Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է



Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014 թվականի տարեմուտի իր ուղերձում, զինված ուժերի անձնակազմից բացի, դիմել է նաեւ հանրապետության դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին` կարեւորել բանակ-դպրոց համագործակցությունը արատավոր բարքերի դեմ պայքարի, արտաքին մարտահրավերների դիմագրավման, հայրենասիրական դաստիարակության գործում: Անկեղծ զրուցելու, ընդհանուր հայտարարի գալու եւ համատեղ անելիքների շուրջ պայմանավորվելու նպատակով պաշտպանության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը փետրվարի 20-ին Լեւոն Շանթի անվան դպրոցում նախաձեռնել էր հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական Ֆելիքս Պողոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը, մի շարք դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, զինղեկներ:

Ֆելիքս Պողոսյանը բացման խոսքում կարեւորեց պաշտպանության նախարարի կողմից ուղերձում առաջ քաշված դրույթները եւ նշեց, որ, առաջնորդվելով դրանցով, ուսուցիչները կկարողանան արդյունավետ աշխատել, կրթել եւ դաստիարակել համարձակ, նախաձեռնող, ազատ մտածող, հանուն հայրենիքի գործող, փողոցային արատավոր բարքերից զերծ, հային վայել արժանիքներով օժտված քաղաքացուն, ապագա զինվորին ու սպային: «Պատերազմի դժվարին տարիներին մեր ժողովուրդը բազում զրկանքներ է կրել՝ սով, սառնամանիք ու խավար, բայց զինվորին հաց եւ փամփուշտ, կոշիկ եւ գուլպա է հասցրել: Մենք հաղթել ենք համաժողովրդական միասնության շնորհիվ, այսօր էլ, ինչպես ուղերձում նշում է նախարար Սեյրան Օհանյանը, նորից փորձության առջեւ ենք կանգնած եւ պետք է բռունցքվենք, որպեսզի պատվով հաղթահարենք նոր մարտահրավերները, որպեսզի չդավաճանենք մեր ազգային գաղափարախոսությանը, մեր հերոս ընկերներին»,-ընդգծեց Ֆ. Պողոսյանը:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարությանը համագործակցության, աջակցության համար: Նա, անդրադառնալով ուղերձին, նշեց, որ այն յուրահատուկ ուղեցույց է, համախմբվելու կոչ, մերժելի երեւույթների դեմ պայքարի հրաման, որը յուրաքանչյուր ոք պետք է ստանձնի մեծ պատասխանատվությամբ եւ նվիրվածությամբ. «Զինվորական ծառայության մեկնարկային օղակը հանրակրթական դպրոցն է, ուստի մեր գերխնդիրն է ռազմահայրենասիրական ոգով կրթել մեր մատաղ սերունդը՝ ապագա զինվորին ու սպային, եւ ֆիզիկապես ու հոգեպես առողջ պատանիներ ուղարկել զինված ուժեր»:

Ելույթներով եւ առաջարկներով հանդես եկան նաեւ դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները` շեշտելով, որ պետք է ընդլայնել համագործակցությունը բանակի հետ, շարունակական դարձնել շրջայցերը դեպի զորամասեր, աշակերտներին ծանոթացնել բանակի առօրյային, լինել ծառայություն անցնող դպրոցի շրջանավարտի կողքին:

Հանդիպման վերջում ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը դպրոցի գրադարանին նվիրեց Սեյրան Օհանյանի հեղինակած գրքերից մեկը:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Բանակ և հասարակություն


27/02/2014