Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼԸ



Հայրենիքի անկախության և ազատության համար Ռոբերտ Գևորգյանը չխնայեց ամենաթանկը` իր կյանքը: Կռվեց ու զոհվեց քաջին վայել, հերոսի նման։ Կադրային զինվորական էր. ավարտել էր Վրաստանի Սոֆինո քաղաքի հատուկ ենթասպայական դպրոցը, Լենինգրադի ռազմաքաղաքական բարձրագույն հրամանատարական ուսումնարանը և ծառայության նշանակվել ԽՍՀՄ 456-րդ գնդում որպես դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ Բանիմաց զինվորականն ու նվիրյալ սպան ընկել էր զինվորական ծառայության լայնահուն ճանապարհը, և ով իմանա՝ ճակատագիրը դեպի ինչ բարձունքներ կառաջնորդեր նրան, եթե չսկսվեր Արցախյան պատերազմը։ Եվ իր նման շատ քաջերի պես Ռոբերտը հայտնվեց պատերազմի ամենաթեժ և վտանգավոր կետերում… 1990թ. Ռ. Գևորգյանը ծառայության է անցնում նոր կազմավորված ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի 2-րդ մոտոհրաձգային գումարտակում՝ որպես վաշտի հրամանատար, այնուհետեւ շտաբի պետ, գումարտակի հրամանատար, և մարտական ուղին ձգվում է Տավուշ, Սիսիան, Գորիս, Մեղրի, Արցախ… Նա մե՛կ զենք-զինամթերք էր հայթայթում, մե՛կ զինվորներին ռազմական գիտելիքներ էր ուսուցանում, մե՛կ շրջափակված Արծվաշենում էր, մե՛կ ոչնչացնում էր հակառակորդի ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող կրակակետերը… Եվ պատահական չէր, որ թշնամին մեծ գումար էր խոստացել նրա գլխի համար։ Սակայն անվախ քաջորդու համարձակությունը սահման չուներ. նա անգամ առանց զենքի էր բանակցությունների գնում…

1992թ. Ռոբերտ Գևորգյանը նշանակվում է մոտոհրաձգային գնդի հրամանատար։ Զինվորները վստահում էին զինվորական փայլուն գիտելիքներով ու բացառիկ ունակություններով, քաջ ու աննահանջ իրենց հրամանատարին: Ամենածանր և անհուսալի վիճակներից անգամ ելք էր գտնում, և փորձառությունը նրան երբեք չէր խաբում՝ միշտ փայլուն եւ անթերի էր կատարում առաջադրանքը եւ ամենակարևորը՝ անկորուստ։ Նա առջևից քայլող հրամանատար էր, դողում էր ամեն զինվորի կյանքի համար։

1994թ. մարտ ամիսն էր: Հերթական առաջադրանքը կատարելուց հետո 7 զինվորի ուղեկցությամբ նրանք Հորադիզից դուրս են գալիս ու… հայտնվում հակառակորդի շրջափակման մեջ։ Հրամանատարը թշնամու կրակն իր վրա է վերցնում՝ մյուսներին տալով մահվան օղակից դուրս գալու հնարավորություն… Թշնամու 17 զինվոր է գետին փռում, սակայն ինքն էլ ծանր վիրավորվում է։ …Ուշքի է գալիս թշնամու շտաբում։ Սակայն այստեղ ևս արիությունը չի լքում քաջին՝ խլելով իր մոտ կանգնած ժամապահի զենքը, Ռոբերտ Գևորգյանը կրակատարափ է տեղում չորս կողմը։ Ադրբեջանցիները դաժան հաշվեհարդար են տեսնում հանդուգն հայորդու հետ, կտտանքների ենթարկում։ Նրա անկենդան, տանջամահ արված մարմինը եղբայրները ավելի ուշ կարողանում են փոխանակել գերիների հետ։

Հայրենիքը բարձր գնահատելով Ռոբերտ Գևորգյանի սխրանքը և անձնուրաց ծառայությունը, նրան հետմահու շնորհում է գնդապետի զինվորական կոչում և պարգևատրում 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

♦♦♦

…Ռոբերտի մահվանից 20 երկար ու ձիգ տարիներ են անցել։ Եվ ահա օրերս Քասախ գյուղի հերոս քաջորդու անունը կրող դպրոցի բակում հավաքվել էին նրա զինակից ընկերները, հարազատ-բարեկամները, ՊՆ, ՆԳ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու հավերժի ճամփորդ ազատամարտիկին։

Աշակերտները ներկայացնում են Գևորգյանի անցած ուղին։ Մարտական ընկերներն էլ՝ Սեյրան Մարկոսյանը, Օլեգ Թումանյանը, Արամ Աբրահամյանը, Կոլյա Սիմոնյանը, Գրիշա Սարգսյանը խոսում են նրա մարդկային որակներից, և բոլորի աչքի առջև հառնում է Ռոբերտ Գևորգյանի հերոսական կերպարը. «Ձևականություններ չէր սիրում, անշահախնդիր էր, մաքուր, պարզ ու շիտակ։ Մարտի գնալիս ընկերներին միշտ երկու պատվիրան էր տալիս՝ գերի չընկնել և վիրավոր ընկերոջը մարտադաշտում չթողնել։ Իսկական զինվորականի, իսկական հրամանատարի կատարելատիպ էր…»։

Միջոցառմանը ներկա էր նաև «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, նա նույնպես ջերմ և սրտառուչ խոսքեր է ասում հրամանատարի հասցեին, որին անձնապես ճանաչում էր, ապա հետմահու պարգևատրում է «Զինվոր հայրենյաց» մեդալով։ «Փառապանծ մարտիկ» ՀԿ-ի կողմից ևս Ռ. Գևորգյանին հետմահու մեդալ է շնորհվում։ Մեդալները հանձնում են Ռոբերտի որդուն՝ Անդրանիկին։

Հերոս քաջորդու եղբայրը՝ գնդապետ Ռուբիկ Գևորգյանը (ի դեպ, զինվորական է նաև Ռոբերտի փոքր եղբայրը՝ Ռազմիկը), իր սրտի խոսքն ու շնորհակալությունն է հայտնում բոլոր ներկաներին, ապա նաև նշում, որ հարգելուց, հիշելուց և հիշատակելուց բացի պետք է տեր կանգնենք կյանքի գնով ազատագրված մեր այս տարածքներին։ Միասնական լինենք և ամեն մեկս մեր ձևով, մեր չափով սատարենք, մեր նպաստը բերենք հայրենիքի հզորացմանը, մենք դեռ Սիս ու Մասիս ունենք ազատագրելու…

Այնուհետև բոլորն ուղևորվում են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի և խոնարհման տուրք մատուցելու լեգենդար հրամանատարին։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #10 (1028) 20.03.2014 – 26.03.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


20/03/2014