միասին դառնում ենք սահմանապահ՝ հայրենիքի պահապան ու պաշտպան:

Եվ ահա կրկին գնում եմ առաջնագիծ, որպեսզի հանդիպեմ սահմանապահ զինվորներին, քաջալերեմ նրանց և ասեմ` դուք մենակ չեք, խիզախ զինվորներ, ձեզ հետ է հայ ժողովուրդը:

Երեկոյան զրուցում էի զինվորներից մի քանիսի հետ: Անկեղծ խոսակցությունը ոգևորել էր տղաներին: Երբ արդեն ուշ էր, ու նրանք գնացին քնելու, մտածում էի, որ, այնուամենայնիվ, հայրերի ու որդիների հավերժական հակադրության մեջ որդիները միշտ ճիշտ են: Մենք՝ մեծերս, նրանց հետ քիչ ենք շփվում, զրուցում ու բնականաբար նրանց լավ չենք ճանաչում: Ինձ զարմացրել էր երիտասարդ տղաների խորը, հիմնավորված հայրենասիրությունը, ավելին` հայրենապաշտությունը, զարմացել էի ազգային արժեքների նկատմամբ նրանց անկեղծ նվիրվածության համար, հրամանատարի հետ, թեկուզ կյանքի գնով, ցանկացած ռազմական առաջադրանք կատարելու նրանց պատրաստակամության, և բանակի հրամանատարության խոսքի, յուրաքանչյուր բառի նկատմամբ ունեցած անկեղծ հավատի համար: Չէ՛, նրանք շատ ավելի լավն են, քան մենք պատկերացնում ենք: Նրանք ավելի շուտ են ընկալում ժամանակի հրամայականները, մարտահրավերները: Ես գիտեի, որ այստեղ ամենուր և ամեն ինչում Մոնթեի կենդանի ոգին է թևածում, բայց չգիտեի, որ անգամ սիրահար զույգերի համար ազգային հերոսի անունով երդվելը անկեղծության չափանիշ է դարձել:

Գիշերվա զրույցի մանրուքները վերհիշելով՝ չզգացի, թե ճանապարհը ոնց կտրեցինք-անցանք: Առաջնագծում ենք: Մարտական հերթապահություն կատարող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ս. Պողոսյանը զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Մհեր Սարգսյանին զեկուցում է անձնակազմի՝ առաջադրված խնդրի կատարման ընթացքի, առաջնագծում տիրող իրադրության մասին: Այնուհետև մեզ դիմավորեց հենակետի ավագը, ավագ լեյտենանտ Արմեն Մելքոնյանը:

-Առաջադրանքը կատարվում է սահմանված կարգով, դիտարկումը չի ընդհատվում, այս պահի դրությամբ հակառակորդի կողմից կրակոցներ առայժմ չեն եղել, ամեն ինչ կարգին է` չկան առողջական, հոգեբանական կամ այլ կարգի խնդիրներ ունեցող զինվորներ,- պարզաբանեց նա:

Քիչ անց հանդիպեցինք զինվորներին: Դիրքի ավագը կրտսեր սերժանտ Նվեր Հովհաննիսյանն է: Նրա ջոկում են ծառայում շարքայիններ Արսեն Մուրադյանը, Աղվան Մանուկյանը, Վահե Գասպարյանը, Էրիկ Պողոսյանը, Մովսես Խմոյանը և Գևորգ Բարսեղյանը: Վերջինս դիրքի արթուն հերթափոխի դիտորդն է: Քանի որ եկել էր դիտորդների հերթափոխի ժամանակը, դիրքի ավագը կազմակերպեց հերթափոխը՝ նախապես կատարելով համառոտ հրահանգավորում, հրահանգեց ստուգել զենք-զինամթերքը, որից հետո տղաներին առաջնորդեց դիտակետեր: Փոխգնդապետ Ս. Պողոսյանը չափից դուրս հավասարակշիռ ու սառնասիրտ հրամանատար է, դիտակետից ցույց է տալիս մոտ երեք հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հակառակորդի դիրքը, խրամուղին:

-Դուք գիտե՞ք, թե նրանք ի՞նչ պայմաններ են ստեղծել իրենց զինվորների համար,- հարցնում եմ նրան:

-Չեն կարող մեզ հետ համեմատվել` փնթի բաներ են, վատ հանդերձավորված: Նրանք առաջնագիծ են բերում, հիմնականում, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ թալիշներին, լեզգիներին, ռուսներին, ուկրաինացիներին…, որոնք իրենց համար արժեք չունեն:

-Այս մետաղալարը ինչի՞ համար է (իբր չգիտեմ),- հարցնում եմ դիտորդ, շարքային Խմոյանին:

