Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՊԱՐԿԵՇՏ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ



Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի սպառնալիքը, թե հակադարձելու է Սիրիայում, ով կհանդգնի վնասել Օսմանյան կայսրության հիմնադիր, Օսման առաջինի պապ` Սուլեյման շահի դամբարանը, թուրքական կառավարության երկերեսանության վերջին դրսևորումն է:

Սիրիացիներին հանդգնում է սպառնալ մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել իր միլիոնավոր քրիստոնյա հպատակների (հայեր, ասորիներ և հույներ) նկատմամբ, բռնագրավել նրանց ունեցվածքը, զավթել նրանց հողերը, ավերել հազարավոր եկեղեցիներ, գերեզմանատներ ու մշակութային հուշարձաններ:

Ու թեեւ յուրաքանչյուր մարդու գերեզման արժանի է պաշտպանության և հարգալից վերաբերմունքի, սակայն Դավութօղլուի սպառնալիքն անհիմն արդարացում է Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար: Ճակատագրի հեգնանքով Սուլեյման շահի գերեզմանը գտնվում է մի տարածքում, որը վերահսկվում է ոչ թե սիրիական կառավարության, այլև «Ալ-Քաիդայի» ջիհադականների և այլ ապստամբ խմբավորումների կողմից, որոնց օգնում և զինում է Թուրքիան` Բաշար Ալ-Ասադի վարչակարգը տապալելու համար: «Ալ-Քաիդայի» զինյալները, որոնք բախման մեջ են հակակառավարական այլ խմբավորումների հետ օսմանյան դամբարանի տարածքում, նրանք են, ովքեր ոչնչացնում են գերեզմանները, քանի որ արմատական իսլամիստները համարում են, թե շիրիմների պաշտամունքը կռապաշտություն է:

Թուրքիան էլ համարում է, որ Սիրիայում գտնվող հողատարածքը, որտեղ Սուլեյման շահի դամբարանն է, ինքնիշխան թուրքական տարածք է՝ համաձայն 1921 թվականի Անկարայի պայմանագրի` ստորագրված Թուրքիայի և Ֆրանսիայի միջև, որն այդ ժամանակ գրավել էր Սիրիան: Ըստ սույն պայմանագրի` Թուրքիան իրավունք ուներ այդ վայրում պահակախումբ տեղակայելու և բարձրացնելու իր դրոշը: 1921 թվականից սկսյալ, երկու տասնյակ թուրք զինվորականներ շուրջօրյա հսկում են դամբարանը:

Անկարայի պայմանագրի 9-րդ հոդվածով Թուրքիային է հատկացվել 8000 քառ. մ մակերեսով սիրիական տարածք` թուրք-սիրիական սահմանից 80 կմ դեպի հարավ: Երբ 1974 թվականին գերեզմանի շրջակա տարածքը ողողվեց նորակառույց Ասադ լճի ջրերով, գերեզմանը տեղափոխվեց Թուրքիայի սահմանից 35 կմ հեռավորության վրա գտնվող մեկ այլ վայր: Թեեւ Սիրիայում ռազմական գործողություններ էին ընթանում` Թուրքիան շարունակում էր իր զինվորների զորախումբը պահել գերեզմանի մոտ:

Թուրքիային հինավուրց այս վայրի նկատմամբ տարածքային իրավունքներ տալու դիմաց Ֆրանսիան ձեռք բերեց մի շարք տնտեսական զիջումներ, այդ թվում` իրավունք, որով ֆրանսիական ընկերությունները կարողանան տնօրինել երկաթուղային երթևեկությունը թուրքական տարածքում և շահագործել երկաթի, քրոմի ու արծաթի հանքավայրերն առաջիկա 99 տարիների ընթացքում: Այս վիճելի փոխզիջումը չի կարող օրինական համարվել միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ գաղութարար պետությունը փոխանակում է մեկ ուրիշի տարածքը:

1921 թվականի պայմանագրով նաև սահմանվել էր «հատուկ վարչական ռեժիմ» Ալեքսանդրետի շրջանում ապրող թուրքերի համար, որը ֆրանսիական մանդատի տակ գտնվող սիրիական տարածք էր: 1939 թվականին Ալեքսանդրետն ամբողջությամբ անջատվեց Սիրիայից և պաշտոնապես կցվեց Թուրքիային` որպես Հաթայի գավառ: 1946 թվականին Ֆրանսիայից իր անկախությունը ձեռք բերելուց հետո Սիրիայի կառավարությունը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որտեղ գտնվում է Սուլեյման շահի դամբարանը, սակայն երբեք չընդունեց Ալեքսանդրետի հանձնումը Թուրքիային:

Արտգործնախարար Դավութօղլուն անցյալ ուրբաթ Վան քաղաքում կայացած մամուլի ասուլիսում զգուշացրեց, որ ցանկացած հարձակում Սիրիայում գտնվող օսմանյան ժամանակաշրջանի գերեզմանի վրա (սիրիական) վարչակազմի, արմատական խմբերի կամ որևէ այլ ուժի կողմից կարժանանա Թուրքիայի հակահարձակմանը. «Իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար Թուրքիան առանց վարանելու կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները…. Ներկայումս մեր տարածքների (գերեզմանը Սիրիայում) և զինվորների վրա հարձակվելու որևէ վտանգ չկա, սակայն մենք պատրաստ ենք ամեն քայլի դիմելու սպառնալիքի առկայության դեպքում: Թուրքական հասարակությունն այս առումով կասկածի նշույլ անգամ չպետք է ունենա»: Մինչդեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության, գլխավոր շտաբի և ազգային հետախուզական կազմակերպության պաշտոնյաները մարտի 13-ին հանդիպել են, որպեսզի քննարկեն Շահի գերեզմանի անվտանգության հարցը: Չնայած Դավութօղլուն չի հստակեցրել, թե Թուրքիան ինչ միջոցներ կձեռնարկի, սակայն թուրքական լրատվամիջոցները ենթադրում են, թե հնարավոր է լրացուցիչ զորքեր ուղարկվեն՝ պաշտամունքի այդ վայրը հսկելու համար:

Իմ կարծիքով՝ Դավութօղլուի սպառնալիքը պարզապես Սիրիայի դեմ սուր ճոճելու մի փորձ է` շեղելու թուրք հասարակության ուշադրությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին աղմկահարույց և հավանական հանցավոր վարքագծից, Թուրքիայում մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Տարածաշրջան


27/03/2014