Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՇԱՆԱԿԵՏԸ` ԴԱՌՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
ՆՇԱՆԱԿԵՏԸ` ԴԱՌՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Հարցազրույց զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Մինասյանի հետ

Փոխգնդապետ Սամվել Մինասյանը վերջերս է նշանակվել հյուսիս- արևելքում տեղակայված զորամասերից մեկի հրամանատար: Նախորդ հրամանատարի` գնդապետ Հ. Ամիրխանյանի օրոք հիշյալ գունդը ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի մեջ անցած տարի երկրորդ պատվավոր տեղն է զբաղեցրել: Դժվարին, բայց պատվավոր խնդիր է իր առջև դրել նոր հրամանատարությունը` ոչ միայն ձեռք բերած արդյունքը պահպանել, այլև համառ ու վճռական աշխատանքով մարտական հերթապահություն կատարող զորամասերի շարքում դառնալ լավագույնը։

-Պարոն հրամանատար, երկու օր Ձեր ուղեկցությամբ եղանք առաջնագծի տարբեր հատվածներում, հենակետից հենակետ անցանք, և պետք է ասել, որ զարմացած ու հիացած եմ առաջնագծում կատարված և կատարվող ինժեներական – ամրաշինական աշխատանքների ծավալից ու որակից։ Դատելով տեսածից, զորամասի սպաների, զինվորների հետ զրույցներից՝ Ձեր զորամասը առաջինը լինելու լուրջ հայտ է ներկայացնում…

-Ինչ խոսք, դժվարին խնդիր ենք մեր առջև դրել, բայց ոչ անհնարին և քայլ առ քայլ գնում ենք դեպի մեր նպատակը: Ցանկացած բնագավառում բացառվում է դրական տեղաշարժ, նվաճում առանց բարձր կարգապահության։ Բանակի հիմքերի հիմքը հենց կարգապահությունն է: Իսկ եթե զորամասը նաև մարտական առաջադրանք է կատարում, ուրեմն՝ կարգապահական խնդիրը դառնում է օդի ու ջրի նման անհրաժեշտ՝ կենսական պահանջ: Մեր նպատակին հասնելու համար մենք առաջին հերթին պետք է ամրապնդենք զինվորական կարգապահությունը՝ բացառելով տարաբնույթ արտակարգ պատահարները՝ սկսած զենքի հետ անզգույշ վարվելուց, վերջացրած միջանձնային կոնֆլիկտներով։ Իմ խորին համոզմամբ` օրվա կարգացուցակի, մարտական պատրաստության պարապմունքների հստակ կատարման, զինծառայողների մասնագիտական ունակությունները բարձրացնելու դեպքում կունենանք արտակարգ պատահարների, կարգազանցության դեպքերի նվազում, նաև բացառում:

Ինչպես նկատեցինք, մեզ վստահված սահմանի ողջ երկայնքով կատարում ենք խոշորամասշտաբ ինժեներական և ամրաշինական աշխատանքներ, ինժեներական կառույցները մշտապես կատարելագործում ենք։ Այն, ինչը դուք տեսաք, կատարված աշխատանքների ընդամենը մի մասն է։

Լուրջ հետևողական աշխատանքներ են իրականացվում անձնակազմի շրջանում զգոնության բարձրացման ուղղությամբ։ Առաջնագծում մեր դիրքապահ ուժերը ինչքան զգոն ու աչալուրջ լինեն, այնքան ավելի նվազագույնի կհասցվեն մարդկային կորուստները։ Զորքերի, զինվորական ծառայության անվտանգության ապահովման հանձնաժողովի աշխատանքները արդյունավետ դարձնելու, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանման նպատակով իրականացնում ենք հրահանգչամեթոդական պարապմունքներ, վտանգավոր աշխատանքներ ու ծառայություններ իրականացնելուց առաջ կատարում ենք նպատակային հրահանգավորումներ։ Առավել պատրաստված սպաներից կազմված մեթոդական խորհուրդն ընդգրկում ենք մարտական պատրաստության պարապմունքներում։

