Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՍ
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՍ

Մայոր Գայանե Պողոսյանը հանրապետության ճանաչված լրագրողներից է։ Նրա հրապարակումներին հատուկ է անաչառությունը, թարմ գրելաոճը եւ պրոբլեմները վերհանելու կարողությունը։ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում աշխատելիս Գայանե Պողոսյանը դրսեւորվեց որպես պետականությանը անսահմանորեն նվիրված անձնավորություն։ Նրա խոսքը անմիջական է, պատկերավոր. հասնում է թե՛ գեներալին, թե՛ շարքայինին։ Կազմակերպված եւ ընդգծված անհատականություն է։ Թե՛ լրագրության մեջ եւ թե՛ կյանքում հախուռն է, գործում է արագ եւ նպատակային։ Կարճ ժամանակում նա յուրացրեց զինվորական կյանքի այբուբենը եւ դարձավ գիտակ զինվորական լրագրող։
(հատված ծառայողական բնութագրից)

-Ես շատ գունեղ ու մի քիչ էլ արտասովոր մանկություն եմ ունեցել։ Ընտանիքիս միակ երեխան էի, եւ ծնողներս առավոտից իրիկուն ինձնով էին զբաղված։ Արդյունքը եղավ այն, որ ես չորս տարեկանում ինքնուրույն ընթերցում էի, վեց տարեկանում դաշնամուր էի նվագում։ Իմ ուղեղում մշտապես զանազան պատմություններ ու պատկերներ էին պտտվում, երբեմն՝ այնքան վառ ու երեւելի, որ իմ երեւակայական աշխարհը խառնվում էր իրականին։
…Հայրս մահացավ, երբ վեց տարեկան էի։ Մինչ օրս մեր գյուղում հորս հիշում են օրհնանքով ու սիրով եւ պատմում են, թե որքան շիտակ, անշահախնդիր, առատաձեռն ու գթասիրտ մարդ էր նա։ Ես այնքան էի հպարտանում իմ հորով, որ նույնիսկ որոշել էի փոխել ազգանունս եւ հորս անունով ինձ կոչել Հայկյան։
Իմ հուզաշխարհի եւ մտածելակերպի վրա մեծ ազդեցություն է ունեցել մայրս՝ Սիլվա Ղուշչյանը։ Նա բացառիկ կին է՝ հարուստ ներաշխարհով, բարձր ինտելեկտով, ազնվակերտ նկարագրով ու նուրբ ընկալումներով։ Ես չեմ հանդիպել ավելի նրբազգաց, կարեկից, լավատես ու հավատավոր մարդու։ Մայրս փորձում էր 3-4 երեխայի համար նախատեսված իր երազանքները իրականացնել իմ միջոցով. ես դպրոցից գալիս էի տուն, վազում երաժշտական դպրոց, ապա պարի, շախմատի… ես 50 կմ ճանապարհ էի կտրում, որ հասնեմ Երեւան եւ մասնակցեմ «Շավիղ» պատանի ժուռնալիստի դպրոցի պարապմունքներին։ Բայց այդ ամենով հանդերձ՝ կարողացա շրջանցել առաջին դասարանը, տասնամյակն ավարտեցի ինը տարում՝ գերազանց գնահատականներով։
Իմ մանկության ամենակարեւոր իրողություններից մեկն էլ այն է, որ ես կուլիսներում եմ մեծացել։ Մայրս մշակույթի տան տնօրեն էր ու գրեթե ամեն շաբաթ հյուրընկալում էր Հայաստանի լավագույն թատերախմբերին ու համույթներին, ժամանակի ամենաճանաչված մտավորականներին՝ գրողներին, դերասաններին, կոմպոզիտորներին, նկարիչներին, բանաստեղծներին… Ես բախտ եմ ունեցել շփվելու նրանց հետ, երբ տակավին երեխա էի։ Մանկության ու պատանեկության տարիներին ես դիտել եմ Հայաստանում բեմադրված բոլոր ներկայացումներն ու կինոթատրոններում ցուցադրվող բոլոր ֆիլմերը։ Եթե դրան հավելեմ, որ մայրս մասնագիտությամբ երաժիշտ է՝ խմբավար, ու ես մեծացել եմ երգչախմբային արվեստի ու դասական երաժշտության ուղեկցությամբ, պատկերն ամբողջական կդառնա։
