Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԵՆՏՐՈՆ ԲԱՆԱԿ



Զրույց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

-Տիկին Մարգարիտա, քանի որ Դուք իրազեկ եք ներբանակային գրեթե բոլոր խնդիրներից, ցանկանում եմ զրույցն սկսել մի հրատապ թեմայով. խոսքը վերաբերում է թոքաբորբի համաճարակին։ Վերջին շրջանում մեծ թվով ժամկետային զինծառայողներ հիվանդացել են թոքաբորբ հիվանդությամբ եւ բուժվում են հոսպիտալներում։ Ժողովրդի մեջ շրջում են լուրեր, թե հոսպիտալներում հիվանդասենյակները չեն բավարարում…

-«Թոքաբորբի համաճարակ» արտահայտությունը ինքնին սխալ է, որովհետեւ թոքաբորբը վարակիչ հիվանդություն չէ, եւ չի կարող համաճարակ բռնկվել։ Իրականում մենք գործ ունենք գրիպի բարդացման հետ։

-Ինչո՞ւ պետք է սովորական սեզոնային գրիպը ուղեկցվի թոքաբորբով, այն էլ՝ այդ քանակությամբ։

-Դեպքերը շատ են հատկապես տաք կլիմա ունեցող շրջաններում, ինչը հասկանալի է։ Տաքությունը նպաստում է վարակի արագ տարածմանը։ Ինչ վերաբերում է թոքաբորբին, պիտի ասեմ, որ դա կախված է գրիպով վարակված օրգանիզմի դիմադրողականությունից։ Ամեն դեպքում, մտահոգվելու կարիք չկա, ես անձամբ եղել եմ հոսպիտալներում, վիճակը միանգամայն վերահսկելի է, հիվանդները ապաքինվում են, կյանքին սպառնացող դեպքեր չկան։

-Ի՞նչ վիճակում են այսօր պաշտպանության նախարարության հոսպիտալները։ Ես նկատի ունեմ շենքային պայմանները, կոմունալ-կենցաղային խնդիրները։

-Այսօր կա մեկ հոսպիտալ, որին շուտով կփոխարինի նորակառույց հոսպիտալը (շինարարությունն ընթացքի մեջ է)։ Մի քանի հոսպիտալներում ընթանում են կոսմետիկ նորոգման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ՝ հոսպիտալների շենքային պայմանները բարվոք են, եւ բժիշկները կարող են իրականացնել որակյալ բուժսպասարկում։

-Ես համեմատեցի թվերը եւ տեսա, որ վերջին երկու զորակոչերի ընթացքում «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդ դիմած մարդկանց թիվն ավելացել է, այսինքն՝ շատացել են բողոքները։

-Անցած տարվա ապրիլին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ փորձաքննության կարգը սահմանող հրամանում կատարվել են փոփոխություններ, եւ փորձաքննության չափանիշները փոխվել են։ Արդյունքում՝ նախկինում տարկետում ստացած մի խումբ զինակոչիկներ համալրել են բանակի շարքերը։ Ես կարծում եմ, որ համապատասխան ատյանները պետք է հնարավորինս դյուրըմբռնելի իրազեկեին ծնողներին, թե ինչու իրենց որդին նախորդ տարիներին ժամկետային զինծառայության զորակոչից տարկետման իրավունք է ստացել եւ հիմա հանկարծ զորակոչվում է։ Տեղեկատվության պակասը պատճառ դարձավ, որ դիմում-բողոքները ավելանան։ Պիտի ասեմ, որ 2013 թ.-ի ընթացքում մենք փորձեցինք ավելի օպերատիվ աշխատել եւ հնարավորության դեպքում քաղաքացիների բարձրացրած խնդիրները լուծել հենց նրանց ներկայությամբ եւ օպերատիվորեն։ Ընդունելությանը հեռակա կարգով մասնակցում էին բոլոր վարչությունների պետերը, պաշտպանության նախարարության ղեկավար կազմը։ Նրանք իրենց աշխատասենյակներում նստած հեռախոսային կապի միջոցով իրազեկվում էին քաղաքացու դիմումին եւ կայացնում էին որոշումներ։ Ըստ իս, աշխատանքի այս մեթոդը արդարացրեց իրեն։

