Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏ



1994 թվականի սկզբներին Արցախյան պատերազմը թևակոխել էր դաժան ու վճռական փուլ։ Ռազմաճակատի որոշ հատվածներում բնակավայրերը մերթ ընդ մերթ ձեռքից ձեռք էին անցնում, առաջխաղացումներ էին լինում, լինում էին նաեւ ձախողումներ։ Քարվաճառի մի հատվածը առաջին ազատագրումից որոշ ժամանակ անց կրկին ընկնում է թշնամու ձեռքը։ Ադրբեջանցիները երեք բրիգադ զինուժ ու տեխնիկա են կենտրոնացնում այնտեղ՝ նպատակ փայփայելով վերածելու այն գերհզոր ռազմակայանի, որտեղից դյուրին կլիներ ոչ միայն Հայաստանի հյուսիսային մի քանի շրջանները մշտապես կրակե աքցանի մեջ պահելը, այլև Արցախին թիկունքից հարվածելը։

Քարվաճառի վերջնական ազատագրումից մեկ տարի առաջ բանակ զորակոչվեց Ալբերտ և Անահիտ Չոլախյանների կրտսեր որդին՝ Գևորգը։

Սկզբում նրան զորակոչում են Գյումրիում տեղակայված զորամասերից մեկը, բայց որոշ ժամանակ անց հայրենասեր պատանին, որ մինչ բանակ զորակոչվելը Աբովյան քաղաքի ԴՕՍՍԱՖ-ում տանկի վարորդ-մեխանիկի մասնագիտություն էր ստացել, ցանկություն է հայտնում ծառայելու սահմանամերձ զորամասերից մեկում։ Եվ քանի որ նման հարցը որոշվում էր ՊՆ կամ ԳՇ հրամանատարության թույլտվությամբ, նրան հաջողվում է հանդիպել այն ժամանակվա ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին և անձամբ իր խնդրանքը ներկայացնել։ Փորձառու զինվորականը ընդառաջում է շարքային զինվորին, և Գևորգին ծառայության են նշանակում Վարդենիսի զորամասի տանկային գումարտակում, որի հրամանատարը տանկիստ Համիկ Սայադյանն էր:

…Անգամ փորձառու զինվորականի ականջին թերևս խորթ կհնչի հետևյալ` «տանկային դուել» արտահայտությունը, բայց այս պատմության մեջ ոչինչ հորինված չէ, ավելին` այդ դուելի մասնակիցներից երկուսը` Համիկ Սայադյանն ու Մալիշը, փառք Աստծո, կան, ապրում են և այսօր արդեն ազգային բանակի գնդապետ Համիկ Սայադյանը թախիծով ու հպարտությամբ է հիշում հեռավոր 1994թ. փետրվարի 16-ին Քարվաճառի վերջնական ազատագրման համար տեղի ունեցած տանկային մենամարտի մասին:

-Երբ սկսվեց Քարվաճառի ազատագրումը, Գևորգը նոր էր եկել մեր զորամաս։ Ռազմաճակատի այդ հատվածում մեր տրամադրության տակ կար ընդամենը մեկ Ձ-72 տանկ, որի անձնակազմում էի ես, արցախցի Արթուրը՝ Մալիշը, և Գևորգը։ Այդ օրը, հարձակման ժամանակ, մեր ճանապարհին՝ մոտ 150-200 մետր հեռավորության վրա հայտնվեց թշնամու Ձ-55 տանկը։ Մենամարտն անխուսափելի էր. մենք նահանջելու միտք չունեինք, նրանք` նույնպես: Իրավիճակը երկար ծանր ու թեթև անելու ժամանակ չկար, և երկուսս էլ մեր երկաթե նժույգներով սլացանք միմյանց ընդառաջ։ Ես համոզված էի, որ հաղթելու ենք. իմ հույսը մեր տեխնիկան էր և մեր տղաների քաջությունը, իմացությունն ու ոգին։ «Հո՛ւպ տուր»,- հրամայում եմ Գևորգին: Մտածում էի` այս մենամարտում կհաղթի առաջին կրակողը։ Մինչ հարմար պահը կորսայինք, մեր ականջների տակ լսեցինք արկի հզոր պայթյունը։ Մեր տանկը ցնցվեց։ Վրիպել էին։ Հերթը մերն էր։ Որոտաց մեր պատասխանը… Քիչ անց նրանց տանկը դուրս եկավ փոշու ամպի միջից։ Վրիպել էինք նաև մենք: Ինքս ինձ մի լավ հայհոյեցի: Լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Մտածելու, կշռադատելու միջոց չկար: (Ես այն ժամանակ դեռ չէի կարող իմանալ, որ նրանց առաջին կրակոցը վնասել էր մեր տանկի նշանառության համակարգը): Ելքի չեկած՝ լսվեց նրանց երկրորդ կրակոցը. այս անգամ ուժգին ցնցում զգացինք մեզ վրա։ Երբ ընթացքը դանդաղեց, ես հասկացա, որ վնասվել է մեր տանկի ձախակողմը։

