Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ



ՍԵՐ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Մեր ժամանակների ամենից երևելի կանանցից մեկն անտարակույս Գոհար Վարդանյան-Փահլևանյանն է՝ համաշխարհային հետախուզության լեգենդ, ծպտյալ հետախույզ Գևորգ Վարդանյանի այրին: Կին, որ գրեթե կես դար ամուսնու հետ միասին կիսեց աշխարհի խոշորագույն տերություններից մեկի հետախույզի բարդ ու վտանգավոր, ծանր ու դժվարին կյանքը` անանց փառք բերելով իր հայրենիքին, հայ մարդուն ու հայ կնոջը:

Գոհար Փահլևանյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թեհրանում գործող «Թեթև հեծելազոր» հետախուզական խմբի միակ կին անդամն էր: Հենց այստեղ էլ 1942 թ. նա ծանոթանում է իր ապագա ամուսնու` խմբի ղեկավար Գևորգ Վարդանյանի հետ և իր կյանքը կապում նրա հետ: Պսակադրությունը տեղի է ունենում Թեհրանի հայկական եկեղեցիներից մեկում, 1946 թվականին, թեև Վարդանյանները հետագայում գործի բերումով ստիպված են լինում մի քանի անգամ տարբեր անուններով, տարբեր երկրներում կրկին ամուսնանալ: Ամուսիններ լինելու հանգամանքը շատ փակ դռներ է բացում հետախույզների առաջ` դառնալով վստահություն ներշնչելու, մտերմիկ հարաբերություններ հաստատելու լավագույն փորձված միջոցը: «Թեհրանյան շրջանը» տեր և տիկին Վարդանյանների գործունեության կարևորագույն փուլերից է համարվում, որովհետև այստեղ են նրանք ձևավորվում որպես բարձրագույն կարգի հետախույզներ:

Վարդանյան ամուսինների գործունեությունը համաշխարհային ծպտյալ հետախուզության եզակի նմուշներից է. խիզախ հայորդիները, աշխատելով մեկ տասնյակից ավելի երկրներում, թույլ չեն տվել և ոչ մի վրիպում` չեն բացահայտվել, չեն ձերբակալվել… Տեղին է հիշել Գևորգ Վարդանյանի խոստովանությունը. «Հետախուզությունը լոկ ռոմանտիկա չէ, այլ հայրենիքին ծառայելու ամենագործուն և արդյունավետ միջոց: Սա անձնազոհ ու համարձակ մարդկանց տեղն է: Եվ չի կարելի չսիրահարվել այս գործին»:

Հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունների համար Գոհար Լևոնի Վարդանյանը ԽՍՀՄ իշխանությունների կողմից արժանանում է երկրի բարձրագույն` Կարմիր դրոշի շքանշանի:

Շնորհավորում ենք խիզախ հայուհու տոնը և գլուխ խոնարհում նրա վաստակի առջև: Իսկ նրա առջև գլուխ են խոնարհել աշխարհի շատ մեծամեծներ: Գևորգ Վարդանյանը «Հայ զինվորին» տված ընդարձակ հարցազրույցի ընթացքում, պատմելով հետախույզի իր բուռն ու խիզախումներով լեցուն կյանքի ու գործունեության մասին (այդ օրը, ցավոք, վատառողջ էր Գոհար Լևոնովնան, և մեզ հաջողվեց ընդամենը հեռախոսով զրուցել նրա հետ և զգալ նրա ջերմ ու մտերմիկ խոսքի հմայքը) այդպես էլ ոչ մի անգամ չօգտագործեց «ես» դերանունը` ամեն անգամ ասելով` «Մե՛նք, ես ու Գոհարը»: Եվ ամբողջ հարցազրույցի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր նրանց ավելի քան 65 տարի ձգվող սիրո ու նվիրումի պատմությունը…

Դիմանկարը՝ Ա.Մ.ՇԻԼՈՎԻ

Գեւորգ Վարդանյանը խորհրդային արտաքին հետախուզության ծառայության առաջին հետախույզն է, որ իր կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրա անունը նշված է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 100 լավագույն հետախույզների ցանկում։ Նրան այսպես են գնահատել. «Զորգեին, Աբելին, Կիմ Ֆիլբիին հավասար… իսկ գուցե եւ առավել»։ Քաջարի հայորդու սխրանքների մեծ մասը «հույժ գաղտնի» կնիքի տակ է. առայսօր բացված է նրա տասնամյակներ ձգվող գործունեության լոկ առաջին էջը՝ «թեհրանյանը»։ Նրա ղեկավարած խմբին (հայեր, երկու ասորի եւ մեկ լեզգի) հաջողվում է կանխել «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ գերմանական հետախուզության ծառայության կազմակերպած մահափորձը («Երկար ցատկ»), որն իրականացնելու էր հայտնի Օտտո Սկորցենին՝ Հիտլերի սիրելին։