-Պարոն հրամանատար, խոսեցիք դիրքապահ ուժերի զգոնության մասին. այս երկու օրս հակառակորդի դիպուկահարների ակտիվացման ականատեսը եղանք նաեւ մենք: Մարտի 11-ին, ժամը 13-ին, հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացրով գնդակոծեց գյուղի հանդամասում աշխատող Սամվել Խերեմյանի ԳԱԶ -66 -ը, բարեբախտաբար, զոհեր չեղան, և միայն մութն ընկնելուց հետո գյուղի բնակիչների և օգնության եկած զինվորականների շնորհիվ հնարավոր եղավ մեքենան դուրս բերել անվտանգ տարածք։ Հաջորդ օրը դարձյալ կրակ արձակվեց մեր դիրքերի ուղղությամբ։ Գյուղացիներն ասում են, որ ադրբեջանցիների սանձարձակությունը պայմանավորված է նաև այս տարածքում ադրբեջանական որոշ հենակետերի նպաստավոր դիրքով։

-Այո՛, մեկ-երկու հատվածում ունեն դիրքային առավելություն՝ հենակետերը բարձր են տեղակայված։ Բայց դա չի խանգարում, որ անհրաժեշտության դեպքում ուժգին հակահարված տանք։ Թող ոչ մեկը չկասկածի։ Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի պահպանենք և՛ խաղաղությունը, և՛ լիարժեք իրականացնենք սահմանի պահպանությունը՝ ապահովելով բոլորի, այդ թվում նաև գյուղացիների անվտանգությունը։

-Ամեն անգամ, լինելով առաջնագծում, զրուցելով մեր ժամկետային ու պայմանագրային զինծառայողների, նրանց հրամանատարների հետ, ես կրկին ու կրկին համոզվում եմ, որ չունենք հայրենասեր ու քաջ, խիզախ և անձնուրաց զինվորի ու սպայի պակաս։

-Առաջնագծում մարտական հերթապահություն կատարող թե՛ ժամկետային եւ թե՛ պայմանագրային զինծառայող, սպա՝ բոլորն էլ հերոսական արարքների ընդունակ տղաներ են: Նրանք հասկանում են, թե ինչ է հայրենիքը և ի՞նչ արժեք ունի…

-Ի՞նչ է Հայրենիքը հայ սպայի, զինվորի համար։

-Հայրենիքը զինվորականի համար իր տունն է, իր ընտանիքը, իր ծննդավայրը։ Զինվորը քաջ գիտի, որ Հայրենիքն սկսվում է սահմանից, որը պահպանվում է մարտական հերթապահությամբ։ Սահմանին կանգնած սպա թե զինվոր հրաշալի գիտակցում է, որ յուրաքանչյուրիս բարեխիղճ և անձնուրաց ծառայությունից է կախված մեր երկրի սահմանների անառիկությունը։ Դիրքերում առկա յուրաքանչյուր խրամուղի և խրամաբջիջ զինծառայողի գիտակցմամբ պետք է համարվի մեր սահմանի եզրագիծը…

….Եթե հրամանատարն իր աշխատասենյակում չէ, ապա հաստատ դիրքերում է, խրամատում… Եվ բոլորովին էլ կարևոր չէ, թե օրվա ո՞ր ժամն է, ի՞նչ եղանակ է դրսում` շոգ, ցուրտ… Նա միշտ մարտական հերթապահություն իրականացնող զինվորի հետ է ու զինվորի կողքին… Եվ այս մասին գիտեն բոլորը… Իսկ այն հարցին, թե արդյոք զորամասը կկարողանա՞ լավագույնը ճանաչվել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի մեջ, պատասխան կտա միայն ժամանակը, թեև արված հետևողական քայլերը, անձնակազմի և հրամանատարության վճռականությունը դրական պատասխանի ավելի քան լուրջ հիմքեր են տալիս…

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