-Մետաղալարից այն կողմ չի կարելի անցնել, տարածքն ականապատված է:

-Բոլո՞րդ գիտեք այդ:

-Գիտե՛նք, որ ուրիշ զորամասերում դեպքեր են եղել, երբ իմանալով հանդերձ, զինվորներն այդպիսի սխալ են թույլ տվել, ինչը ծանր հետևանքներ է ունեցել:

-Գիշերները ծառայությունն ուժեղացվո՞ւմ է,- հարցս ուղղում եմ կրտսեր սերժանտ Ն. Հովհաննիսյանին:

-Վերջին շրջանում` այո՛, մեզ հետ հերթապահություն են կատարում վետերան ազատամարտիկները, երկրապահ կամավորականները: Մենք ուրախ ենք, թող գան, պատերազմից հետաքրքիր դեպքեր են հիշում, գիշերն արագ է անցնում:

Հաջորդ դիտակետում Էրիկ Պողոսյանը ցույց տվեց ինչպես հակառակորդի, այնպես էլ մեր դիրքը և ասաց, որ տեսադաշտը բաց է, ու ամեն ինչ հսկողության տակ է:

Ուսումնասիրեցինք նաև տղաների կեցության պայմանները, ճաշարանը, սննդամթերքը, զինանոցը, փաստատախտակները, հանգստանալու տեղը: Կար նաև «Մարտիկ» թերթի հավաքանին: Ինձ հետաքրքրում էր նույն ջոկի, նույն դիրքի զինվորների փոխհարաբերության հարցը: «Ընկերներ ենք», «Ախպերներ ենք», «Մեր մեջ մաքրություն է»՝ հավատացնում էին նրանք:

-Մարտական հերթապահության գալուց առաջ կարող ենք ջոկերի կազմում փոփոխություններ կատարել: Հարցնում ենք՝ ով ում հետ է ուզում հերթապահություն կատարել, բայց խիստ հսկողություն ենք սահմանում, որ խմբավորումներ չառաջանան,- պարզաբանեց փոխգնդապետ Ս. Պողոսյանը:

Կրկին հանդիպելու ակնկալիքով բարի ծառայություն մաղթեցինք մեր զինվորներին ու մեկնեցինք հաջորդ հենակետ:

Ավագ լեյտենանտ Խաչիկ Սարգսյանը ներկայացրեց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հարություն Սարգսյանին, կրտսեր սերժանտներ Տիգրան Ավագյանին, Գարեգին Կարապետյանին, շարքայիններ Էդիկ Կոսակյանին, Մհեր Սուքիասյանին, Անդրանիկ Մաթևոսյանին, Արշակ Դանիելյանին, ավելի ուշ՝ դիտորդներ, շարքայիններ Գոռ Սարգսյանին, Ռոբերտ Ղազարյանին, մյուսներին: Դարձյալ նույն ջերմ մթնոլորտը:

Զինվորները պատմեցին, որ դիրքը նախապես չի եղել. տեսնելով, որ ադրբեջանցիներն առաջացել ու չեզոք գոտում են դիրքավորվում, իրենք էլ են համապատասխան քայլեր ձեռնարկել: Հետաքրքրվեցի, թե ինչու են կրտսեր սերժանտները շատ, ասացին՝ նրանք լավ ծառայողներ են և ջոկի հրամանատարի հավանական թեկնածուներ: Առաջնագծում բարոյահոգեբանական առանձնահատկություններից խոսելն ավելորդ է:

Եղանք նաև հաջորդ երեք դիրքերում և ամենուր հանդիպեցինք բարձր մարտական պատրաստականությամբ օժտված զինվորների: Ավագ լեյտենանտ Արսեն Հակոբյանի հենակետի դիրքերից մեկում, որտեղ հերթապահում էին կրտսեր սերժանտներ Կարապետ Գարանյանը, Գագիկ Կարապետյանը, շարքայիններ Էդմոն Սուքիասյանը, Ռոբերտ Էլբակյանը, Սարգիս Չիլինգարյանը, Վիլիկ Զադոյանը, Կարեն Երեմյանը, զրուցեցինք պայմանագրային ավագ սերժանտ Մհեր Ղարիբյանի հետ:

-Ճիշտ եք նկատել՝ պայմանագրայինները քիչ են, բայց գնալով կշատանան: Ես Գիշի գյուղից եմ, 2010 թվին եմ պարտադիր ժամկետային ծառայությունս ավարտել, որից հետո անցել եմ պայմանագրային ծառայության, արդեն երրորդ տարին է, ինչ ծառայում եմ ու միշտ՝ հենց այս դիրքում, զինվորները զորացրվում գնում են, ես մնում եմ, այն ինձ համար հարազատ է դարձել,- ասաց նա ու քիչ անց բացահայտեց գաղտնիքը:

