Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵ՛ՐՆ Է ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ»
ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵ՛ՐՆ Է ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ»

Լրացավ խորհրդային և համաշխարհային հետախուզության լեգենդ, հայ ժողովրդի արժանավոր զավակ Գևորգ Վարդանյանի ծննդյան 90 տարին:

Փետրվարի 17-ին լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանը կդառնար 90 տարեկան: Նա ԽՍՀՄ այն միակ հետախույզն է, որը Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղին է արժանացել ոչ պատերազմական ժամանակահատվածում և կենդանության օրոք (ի տարբերություն իր մյուս երկու գործընկերների՝ Ռիխարդ Զորգեի և Նիկոլայ Կուզնեցովի, որոնք երկրի բարձրագույն պարգևն ստացել են պատերազմի ժամանակ և հետմահու):

…Ավաղ, արդեն երկու տարի է, ինչ մեզ հետ չէ լեգենդար հետախույզը, որի մասին իր ինքնակենսագրական «Անլեգալ հետախուզության պետի հիշատակարանը» գրքում այսպես է գրել գեներալ Յուրի Դրոզդովը. «Զորգեին, Աբելին, Ֆիլբիին հավասար…Իսկ գուցեև՝ առավել…»: Հանրահայտ «Թեհրան-43» գեղարվեստական կինոնկարի հիմքում ընկած է Գևորգ Վարդանյանի ղեկավարած «Թեթև հեծելազոր» խմբի գործունեությունը, ինչի արդյունքում վիժեցվեց Թեհրանի կոնֆերանսի մասնակից երեք պետությունների` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների նկատմամբ հիտլերյան Գերմանիայի ծրագրած ահաբեկչությունը:

…Ամեն անգամ, երբ Տերյան փողոցով իջնելիս հասնում եմ Աղայան փողոցի խաչմերուկին, ինձնից անկախ` լինի ամառ, թե ձմեռ, ցերեկ, թե գիշեր, կանգ եմ առնում 3ա հասցեում, որտեղ գտնվում է Գևորգ Վարդանյանի հայրական տունը, որը 50-ականների սկզբին հայրն էր գնել` խորհրդային հետախույզ Անդրեյ (Անդրանիկ) Վարդանյանը: Մարդ, որը Իրանում քսան տարի աշխատելուց հետո (քաղցրավենիքի գործարանատիրոջ քողի տակ) վերադարձել էր Հայրենիք:

Չէ՞ որ հենց այստեղ 2010 թ. մարտի վերջին անսպասելիորեն դեմ դիմաց դուրս եկա Գևորգ Վարդանյանին և որպես խորին հարգանքի նշան` խոնարհվեցի հետախուզության հանճարի առջև…

Հենց այս դրվագով են սկսվում տողերիս հեղինակի գրքերը՝ վերնագրված «ՀՊՈՒՄԸ ԼԵԳԵՆԴԻՆ. անլեգալ հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ» (ռուսերեն, 2010 թ.) և «Հերոս անլեգալ (ծպտյալ) հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ. ՀՊՈՒՄԸ ԼԵԳԵՆԴԻՆ շարունակվում է…» (հայերեն, 2011, 2012, 2013 թթ.):

-Պարզապես չե՛նք կարող հավատալ, որ բակում հացի կամ, ասենք, բանջարեղենի խանութում այլևս չենք հանդիպի պատկառանք ներշնչող գեղեցիկ այդ զույգին, որոնցից բարության և ազնվականության լիցքեր էինք ստանում,- ասում էին նրանց հարևանները Գևորգ Անդրեևիչի վախճանից հետո:

Նրանցից շատերը չէին էլ հավատում, որ այս բարեկազմ, անթերի հագնված ամուսինները վաղուց բոլորել են 80 տարին…

Նույնիսկ 2009 թ. դեկտեմբերի 20-ին Վարդանյանների գաղտնազերծումից հետո հարևաններից շատերը չէին էլ ենթադրում, թե ովքեր են իրականում այդ տերն ու տիկինը և տեղեկանալով՝ չէին կարողանում թաքցնել իրենց զարմանքը և, իհարկե՛, հիացմունքը…

