Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ` ՀԵՐՈՍՆԵՐԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ` ՀԵՐՈՍՆԵՐԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ

Հոծ բազմություն էր հավաքվել գյուղի հուշահամալիրի մոտ։ Նորակոչիկների զինվորական երդման արարողության համար ընտրված էր հենց այդ սուրբ վայրը։ Արարողությանը ներկա էին զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ս. Սարգսյանը, վարչակազմը, զորամասի հոգևոր սպասավոր տեր Պսակ քահանա Մկրտչյանը, սպաներ, զինվորներ, հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից եկած նորակոչիկների ծնողներ, հարազատներ։

Իրավամբ տոն էր ոչ միայն զորամասի ողջ անձնակազմի, այլ նաև գյուղի բնակչության համար, քանի որ նորակոչիկը պետք է զինվորական սրբազան գործին կոչվեր հարազատ գյուղի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների եղբայրական գերեզման-սրբատեղի դարձած բարձունքում։ Կրկնակի տոն էր, քանի որ երկրի պաշտպանության գործին զինվորագրված հայորդին մասնակից է դառնում իր հերոսական պատմությանը, մոտիկից ճանաչում տարածքի անառիկությունը իրենց կյանքով փրկագնած հերոսներին, որով էլ զինվորական երդման իմաստը կրկնապատկվում է։

Բացելով տոնական միջոցառումը՝ ելույթ ունեցավ զորամասի հրամանատարը. «Շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ զինվորներ, հայրենիքի պաշտպանության շարքերը համալրելու առթիվ։ Ձեր պարտքի և պատասխանատվության զգացումը ահռելի է, քանի որ կանգնած եք սրբավայր դարձած գյուղի հերոսական բարձունքում։ Ճանաչե՛ք հերոսներին, սիրե՛ք ձեր պատմությունը, լավ տիրապետե՛ք ռազմական գիտելիքներին, զենքին։ Եղե՛ք զգոն, աչալուրջ, պատվախնդրորեն ծառայեք և ողջ-առողջ վերադարձեք ձեր ընտանիքների գիրկը»։

Տերունական աղոթքով իր օրհնանքը բերեց զորամասի հոգևոր սպասավոր տեր Պսակ քահանա Մկրտչյանը, որը զինվորների շրջանում մեծ աշխատանք է կատարում հայրենասիրական հայացքների ձևավորման, ամրապնդման, քրիստոնեական արժեքների փոխանցման, պահպանման համար։

Ելույթ ունեցավ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Դ. Եղիկյանը և շնորհավորելով զինվորներին ու նրանց հարազատներին՝ նա երդման արարողությունը անվանեց «Հայրենասիրական բաց դաս, հուզմունքի և հպարտության հանրագումար, որից ծնվում է ճշմարիտ դաստիարակության ուղին»։ Բարեխղճորեն կատարեք ամեն մի հանձնարարություն, առաջադրանք։ Եղեք հանդուրժող, համերաշխ։ Խաղաղություն եմ ցանկանում բոլորիդ»։

Ավարտվեց միջոցառումը, բայց դեռ երկար ժամանակ չէի կարողանում հեռանալ հուշահամալիրից։ Դեռ երկար ականջներումս զորամասի նվագախմբի խրոխտ հնչյուններն էին, զինվորների երդման բառերը։

Հեռացա՝ օրհնանքի խոսքեր ասելով բոլոր այն մարդկանց հասցեին (նախարարից մինչև զորամասի ու ստորաբաժանման հրամանատար, նորակոչիկների հետ աշխատող սպաներ՝ փոխգնդապետ Ն. Մանգասարյան, մայորներ՝ Գ. Փլավչյան և Վ. Սիրեկանյան, կապիտաններ՝ Վ. Հակոբյան ու Հ. Պետրոսյան, ենթասպա Ռ. Սարիբեկյան, շարքային զինվորներ, մասնակիցներ), ովքեր իրենց նպաստն են բերում տոհմածառի զորացմանն ու ամրապնդմանը, այսինքն՝ մեր բանակի հզորացմանը։

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