-Ինչպե՞ս ընտրեցիր լրագրողի մասնագիտությունը։
-Նախքան հարցին պատասխանելը, ուզում եմ պատմել մի մարդու մասին, որը բացառիկ դերակատարում է ունեցել իմ կյանքում։ Նա մեր դպրոցի տնօրենն էր՝ Ռաֆայել Մկրտչյանը (այժմ աշխատում է Արարատի մարզպետարանում)։ Ես բարդ երեխա էի, երբեմն՝ պարադոքսի հասնող հակասականությամբ։ Ռաֆայել Մկրտչյանը միակ մարդն էր, որը անվերապահ հեղինակություն էր ինձ համար։ Նա մեծ մանկավարժ էր։ Ռաֆայել Մկրտչյանի գովասանքին արժանանալու համար ես պատրաստ էի ցանկացած սխրանքի։ Եթե ամեն երեխա, ամեն աշակերտ ունենա իր Ուսուցիչը, թերեւս ավելի հեշտորեն կգտնի իր տեղը կյանքում եւ կխուսափի ճակատագրական սխալներից։
Ինչ վերաբերում է լրագրողի մասնագիտությանը, անկեղծ ասած, դպրոցական տարիներին ինձ ավելի շատ հրապուրում էր այդ մասնագիտության արտաքին փայլը՝ ճանաչում, շփումներ, հեղինակություն… Հետո հասկացա, թե որքան դժվար, պատասխանատու, միեւնույն ժամանակ բարձր ու պատվելի մասնագիտություն եմ ընտրել։ Լրագրությունը սոսկ մասնագիտություն չէ, քաղաքացիական նկարագիր է, բարոյականություն, դիրքորոշում ունենալու քաջություն, սկզբունքայնություն, մտավորականի կեցվածք, պատասխանատվություն։ Լրագրողը պետք է լինի բազմակողմանի զարգացած, ունենա բարձր մտավոր կարողություններ, գեղարվեստական ճաշակ, բառազգացողություն, պետք է խոսքի վարպետ լինի…
-Ի՞նչ է փոխել քո մեջ ծառայությունը ազգային բանակում։
-Ես ավարտել եմ Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ժուռնալիստիկա մասնագիտությամբ եւ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի արվեստագիտության բաժինը, իսկ տպագրվել սկսել եմ դեռեւս դպրոցական տարիներից։ Ծառայությունն ազգային բանակում ինձ տվեց լրագրողի համար շատ կարեւոր մի նոր հատկանիշ՝ պետական մտածողություն։ Իմ արժեքային համակարգում ձեւավորվեց նոր մեծություն՝ պետությունը, ու պետության շահը՝ որպես գերակա արժեք։ Թող ինձ ներեն մոլեռանդ հայրենասերները, բայց ես ցանկանում եմ, որ մենք հայրենիքը սիրելուց առաջ սիրենք մեր պետությունը, սիրենք մեր արժանապատվության, մեր ուժի խորհրդանիշ բանակը։