-Ի՞նչ եղավ, հրամանատա՛ր,- ականջիս հասավ Գևորգի տագնապահույզ ձայնը։

-Բան էլ չի պատահել. տանկը աջ թեքիր։

Մեր երկրորդ արկը խոցեց նրանց մեքենայի քթամասը, բայց նրանք հասցրին երրորդ արկը արձակել: Եվ ինձ զարմացրեց թշնամու համառությունը, մինչև վերջ կռվելու կամքը, տեխնիկային տիրապետելու վարպետությունը: Նրանք կարողանում էին գերազանց գործածել Ձ-55-ը, որը հատուկ հարմարեցված էր լեռնային պայմաններում մարտ վարելուն, բոլոր տեխնիկական (մարտավարական) հնարավորությունները: Բարեբախտաբար, նրանց երրորդ կրակոցն այս անգամ շեղ ստացվեց: Իհարկե ես պետք է գովեստի խոսքեր ասեմ նաև Գևորգի և Մալիշի հմտության, խիզախության մասին, ինչի շնորհիվ խուսափեցինք խփվելուց: Սակայն մենք այս անգամ չկորցրինք մեզ տրված, ով գիտե` գուցե վերջին հնարավորությունը: Մեր երրորդ կրակոցը ճակատագրական եղավ հակառակորդի համար, որը ուղիղ նշանառությամբ դիպավ տանկի ճակատին, և վայրկյաններ անց դիտահորից գլուխը հանած տանկիստը մինչև գոտկատեղը մարմնով կախվեց ցած։ Բեկորային արկը վնասել էր տանկի արտաքին բաքերը: Թշնամու Ձ-55-ը իր առանցքի շուրջը տեղապտույտ գործելուց հետո անշարժացավ: Փախչելու փորձ անող անձնակազմը ոչնչացվեց։ Եվ հանկարծ ռադիոկապով լսում ենք ճակատի հրամանատար, գնդապետ Յու. Խաչատուրովի ուրախ բացականչությունը՝ «Կեցցե՛ք, դուք հերոսներ եք»: Փաստորեն, պարզվում է, որ մեր գործողություններին ակնդետ հետևել է հրամանատարությունը:

Խփված տանկը խուճապ էր առաջացրել թշնամու շարքերում: Նրանք սկսեցին անկազմակերպ նահանջել: Ռազմամթերքով ու պարենով բեռնված մեքենաները փորձում էին վառել կամ պայթեցնել, սակայն դա նրանց հիմնականում չէր հաջողվում, ավելի շուտ` չէին հասցնում:

Թվում էր՝ վտանգն անցել է. թշնամին փախչում է… Չհասցրինք տեսնել, թե ինչպես Գևորգը դուրս ցատկեց տանկից` ասելով. «Տեսնեմ` նրանց տանկը կաշխատի՞»։ Նրա ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Երբ համոզվեց, որ հնարավոր չէ, փորձեց ճոպանով քաշել… Հենց այդ ժամանակ էլ նահանջող թշնամու դիպուկահարը գտավ նրան…

♦♦♦

Թշնամու տանկը հետո շարք վերադարձավ… որպես «Գևորգի տանկ»՝ նոփ-նոր, ընդամենը 120 կիլոմետր վազք կատարած, որը կռվեց մինչև պատերազմի հաղթական ավարտը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


06/03/2014