Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՍԵՎԱԿ ԵՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ»
«ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՍԵՎԱԿ ԵՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ»

Զորամասի գրադարանավարուհի Մարիետա Շամամյանն այն կարծիքին է, որ զինվորներն այսօր ավելի շատ են ընթերցում, և ամենից շատ պահանջարկ ունի գեղարվեստական` հատկապես արկածային և դետեկտիվ գրականությունը: Իսկ ամենից շատ փնտրվող բանաստեղծը Պ. Սևակն է:

Մարիետա Շամամյանն արդեն 14 տարի աշխատում է զորամասում՝ որպես գրադարանավարուհի, հիմնադրման օրվանից: Տարիների ընթացքում գրադարանը համալրվել է 4 հազար անվանուն գրականությամբ: Գրքերի մեծ մասը ռազմական բնույթի է` կանոնագրքեր, ձեռնարկներ, ինչպես նաեւ՝ հոգևոր գրականություն: Ռազմական գրականությունը միշտ թարմացվում է. այս հարցում ԼՂՀ ՊԲ ԱԳՀՏԱ վարչությունը հետևողական է: Զգալի թիվ է կազմում նաև գեղարվեստական գրականությունը, որ հիմնականում զինծառայողների ընտանիքների նվիրատվությունն է: Զորամասի գրադարանին անցած տարի մեծ քանակությամբ գրքեր է նվիրել Մարտունի քաղաքի գրադարանը, իսկ Բանակի օրվա կապակցությամբ` տեղական դպրոցներից մեկը: Գրադարանում կարելի է կարդալ ոչ միայն հայ գրողներին` Իսահակյան, Չարենց, Սևակ, Թումանյան, այլ նաև ռուսալեզու հեղինակների ստեղծագործությունները:

Զորամասում քիչ չեն Ռուսաստանից Հայաստան եկած զինծառայողները, որոնց մի մասը նույնիսկ հայերեն չգիտի: Ուստի հատուկ նրանց համար զորամասում հրամանատարության աջակցությամբ կազմակերպվել են հայերենի դասընթացներ, որոնք շաբաթական երկու անգամ անցկացվում են գրադարանի ընթերցասրահում: «Ներկայումս դասընթացներին 15-16 զինծառայող է մասնակցում» – տեղեկացնում է գրադարանավարուհին:

Տիկին Մարիետա Շամամյանի դիտարկմամբ` զինվորների շրջանում պահանջված են նաև պատմական վեպերը, հայ մեծ զորավարների` Նժդեհի, Անդրանիկի, Մոնթե Մելքոնյանի մասին պատմող գրքերը: «Ամենաշատ ընթերցվող բանաստեղծը Պարույր Սևակն է,- առանձնահատուկ հպարտությամբ շեշտում է տիկին Շամամյանը և ավելացնում, որ ինքն էլ է Սևակի մեծ երկրպագուն:- Սևակի գրքերը գրադարանում նույնիսկ չեն մնում` փոխանցվում են ձեռքից ձեռք»:

Սովորաբար գրքերն ընթերցանության են տրվում մեկ շաբաթյա ժամկետով, եւ եթե զինվորները դիրքեր են բարձրանում` ավելի երկար ժամանակ է տրամադրվում: Գրադարանից օգտվում են նաև սպաները, որոնք հիմնականում նախընտրում են ավելի մասնագիտական գրականությունը:

Բազմազան է ռուսական գրականությունը` Դոստոևսկի, Պուշկին, Գոգոլ, Տոլստոյ: Կան նաև ռուսերեն թարգմանված արտասահմանյան գրողների ստեղծագործություններ: «Լավ կլիներ, եթե հայերենով ավելի շատ գրականություն լիներ: Եվ ընդհանրապես` մենք լավ գրքերի կարիք ունենք: Ինչ խոսք, ցանկալի է, որ գրադարանն ունենար ավելի մեծ, չոր ու հարմարավետ տարածք», – նշեց գրադարանավարուհին:

Որտեղ գիրք, այնտեղ խիղճ, իմաստություն, բարոյականություն, լույս, գեղեցկություն: Բացառություն չէ նաև զորամասային այս փոքրիկ գրադարանը:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լուս.` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