Խաղաղ ժամանակների հայրենասիրության չափանիշը ինձ համար պապիս արարքն է. նա թողեց երեւանյան բնակարանը, դպրոցի տնօրենի պաշտոնը, ընկերներին եւ գնաց իր ծննդավայր՝ Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղը եւ կնոջ հետ սկսեց աշխատել հայրենի գյուղի դպրոցում՝ ինքը՝ որպես տնօրեն, կինը՝ որպես ուսուցչուհի։ Ինձ համար սահմանին կանգնած զինվորի սխրանքը ավելին արժե, քան ամբիոններից հայրենասիրության մասին ճառող «մտավորականի» պաթետիկ, սրտառուչ ելույթը։ Ես հոգնել եմ լսելուց, թե ինչ հզոր մշակույթ են ստեղծել իմ հեռավոր նախնիները, ես ուզում եմ այսօր ժամանակակիցներիս հետ իմ բաժինը տալ համաշխարհային քաղաքակրթությանը ու հետ չմնալ նրանցից, ովքեր «ծառերի վրա էին, երբ մենք Նարեկացի ունեինք»։ Ինձ վիրավորում է այն փաստը, որ 15 թվականին թուրքերը մորթել են իմ նախնիներին։ Ես իմ արյան մեջ փնտրում եմ Արցախում հաղթած դյուցազունների գենը։
…«Հայ զինվորում» աշխատելը ինձ հնարավորություն տվեց վայելելու մեծ մտավորականների հետ հաղորդակցվելու բացառիկ հաճույքը՝ Գեւորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Գոհար Գասպարյան, Խորեն Աբրահամյան, Տիգրան Լեւոնյան, Կարպ Խաչվանքյան, Ռեգինա Ղազարյան, Լազր Սարյան, Ռուդոլֆ Խաչատրյան… Եվ նրանք, ովքեր այսօր մեր կողքին են ու իրենց բարձր արվեստով Հայաստանը ճանաչելի են դարձնում ամբողջ աշխարհում։
-Դու «Հայ զինվոր» թերթի գաղափարախոսության բաժանմունքի խմբագիրն ես։ Ի՞նչ գաղափարախոսություն է տարածում «Հայ զինվորը», որո՞նք են ազգային գերակա գաղափարները թերթի քարոզչական ծրագրում։
-«Հայ զինվորը» բանակի միտքն է եւ բարոյականությունը։ Թերթը ահռելի ներդրում ունի բանակաշինության գործում, այն բանակի խոսափողն է, բանակի գաղափարախոսության արտահայտիչն ու քարոզիչը։ Իմ խորին համոզմամբ՝ «Հայ զինվորի» մեկ հոդվածը (լավ հոդվածը) կարող է շատ ավելի մեծ բարոյահոգեբանական-գաղափարական ազդեցություն ունենալ լսարանի վրա, քան ամիսների դաստիարակչական քարոզն ու խրատը։
Թերթը քարոզում է ուժեղ պետության, պաշտպանված երկրի, մարտունակ բանակի գաղափարը։ Թերթը կոչ է անում ազգային համերաշխության, հանդուրժողականության, միասնականության։ Թերթը ավանդապաշտության, ինքնաճանաչողության, ազգային ինքնության պահպանման, ազգային արժանապատվության ամրապնդման, ազգային հպարտության ջատագով է, միաժամանակ զարգացման ու առաջընթացի, համաշխարհային քաղաքակրթութան ճշմարիտ արժեքներին ինտեգրվելու կողմնակից։ Թերթը հասարակություն-բանակ երկխոսություն ապահովող գործոն է, հայ մարդու խոհերի ու մտահոգությունների արտահայտման ամբիոն։ Ես կարծում եմ, որ պետք է ընդլայնվի թերթի լսարանը, թերթը պետք է հասու լինի հատկապես երիտասարդ սերնդին, պետք է մտնի յուրաքանչյուր հայ ընտանիք եւ հնարավորինս մեծ ծավալով տարածի այն հայրենապաշտ ու ազգաշահ գաղափարները, որոնք արծարծվում են թերթում։
-Որքանո՞վ է պահանջված «Հայ զինվորն» այսօր։