…Գևորգ Վարդանյանը հուղարկավորվեց 2012 թ. փետրվարի 13-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը՝ զինվորական բոլոր պատիվներով:

Ցավակցական հեռագրեր և ծաղկեպսակներ էին ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից ցավակցական հեռագիր և ծաղկեպսակ հասցրեց հատուկ Մոսկվա գործուղված ՀՀ ՊՆ ռազմական հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Իր գործընկերոջը և բարեկամին վերջին հրաժեշտը տալու էր եկել Վլադիմիր Պուտինը: (Բոլորս հիշում ենք հեռուստատեսությամբ հեռարձակված այն տեսարանը, երբ Պուտինը, իր ցավակցությունը հայտնելով տիկին Գոհարին, այդպես էլ չնստեց իրեն առաջարկված աթոռին, այլ կքանստած մնաց մեծ հետախույզի այրու առջև):

2012թ. հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը զինվորական պատիվներով բացվեց Գևորգ Վարդանյանի հուշահամալիրը: Նույն օրը Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունում (հԹՀ ՀՂ) բացվեց խորհրդային և համաշխարհային հետախուզության լեգենդի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Մի քանի օր անց` 2012 թ. հոկտեմբերի 27-ին, Դոնի Ռոստովում, որտեղ 1924թ. փետրվարի 17-ին ծնվել է Գ.Ա. Վարդանյանը, քաղաքի «Աստղերի պողոտայում» հանդիսությամբ բացվեց նրա անվանական աստղը:

…Լինելով Խորհրդային Միության հայրենասեր՝ Գևորգ Վարդանյանը ո՛չ պակաս պատմական Հայրենիք Հայաստանի հայրենասեր էր: Քաջատեղյակ աղբյուրների համաձայն, տխրահռչակ «Կոլցո» (Օղակ) գործողության ողբերգական իրադարձությունների ժամանակ Գևորգ Վարդանյանը ջանք չի խնայել եթե ոչ կանխելու, ապա գոնե ինչ-որ ձևով մեղմելու դրա հետևանքները:

Հենց նրա կուռ և հստակ դիրքորոշման շնորհիվ է, որ 1990-ականներին չընդունվեց անկախ Հայաստանի հետախուզության գործունեության դադարեցման մասին որոշումը: ՌԴ ԱՀԾ գլխավոր խորհրդական Գևորգ Վարդանյանը մեծ ավանդ ունի նաև Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան կառույցների միջև գործակցական կապերի հաստատման գործում:

Եվ պատահական չէ՛, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեռ այն տարիներին, երբ զբաղեցնում էր ՀՀ Ազգային անվտանգության, իսկ այնուհետև՝ պաշտպանության նախարարի պաշտոնները, նախաձեռնեց և հետևեց, որ Գևորգ Վարդանյանի անունը ներառվի Երևանի «Հաղթանակ» զբոսայգում գտնվող Մեծ հայրենականի Խորհրդային Միության հերոսների հուշատախտակի վրա:

Գևորգ Վարդանյանն՝ իր 85-ամյակի կապակցությամբ 2009 թ. փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով:

Գևորգ Վարդանյանի հիշատակը Հայրենիքում հավերժացնելու առաջին քայլը դարձավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Գևորգ Վարդանյան» մեդալի ստեղծումը, որի առաջին օրինակը հերոս հետախույզի 89-րդ տարեդարձի կապակցությամբ հանդիսավորությամբ հանձնվեց նրա այրուն` Գոհար Վարդանյանին:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի խորհուրդը, որտեղ սովորել են տեր և տիկին Վարդանյանները, նամակ է հղել Երևանի քաղաքապետարան` բուհի շենքին Գ.Ա. Վարդանյանի հուշատախտակը տեղադրելու առաջարկով:

Իսկ հերոսի հուշարձանը մատաղ սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելու արժանի և լավագույն օրինակը կլինի:

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Հ.Գ. Թերևս լուծվի նաև Գևորգ Վարդանյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու՝ վաղուց բարձրացված հարցը, ինչպես վարվել են Դոնի Ռոստովում դեռ նրա կենդանության օրոք…