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014 թ.-ի համար ունի նոր կարգախոս՝ «Մեր տանը՝ մեր օրենքներով»։ Նախարարը, ըստ էության, կարեւորել է զորքերում բանակային կանոնադրությունը հարգելու եւ վերապահորեն ընդունելու հրամայականը։ Այստեղից հետեւում է, որ բանակի թիվ 1 խնդիրը մնում է միջանձնային հարաբերությունների անկատարությունը։

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Մեր տանը՝ մեր օրենքներով» կարգախոսը վերաբերում է բանակային օրենսդրությունը հարգելու հրամայականին զինված ուժերի բոլոր ոլորտներում եւ ստորաբաժանումներում։ Այդուհանդերձ, նախարարը շեշտադրեց միջանձնային հարաբերությունները կատարելագործելու եւ մարդկային գործոնը կարեւորելու խնդիրը։ Մենք պետք է ունենանք ավելի կարգապահ, օրինապաշտ եւ բարոյական բանակ։ Հայրենիքի պաշտպանության գաղափարը կրող կառույցը պետք է շատ ավելի օրինակելի լինի, երբ խոսքը վերաբերում է բարոյահոգեբանական եւ արժեքային որակներին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ լինելով փակ համակարգ, բանակը կարող է վեր կանգնել հասարակության մեջ իշխող արատներից, ստեղծել իր ավանդույթները եւ իր բարոյականությունն ու գաղափարները թելադրել հասարակությանը։ «Մեր տանը՝ մեր օրենքներով» կարգախոսը մերժում է փողոցային օրենքների ու բարքերի ներխուժումը բանակ, մերժում է բռնության բոլոր երեւույթները, պահանջում է բարյացակամություն, հանդուրժողականություն եւ կանոնագրքի կանոններին անվերապահորեն ենթարկվելու պատրաստակամություն։ Այսուհետ զորամասերի հրամանատարները եւ սպայակազմը գիտեն, թե ինչի վրա պիտի սեւեռվեն 2014 թ.-ին եւ ինչպես պիտի աշխատեն։

-Իմ դիտարկմամբ, 2013 թ.-ը արմատային փոփոխությունների տարի էր՝ կապված սպա-զինվոր փոխհարաբերությունների հետ։ Բանակի ղեկավարության ջանքերը կարծես թե արդյունք տվեցին։ Սպաները հասկացան, որ իրենք ստիպված են դեմքով շրջվել դեպի զինվորը, որ զինվորին դաստիարակելը, զինվորի հանդեպ հանդուրժող լինելը, զինվորի արժանապատվությունը հարգելը իրենց սրբազան պարտքն է։

-Այո՛, 2013 թ.-ին բանակը մեծ առաջընթաց արձանագրեց կապված միջանձնային հարաբերությունների հետ։ Զինվորակենտրոն բանակ ստեղծելու՝ Սեյրան Օհանյանի եւ բանակի ղեկավարության ջանքերը ապարդյուն չանցան։ Այսօր մեր զինվորը հոգեբանորեն եւ ֆիզիկապես շատ ավելի պաշտպանված է, քան մի քանի տարի առաջ էր։ Օգտվելով առիթից, ուզում եմ նշել, որ բանակը հասարակական կազմակերպությունների առջեւ բացելու եւ այն առավել թափանցիկ դարձնելու՝ Սեյրան Օհանյանի համարձակ քայլը նույնպես արդարացված էր։ Մենք կարողացանք համագործակցված աշխատանք ծավալել պաշտպանության նախարարի, փոխնախարարների, գլխավոր շտաբի պետի եւ բոլոր վարչությունների պետերի հետ։ Ուզում եմ շեշտադրել հատկապես Տ եւ ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանի հետ աշխատանքը, որը շատ արդյունավետ էր եւ ձեռքբերումներով լի։

-Այդուհանդերձ, տարվա ընթացքում որոշ կադրային փոփոխություններ կատարվեցին, հրամանատարներ հեռացվեցին իրենց պաշտոններից։ Ենթադրվում է, որ կային, այսպես ասած, ետնապահ զորամասեր։

-Կային միջանձնային բարքերի եւ կանոնադրային հարաբերությունների ոլորտում անբավարար արդյունքներ ցուցաբերած զորամասեր. հրամանատարները ազատվել են զբաղեցրած պաշտոնից։ Ի տարբերություն թերացողների՝ անհամեմատ շատ է օրինակելի զորամասերի թիվը։