Հայրը՝ ազատամարտիկ Արամ Ղարիբյանը, Մոնթեի հետ այս տարածքում է կռվել, իրենց գյուղացիներն են այս դիրքը դրել, պահպանել: Զինվորների հետ խոսեցինք նաև այն մասին, թե արդյոք տեղյակ են, որ զորամասն ամենալավ արդյունքն ունի մարտական հերթապահություն կազմակերպելու և իրականացնելու գործում: Տեղյակ էին և խոստացան այսուհետ էլ ծառայությունն իրականացնել նույն կերպ. լինել զգույշ, զգոն, ուշադիր, չմոռանալ, որ թշնամին օձի պես նենգ է ու գալիս է խոտոր ճանապարհով:

Որ ոչ մեկի մատը փուշ չմտնի

Զորամասում ամենալավ արդյունքն ունի մայոր Արսեն Բարսեղյանի գումարտակը, որը լավագույն մարտական հերթապահություն իրականացնող գումարտակ է ճանաչվել պաշտպանության բանակում: Առաջնագծում մենք չհանդիպեցինք այդ ստորաբաժանման զինծառայողներին, որովհետև նրանք արդեն հանձնել էին հերթափոխը, փոխարենը զրուցեցինք հրամանատարի՝ մայոր Արսեն Բարսեղյանի հետ:

-Անձնակազմում ինչպիսի՞ տրամադրություն է տիրում:

-Բոլորը ոգևորված են, մարդիկ տեսնում են, որ քրտնաջան աշխատանքը, հետևողականությունը, ծառայողական կարգապահությունը գնահատվում են: Բավական մեծ թվով զինծառայողներ, բազմաթիվ գումարտակներ են հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահություն կատարում: Այդքանի մեջ լինել լավագույնը, իրոք, պատվաբեր է և ոգևորող:

-Հասկանալի է, որ գումարտակի ցուցանիշների մեջ գլխավորը առաջնագծին վերաբերող տվյալներն են, սակայն ուրիշ ի՞նչ արդյունքներ են հաշվի առնվել:

-Ստուգվել է գումարտակն ամբողջությամբ. մարտական պատրաստությունն ու մարտական պատրաստականությունը, զորքերի ծառայությունը, կարգապահությունը, զորանոցային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները և այլն: Առաջնագծի բարձր արդյունքները գրանցվել են գիշեր ու զօր, առանց հանգստի իրականացվող հետևողական աշխատանքի միջոցով, առանց ինչ-որ մրցանակի, պարգևի մասին մտածելու: Պարզապես ամեն ինչ արել ենք, որ մեր զինվորներից որևէ մեկի մատը փուշ չմտնի: Գործի ենք դրել ներգործման բոլոր հնարավոր մեթոդներն ու միջոցները, եղել ենք խիստ, պահանջկոտ, չենք հոգնել ասելուց, խոսելուց, պարզաբանելուց… Ամեն ինչ արել ենք, որ որևէ մեկը ինքնագլուխ քայլ չկատարի: Շատ եմ կարևորում հենակետերի, դիրքերի ավագների աշխատանքը: Նրանք պետք է ծառայությունը ճիշտ կազմակերպեն, իրենց անձնակազմերի հետ հետևեն հակառակորդի տեղաշարժերին, որոշեն՝ պատասխանե՞լ, թե չպատասխանել կրակոցներին:

-Ի՞նչ հաճախականությամբ եք ստուգում հենակետերն ու դիրքերը:

-Եթե պետք է՝ նույնիսկ մի քանի անգամ նույն հենակետում եմ լինում կամ ամբողջ օրն եմ անցկացնում, նայած թե իրավիճակն ինչ է պահանջում: Դիրքեր են այցելում նաև զորամասից, միավորումից, բանակի շտաբից:

-Մի ճակատամարտից հետո, խոսելով երիտասարդ Կուտուզովի մասին, Սուվորովն ասում է. «Նա իմ ձախ թևում էր, բայց իմ աջ ձեռքն էր»: Սպաների մեջ ձեզ համար կա՞ նման մեկը:

-Զինվորական ծառայության մեջ դժվար թե գտնվի մի պաշտոնյա, հրամանատար, որը չունենա իր աջ ձեռքը, չունենա, ասեմ այսպես, լավ ու ավելի լավ ծառայող սպաներ: Ես վստահորեն կարող եմ առանձնացնել վաշտերի հրամանատարներ, կապիտաններ Մարտին Հակոբյանին և Ռոման Սահակյանին:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

փոխգնդապետ

Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

կապիտան

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/04/2014