-Այսօր մեր հասարակության մեջ բազմաթիվ բարձր արժեքներ ունեն շատ ցածր պահանջարկ, օրինակ՝ ցածր է գիտելիքի պահանջարկը, ազգայինի պահանջարկը, հայրենասիրության պահանջարկը, բարձր արվեստի պահանջարկը… Բայց դրանից նշյալ արժեքների վեհությունն ու կարեւորությունը չեն նսեմանում։ Եթե հեռուստատեսությունը, մամուլը, արվեստը՝ ներկայացումներն ու ֆիլմերը կարող են իջնել օրվա պահանջարկի մակարդակին ու լուծել բացառապես ֆինանսական խնդիրներ՝ անտեսելով երկրի ու հասարակության շահերը, «Հայ զինվորը» իր բարոյական նկարագրով եւ որդեգրած առաքելությամբ չի կարող նույնն անել։ Եթե «Հայ զինվորում» արծարծված գաղափարները պահանջված չեն հայ հասարակության մեջ, ապա դա մեր ընդհանուր ողբերգությունն է։ Եթե մեր հասարակության մեջ պահանջված չեն, օրինակ, հայ առաջնակարգ մտավորականների հետ հարցազրույցները, եթե պահանջված չեն Արմեն Ջիգարխանյանի, Սոս Սարգսյանի, Ռազմիկ Դավոյանի, Էդվարդ Միրզոյանի, Պերճ Զեյթունցյանի մտորումները, եթե պահանջված չեն հող ազատագրած հերոսների մասին պատմող ակնարկները (թվարկումը չշարունակեմ), ուրեմն՝ պիտի մեծապես աջակցել, որ «Հայ զինվորը» կատարի պահանջարկ թելադրողի իր առաքելությունը։ Եթե ես լինեի որոշողը, կմեծացնեի «Հայ զինվորի» տպաքանակը, յուրաքանչյուր դպրոցին, բուհին անվճար կտայի մի քանի տասնյակ թերթ, կրպակներում թերթը կվաճառեի սիմվոլիկ գնով… Մի խոսքով, ամեն ինչ կանեի, որ թերթը ընթերցվի, որ թեթում արծարծված ազգանպաստ ու հայրենաշահ գաղափարները հասնեն հայ մարդուն։
Ուզում եմ նշել, որ «Հայ զինվորն» ունի մեծ մտավոր ներուժ, ավագների կողքին հաջողությամբ աշխատում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Օրերս մեր թերթի ամենաերիտասարդ լրագրողը՝ Շուշան Ստեփանյանը, պարգեւատրվեց պաշտպանության նախարարության պատվոգրով։ Շուշանը օժտված, պարտաճանաչ, բանիմաց անձնավորություն է։ Նա ունի լրագրողի համար կարեւոր հատկանիշներ՝ շիտակ է, սկզբունքային, առաքինի։ Շնորհավորում եմ սիրելի գործընկերուհուս ու մաղթում նորանոր ձեռքբերումներ։
-Մենք նույնպես առիթ ունենք շնորհավորելու քեզ. դու պարգեւատրվել ես «Դրաստամատ Կանայան» մեդալով։ Ի՞նչ խորհուրդ ունի պետական պարգեւը լրագրողի համար։
-Ես համալսարանը նոր էի ավարտել, երբ դարձա Ժուռնալիստների միության անդամ, ունեմ բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր պաշտպանության նախարարի կողմից, «Անբասիր ծառայության» մեդալներ։ Լեզվի պետական տեսչությունը ինձ պարգեւատրել է պատվոգրով՝ «Մայրենիի անաղարտության պահպանման եւ զարգացման գործում ունեցած ավանդի եւ ուշագրավ հրապարակումների համար»։ Համարում եմ, որ բոլոր պատվոգրերն ու մեդալները, որ ստացել եմ, շնորհվել են իմ հոդվածներին՝ իբրեւ հավաստիքն այն փաստի, որ դրանք գտել են իրենց լսարանը, կատարել են իրենց առաքելությունը։

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԹՅԱՆ
փոխգնդապետ