-Գաղտնիք չէ, որ երկար տարիներ զորամասերում տարածված էր հանցագործությունները թաքցնելու պրակտիկան, ինչը լուրջ խոչընդոտ էր միջանձնային հարաբերությունները կատարելագործելու ճանապարհին։

-Իրոք, այս խնդիրը կար։ Եվ զորամասեր այցելելիս մեր համակարգող խորհրդի անդամները աչալրջորեն փնտրում էին ֆիզիկական բռնության որեւէ հետք կրող զինվորների։ Դառը փորձառությունը ցույց տվեց, որ զանցանքները թաքցնելու եւ կեղծ արդյունքներ ցույց տալու պրակտիկան արդարացված չէ, որովհետեւ ծնում է անպատժելիության մթնոլորտ, ինչը բարենպաստ դաշտ է ծանր հանցագործությունների համար։ Մենք բոլորս հասկացանք, որ արատավոր բարքերից ազատվելու միակ ձեւը դրանց մասին բարձրաձայնելն ու դրանցից ազատվելն է, ինչը արվում է այսօր։ Պրոբլեմները պետք է վերացնել, ոչ թե կոծկել, այս միտքը դրված է յուրաքանչյուր հրամանատարի աշխատաոճում։

-«Զինվոր» հասարակական կազմակերպությունների շարքում նոր անուններ են ավելացել։ Ի՞նչ է, եղած ուժերը բավարար չէի՞ն։

-Երկու նոր կազմակերպություն եւս ցանկություն հայտնեցին աջակցել բանակաշինությանը եւ ապահովել հասարակական իրազեկում իրենց շահառուների շրջանում։ Մենք ողջունեցինք նրանց նախաձեռնությունը։ Ինչ վերաբերում է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի աշխատանքներին, գրաֆիկով նախատեսված ծրագիրը կատարել ենք ամբողջությամբ եւ իրականացրել ենք մի շարք լրացուցիչ միջոցառումներ։

-Նախորդ տարիներին զորամասեր շրջայցերից հետո նկարներ էիք ցույց տալիս, որտեղ պատկերված էին անորակ հաց, միս, ձուկ, կարտոֆիլ, կաղամբ։ Կարո՞ղ եմ տեսնել 2013 թ.-ի շրջայցերի մասին պատմող լուսանկարները։

-Այս տարի լուսանկարներ չկան, որովհետեւ մթերքի պահպանման կանոնների կոպիտ խախտումներ գրեթե չեն արձանագրվել։ Մեր դիտարկմամբ, խնդիրը լուծված է։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մենք օրակարգից հանենք զինվորների սննդի եւ կենցաղային պայմանների հարցը, որովհետեւ զինվորները ունեն տաք զորանոցներ, չոր եւ մաքուր անկողին, եղանակին համապատասխան հագուստ եւ հագեցած սնունդ։

-Այլեւս տնից գուլպաներ եւ շապիկներ չե՞ն ուզում։

-Նախկինում եւս մեր զինվորներն ապահովված էին շապիկներով եւ գուլպաներով։ Խնդիրը դրանց որակն էր։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով զինվորների գերծանրաբեռնված ռեժիմը, պետք է նրանց համար գնել ամենապինդ ու դիմացկուն հագուստը։

-Այսօր ո՞րն է բանակի գերխնդիրը կամ ամենախոցելի ոլորտը, Ձեր կարծիքով։

-Ես կարծում եմ, որ մենք պետք է զարկ տանք ամենօրյա բուժսպասարկմանը։ Բանակում կարելի է իրականացնել ամենաբարդ վիրահատությունները, բանակում աշխատում են բազմաթիվ հրաշալի բժիշկներ, նույնիսկ տարածաշրջանում եզակի մասնագետներ, սակայն, այդ ամենով հանդերձ, ըստ իս, մենք խնդիր ունենք ուժեղացնելու զորամասային օղակի բժշկությունը։ Հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, հիգիենայի պահպանումը, ի վերջո, արագ արձագանքումը հնարավորություն կտան բացահայտելու հիվանդությունները իրենց սկզբնական փուլում եւ կկանխեն հետագա բարդացումները։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


20/02/2014