Իրանում աշխատելու տարիներին Վարդանյանին ու նրա խմբին հաջողվել է մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալի։ «Իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկը «Թեհրան 43»-ն է։ Դրանից հետո էլ կարեւոր իրադարձություններ եղել են, որոնց մասին, սակայն, դեռեւս չի կարելի պատմել»,- ասել է ականավոր հետախույզն իր հարցազրույցներից մեկում։

Հանրահայտ են նաեւ Գեւորգի եւ նրա կնոջ՝ Գոհար Վարդանյանի (Փահլեւանյան) իտալական գործուղումները։ Աշխատելով այնտեղ՝ նրանք իրենց սեւեռուն ուշադրության կենտրոնում են պահել ՆԱՏՕ-ի հարավային թեւը։ Դրանք այն տարիներն էին, երբ ԱՄՆ ԿՀՎ ապագա տնօրեն (1977-1981թթ.) ծովակալ Ստենոֆիլդ Թերները, որն ԱՄՆ երբեմնի նախագահ Ջ. Քարտերի հետ սովորել էր ռազմածովային ակադեմիայում, նշանակվում է Հարավային Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար (1975թ.)։ Այդ ժամանակ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններն ունեցել են աչքի ընկնող հասարակական դիրք, նրանց լավ են ճանաչել երկրի նախագահը, նախարարները, իսկ ամերիկյան ծովային բարձրաստիճան սպաները եւ ծովակալ Թերները մեկ անգամ չէ, որ նրանց ձեռքն են սեղմել եւ օգտվել նրանց ծառայություններից։ Հենց նրանք էլ օգնել են Գեւորգ Վարդանյանին, երբ նա գաղտնի հետախուզական առաջադրանքներով մեկնել է ԱՄՆ։

Գեւորգ Վարդանյանի անցկացրած փայլուն գործողությունները կարող են ընդգրկվել շատ երկրների հատուկ ծառայությունների դասագրքերում՝ որպես հետախույզի արդյունավետ աշխատանքի օրինակներ։

Ահա այսպիսին է Գեւորգ Վարդանյանը, մարդ, որի համաշխարհային հետախուզության պատմության մեջ կատարած ներդրման մասին կարող ենք կռահել միայն։

-Գեորգի Անդրեյիչ, հարցս գուցե մի քիչ միամիտ հնչի. դժվա՞ր է հետախույզի, հատկապես անլեգալ հետախույզի աշխատանքը։

-Եթե նվիրում կա, ապա հաղթահարելի է ամեն դժվարություն։ Դու պետք է նվիրված լինես այն գաղափարին, հանուն որի ապրում, պայքարում ես։ Դու պետք է նվիրված լինես այն երկրին, այն ժողովրդին, որի մասնիկն ես եւ անսահման սիրում ես նրան։ Այդ նվիրումն է քեզ ուժ տալիս, առաջ մղում, վստահություն ներշնչում։

-Հետախույզի աշխատանքը մշտապես պարուրված է եղել խորհրդավորության ինչ-որ քողով, ռոմանտիկ շղարշով…

-…Եվ պետք է ասեմ, որ իրականում բոլորովին էլ այդ հրապույրներից զուրկ չէ… Խիստ հետաքրքրական եւ միեւնույն ժամանակ խիստ ծանր ու վտանգավոր աշխատանք է։ Հետախույզի կյանքն ամեն օրը հղի է վտանգով, բայց, դե, դու պետք է պատրաստ լինես ամեն անակնկալի, ընտելանաս եւ ապրես։ Ապրես ինչպես բոլորը… Այլապես չես կարող աշխատել, ավելի ճիշտ՝ չես կարող հետախույզ լինել… Կյանքն անմնացորդ պայքար է, եւ դու պետք է դիմանաս այդ պայքարին, դիմանաս եւ միեւնույն ժամանակ ջանաս բարի լինել, չկոպտանալ, կյանքը, մարդկանց սիրել…

-Քիչ առաջ «գաղափար» ասացիք, բայց այսօր չկա այն գաղափարը, որին ժամանակին այնպես ջերմագին նվիրվել եք։ Չէ՞ որ Դուք մի ամբողջ կյանք ծառայել եք Խորհրդային Միության արտաքին հետախուզությանը…

