Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՐԿՆՔԻ ՎԱՂՎԱ ՊԱՀԱՊԱՆՆԵՐՆ ԵՆ



Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտն այս տարի իր հերթական շրջանավարտներն է տալու: Հեղինակավոր ռազմական ուսումնական հաստատության ավարտական կուրսում արդեն ամփոփիչ ստուգումներ են: Փետրվարի 27-ին պետական ավարտական քննություն հանձնեցին ավիացիոն ֆակուլտետի կուրսանտները: Ռազմաօդային ուժերը համարվում են զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները: Հետևաբար ուշադրությունն ու հսկողությունն էլ նրանց նկատմամբ համապատասխան է: Պետական քննական հանձնաժողովը գլխավորում էր ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Մուրադյանը: Վարչության պետը և քննական հանձնաժողովի մյուս անդամները մանրամասն ստուգում էին յուրաքանչյուր կուրսանտի մասնագիտական գիտելիքները: Հարցերը բավական լայն շրջանակ էին ընդգրկում՝ սկսած պարզագույն մաթեմատիկական հաշվարկներից, վերջացրած մարտական լուրջ իրադրությունում աերոդինամիկ բարդագույն մոդելավորումներով, օդանավի ամեն մի մասնիկի կիրառման առանձնահատկություններով: Կարելի է նույնիսկ ասել, որ կուրսանտներին հարցախեղդ էին անում: Բայց, իհարկե, նման մոտեցումը արդարացված է: Ինչպես հայտնի է, օդաչուները խիստ կարևոր առաքելություն են իրականացնում: Մարտական գործողությունների վարման արդի պայմաններում հաճախ ամեն ինչ սկսվում և ավարտվում է մի քանի ավիահարվածներով, կամ էլ դրանք կանխորոշում են ճակատամարտի հետագա ընթացքը: Շատ դեպքերում ցամաքային ստորաբաժանումները չեն էլ հասցնում մարտի դաշտում ցուցադրել իրենց պատրաստվածությունը: Անխափան թռիչքն ապահովելու համար նաև մեծաթիվ սպասարկող անձնակազմ է աշխատում: Երբեմն մի քանի րոպե տևող օդային խնդրի կատարումը մի քանի տասնյակ մարդ նախապատրաստում է մի քանի ժամում, նույնիսկ մեկ-մեկուկես օրում: Այսինքն՝ օդաչուն այնքան պատրաստված պետք է լինի, որ «ջուրը չգցի» ցամաքային ուղեկցող, սպասարկող տեխնիկական, կապի և այլ մասնագետների ահռելի աշխատանքը՝ միաժամանակ ապահովելով մարտական խնդրի ճշգրիտ կատարումը:

Ավիացիոն ֆակուլտետի կուրսանտների ուսուցումը, ապա նաև քննությունների անցկացումը այնպես է կազմակերպված, որ հաշվի առնվեն թվարկված բոլոր նրբությունները: Առաջին կուրսում կուրսանտները տեսական գիտելիքների լայն պաշար են ստանում, իսկ արդեն երկրորդ կուրսում, բացառիկ դեպքերում նաև առաջին կուրսի վերջում, նրանք իրավունք են ստանում հրահանգչի հսկողությամբ ինքնուրույն թռիչքներ կատարելու ուսումնական ինքնաթիռներով: Ուսումնական ծանրաբեռնվածության ավելացմանը զուգահեռ երրորդ կուրսում նրանք արդեն թռչում են ռեակտիվ շարժիչներով ուսումնամարտական ինքնաթիռներով: Ուսումնական ծրագիրը ամբողջությամբ յուրացրած կուրսանտները ավարտական կուրսում պետական քննություններ են հանձնում իրենց հիմնական մասնագիտական թեմաներն ընդգրկող հետևյալ առարկաներից՝ «Թռչող ապարատների աերոդինամիկա», «Թռչող ապարատների կառուցվածք և թռիչքային շահագործում», «Ռազմաօդային ուժերի մարտավարություն և ավիացիոն սպառազինություն», «Թռչող ապարատների օդանավավարման տեխնիկա»: Վերջին՝ գործնական քննությունը կուրսանտները կհանձնեն միայն նախորդները հաջողությամբ հանձնելուց հետո: Այդ փուլին մենք դեռ կանդրադառնանք, իսկ առայժմ ոչ ոք հստակ չի կարող ասել, թե քանի հոգի կմասնակցի գործնական օդանավավարման փուլին: Մի բան պարզ է՝ անմիջական թռիչքների վերջին փուլ հասնում են միայն լավագույնները: Ինչպես նշեց ավիացիոն ֆակուլտետի պետ, գնդապետ Մարտիրոսյանը, իրենք աշխատում են որակյալ կադրեր պատրաստելու ուղղությամբ, այլ ոչ թե՝ քանակ ապահովելու:

-Օդաչուները բարդ տեխնիկա են շահագործում, նրանց գործը շատ պատասխանատու է: Ավելի լավ է մի քանի բարձրակարգ մասնագետներ պատրաստենք, քան հետո օդում անցանկալի պատահարներ ունենանք: Մենք զինված ուժերին իսկական օդաչուներ ենք տալիս, որոնք արդեն տեղերում լրացուցիչ պատրաստություն անցնելուց հետո երկինք են բարձրացնում հզոր մարտական տեխնիկան: Լինում են դեպքեր, երբ կուրսանտները նեղսրտում են, թե ինչու իրենց չենք թույլատրում ավարտելու որպես օդաչուներ: Ի վերջո, մանրամասն բացատրական աշխատանքից հետո նրանք հասկանում են, որ դա առաջին հերթին իրենց անվտանգության եւ ապահովության համար է արվում: Առողջական խնդիրներ կամ մասնագիտական ոչ պատշաճ որակներ ունեցողները վտանգում են նախևառաջ իրենց, ապա նաև մեզնից յուրաքանչյուրի կյանքը: Նման դեպքերում նրանք վերապատրաստվում եւ դառնում են այլ որակավորում ունեցող մասնագետներ,-նշեց գնդապետը:

Քննությունը դեռ չէր ավարտվել, երբ հրաժեշտ տվեցինք կուրսանտներին՝ խոստանալով ներկա գտնվել և հետևել գործնական թռիչքների ընթացքին: Թե նրանցից քանի՞սը ինքնաթիռ կբարձրանան, առայժմ պարզ չէ, սակայն վստահ եմ, որ ամեն դեպքում՝ օդում, թե ցամաքում, հանդիպելու եմ մեր զինված ուժերի վաղվա «էլիտար» սպաների:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Ազգային բանակ


06/03/2014