Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



Գնդապետ Ա. Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասում մի տեսակ առանձնահատուկ, հարգալից վերաբերմունք կա հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Ստեփան Ալեքսանյանի նկատմամբ:

-Եթե սպաների մեջ կա մեկը, որ օրինակ կարող է լինել մյուսների համար, ապա, իհարկե, կապիտան Ստեփան Ալեքսանյանն է,- ասաց հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը:

Մինչ կսպասեինք կապիտան Ալեքսանյանին, գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Նազարեթ Հովհաննիսյանը հպարտությամբ ցույց տվեց վաշտի զորանոցի գեղեցիկ ձևավորված ննջարանները, փաստատախտակները, հայ ռազմարվեստի ճանաչված դեմքերի պատգամ դարձած թեւավոր խոսքերը, իսկ տեղեկատվության և հանգստի սենյակը բառերով ներկայացնելն անիմաստ է, այն տեսնել է պետք: Բայց մեզ ոչ թե ձևը, այլ ավելի շատ բովանդակությունն էր հետաքրքրում: Զինվորները, որոնց հետ զրուցեցինք, անխտիր ունեին բարձր տրամադրություն: Անկողինները հարդարված էին միաձև, անհատական պահարաններում կանոնավոր դասավորված էին անձնական հիգիենայի պարագաները, հողաթափերը, սրբիչներն ու երեսսրբիչներն իրենց տեղում էին: Ամենուր կարգուկանոն էր: Տպավորությունը ամբողջացնելու համար մայոր Հովհաննիսյանն ասաց. «Ի դեպ, մեր վաշտում չեն ծխում»:

Ահա և ծանոթանում ենք լավագույն վաշտի հրամանատարի` կապիտան Ստեփան Ալեքսանյանի հետ:

-Արամուսցի եմ, 2001թ. ավարտել եմ դպրոցը և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ավարտել եմ ուսումս ու ծառայության անցել սահմանային զորամասում: Եղել եմ հակատանկային դասակի, այնուհետև ականանետային մարտկոցի հրամանատար, արդեն երկուսուկես տարի այստեղ եմ,- ասաց կապիտանը:

Նրա հրամանատարությամբ հրաձգային վաշտը 2012թ. լավագույնն է եղել զորամիավորման կազմում, իսկ անցած՝ 2013թ. ուսումնական տարում, նվաճել է լավագույն վաշտի կոչումը: Այդ հաջողությանը վաշտը հասել է հաղթելով թիվ 27, 24 վարժաձևերում՝ 1000 մ վազք և արգելագոտու հաղթահարում: Երիտասարդ սպան հպարտությամբ է ցույց տալիս մրցանակը` գավաթը: Կապիտան Ալեքսանյանի հրամանատարությամբ վաշտը բոլոր ուսումնական փուլերն ավարտել է «լավ» գնահատականներով, նույնպիսի գնահատականի է արժանացել նաև 2013թ. տեսչական ստուգումների ժամանակ և ամփոփիչ քննությանը:

-Աշնանը մեր զորամիավորումում անցկացվում էր մարտական պատրաստության բաժանմունքների պետերի հավաք, և վաշտը պատիվ ունեցավ հավաքի մասնակիցների առջև հանդես գալու շարային պատրաստությունից ցուցադրական պարապմունքով, իսկ ուսումնական փուլի փակման կապակցությամբ՝ դեկտեմբերի 9-13-ը, գումարտակն անցկացրեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որից վաշտը դարձյալ ստացավ «լավ» գնահատական: Հաջողությունը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Ինձ շատ են օգնում մայոր Նազարեթ Հովհաննիսյանը, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտներ Արթուր Հովնանյանը, Գրիգորի Գլոբան, կապիտան Մուշեղ Պոչինսկին, դասակների հրամանատարների տեղակալներ, սերժանտներ Սևակ Կարապետյանը, Գևորգ Բալդարյանը, կրտսեր սերժանտ Գևորգ Փիլոյանը, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վազգեն Պողոսյանը: Վաշտում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ է տիրում, ուսումնական փուլի արդյունքները արժանիորեն ոգևորել են անձնակազմին, ու հիմա մենք լի ենք աշխատելու, նոր առաջադրանքները կատարելու եռանդով,- հավաստիացրեց կապիտան Ստեփան Ալեքսանյանը:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/03/2014