-Այո՛։ Բայց հավասարության, եղբայրության գաղափարները համամարդկային եւ մարդկայի՛ն մեծ արժեքներ են… Այդ գաղափարները, ինչ խոսք, հիմա չկան, բայց կա այն երկիրը, այն ժողովուրդը՝ հանուն որի ես ապրել ու աշխատել եմ… Երկիրը, հո, մնացե՞լ է, թեկուզ ուրիշ անունով… Պատերազմի ժամանակ ես պայքարել եմ այն մեծ երկրի համար, որի մի փոքրիկ մասն էր կազմում նաեւ իմ հայրենիքը, իմ ժողովուրդը։ Խաղաղության տարիների իմ պայքարը դարձյալ իմ երկրի ու իմ ժողովրդի համար է եղել… Այո՛, այսօր, երբ, ավաղ, չկան այլեւս մեծ գաղափարները (ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում), պետք է աշխատել ու ապրել, պայքարել բուն հայրենիքի հզորացման համար։

-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը։

-Ես օտարության մեջ եմ մեծացել՝ Իրանում։ Իսկ օտարության մեջ ապրող հայի համար հայրենիքը որոշակի տեղ, աշխարհագրական վայր լինելուց բացի, շատ ավելի հոգեղեն ու ոգեղեն գոյություն է… Ես համարյա կես դար դրսում եմ ապրել… Չկա ոչինչ հայրենիքից առավել, եւ հայրենիքը սիրելու համար մի կյանքը քիչ է։ Առանց հայրենիք մենք բոլորս ոչինչ ենք՝ ով էլ լինենք, ինչ պաշտոն էլ զբաղեցնենք։ Պետք է սիրենք մեր այս մի բուռ հայրենիքը, պետք է ծառայենք նրան, պետք է խոնարհվենք նրա առաջ եւ պետք է դողանք… Հայրս, մայրս, քույրս, եղբայրս երազել են հայրենիքի մասին եւ հիմա հանգչում են իրենց երազած հայրենիքում։ Իմ սիրտը, իմ հոգին միշտ էլ հայրենիքում է՝ երեկ, այսօր, վաղը…

-Դուք հրաշալի հայերեն եք խոսում, եթե չհաշվենք պարսկահայերին բնորոշ բարբառային որոշ մեղանչումներ՝ «տեսամ, տվամ, փախցրամ…»։

-Ոչ այնքան (ծիծաղում է)։ Երբեմն ռուսերեն բառեր եմ խառնում։ Հայերենիս համար պարտական եմ ուսուցիչներիս ու ծնողներիս… Ես հիանալի ուսուցիչներ եմ ունեցել, որոնց ամեն անգամ մեծ ակնածանքով եմ մտաբերում՝ Առաքելյան, Համբարձումյան, Շահինյան, Վարոս Բաբայան… Վերջինս հետագայում դարձավ մեր դպրոցի տեսուչը… Մի քանի տարի Թավրիզում եմ սովորել, հետո ռուս-հայկական գիմնազիայում՝ չորս տարի։ 1936 թ.-ին, երբ Ռեզա շահի օրոք փակվեցին հայկական դպրոցները (նա այդ քայլին դիմեց Տաճկաստանից (Թուրքիա) վերադառնալուց հետո), ես սովորեցի պարսկական դպրոցում։ Իսկ իմ առաջին ուսուցիչը հայրս է եղել՝ Անդրեաս Վարդանյանը…

-Դուք հետախույզ եք դարձել Ձեր հոր օրինակով։

-Նա իմ կյանքի լավագույն օրինակն է եղել։ Հայրս ծնվել է Սալմաստում, շատ աղքատ ընտանիքում։ Որբ է մեծացել, մայրը լվացք անելով է նրան պահել։ Ութ տարեկանում մայրը ազգականի հետ նրան Ռոստով է ուղարկում՝ մարդ դառնալու։ Հայրս հետագայում հանդիպում է մորս, որը մեծահարուստի աղջիկ է լինում, ամուսնանում են։ Պարսկաստան հայրս վերադառնում է որպես մեծահարուստ, նաեւ՝ հետախույզ։ Նա հասարակության մեջ լավ համարում, դիրք եւ բազմազան կապեր ուներ, ինչը նրան շատ է օգնում հետախուզական աշխատանքում։ Նա 23 տարի աշխատել է խորհրդային հետախուզության կազմում։ Ես իմ հաջողությունների համար առաջին հերթին պարտական եմ հորս եւ եւս մի պայծառ մարդու՝ Հովհաննես Աղայանցին։ Նա այն ժամանակ Իրանում խորհրդային արտաքին հետախուզության ղեկավարն էր։ Թեեւ ընդամենը 30 տարեկան էր, երբ առաջին անգամ հանդիպեցինք, բայց ինձ մեծ մարդ էր թվում։ Հետո միայն կիմանամ, որ Աղայանցը լեգենդար հետախույզ է։ Նա է, որ ինձ հետախույզ դարձրեց։

Շարունակելի

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


06/03/2014