Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՈՒՆԴԸ



Ազատագրական պայքարի օրերն էին։ Հողագործ, բանվոր, գիտնական ու մտավորական դուրս էին եկել պայքարի։ Կամավոր մեկնել էին հայրենի սահմանները պաշտպանելու։ Մտավորական բանաստեղծի միակ որդին՝ Տիգրանը, նույնպես Արցախում էր։ Քույրերը, մայրը, երբ մենակ էին լինում, մեկմեկու փոխանցում էին իրենց տագնապը, ասում-խոսում։ Իսկ երբ գալիս էր բանաստեղծ հայրը, նրանք լռում էին, փոխում խոսակցության թեման։ Ընտանեկան ներքին մի համերաշխությամբ, զգուշությամբ նրանք փորձում էին ցրել բանաստեղծի տագնապը, բանաստեղծի լռությունը, որովհետեւ մանկուց որդուն իր ծնկներին առած հայրը նրան մեծացրել, սնել էր հայրենասիրական պատմություններով։ «Ավարայր» պոեմում որդուն՝ Տիգրանին, ուղարկել էր Ավարայր։ Հիմա եկել էր պահը խոսքի եւ գործի, եւ բանաստեղծ հայրն ապրում էր այդ փորձությունը՝ իր ներքին տագնապները թաքցնելով հարազատներից։ Միայն մեկ անգամ, երբ տղան կարճ ժամանակով տուն էր եկել, հայրը, հեռվից գալով՝ ասաց.

-Համալսարանից քեզ էին հարցնում. չգիտեին՝ որտեղ ես, ասում էին՝ լուր չունենք, ասում էին՝ դասերդ մնացին…

Տիգրան որդին զգաց, թե այդ բոլոր հարցերի պատասխաններն ավելի շատ ում են հարկավոր։ Նա փաթաթվեց հորն ու կատակի տվեց.

-Մի՛ մտածիր, հայրի՛կ, հիշո՞ւմ ես քո պոեմում, երբ ինձ Ավարայր էիր ուղարկում։ Արդեն մեծ եմ ու կամավոր եմ գնում։ Հարցնողներին ասա, որ գնացել է Ավարայր ու շուտով տուն կգա հաղթանակած։

Այսպես ասաց, փաթաթվեց բարեհամբույր հորն ու արտասանեց.

Ես ձեր թոռն եմ հպարտ

Թոռն եմ քաջ Վարդանի,

Ես զավակն եմ անպարտ

Մեր նոր Հայաստանի։

Մեկ անգամ էլ լսեք,

Աշխարհն էլ թող լսի՝

Հայը միշտ հայաբար

Պիտի ապրի, խոսի…

-Հրաշալի տողեր են, հայրի՛կ,- ասաց տղան։

Բանաստեղծն իր բարի ժպիտով ճանապարհեց որդուն ռազմադաշտ եւ լուռ անցավ իր աշխատասենյակը։ Որդին նոր հավատ եւ ուժ էր ներշնչել բանաստեղծին, եւ նրա գրչի տակից դուրս եկած բառերը թրծվում էին նրա հոգու հնոցում։ Թրծվում են աղոթքով ու հավատով…

…Հրադադարից արդեն անցել է 20 տարի։ Փոխվել են ժամանակները։ Հաղթանակած տուն դարձած որդու վերադարձը չի կարող մոռացության տալ հեռավոր այն օրերի ապրումները, սակայն բանաստեղծի հոգում անանձնական հպարտություն կա, որը կզգան միայն իրեն ճանաչողները՝ իսկ ճանաչողները այնքա՜ն շատ են՝ փոքրիկներից մինչեւ տարեց մարդիկ, որոնք կարդացել կամ էլ լսել են սիրելի բանաստեղծի ստեղծագործությունները։ Շատերը գուցե գուշակեցին, որ խոսքը բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի մասին է՝ մարդ-մտավորական իր մեղմ ու բարի ժպիտով, իր բանաստեղծություններով այնքա՜ն հարազատ իր ընթերցողներին։ Փետրվարի 23-ը սիրելի բանաստեղծի ծննդյան օրն է։ Բանաստեղծը դարձավ 74 տարեկան։ Այդ տարիներին նա ընթերցողների (ե՛ւ մեծերի, ե՛ւ փոքրերի) սեղանին է դրել գիտե՞ք քանի՜ գիրք։ Ես ասեմ 50, դուք ասեք 60, գուցե 70 եւ ավելի… Եվ ամենակարեւորը նրա տողերը լուսաշող են՝ սիրով ու հավատով շաղախված։ Սեր հայրենիքի, բնության, Հայաստանի, Արցախի, ազատամարտիկների հանդեպ։ Եվ վաստակաշատ մտավորականը իրեն հատուկ համեստությամբ ու բարի ժպիտով ընդունում է շնորհավորանքները։ Ընթերցողների հետ շնորհավորանքի խոսքեր են ասում նաեւ ազատամարտիկ որդու՝ Տիգրանի մարտական ընկերները։ Ուրախությամբ պիտի նշել, որ Տիգրանն այսօր զինվորական է։ Բանաստեղծի դուստրը՝ Հասմիկը, նույնպես զինվորական է, մայոր (ի դեպ, փետրվարի 23-ը նաեւ Հասմիկի ծննդյան օրն է)։

«Հայ զինվորի» աշխատակազմը նույնպես շնորհավորում է Հասմիկին եւ սիրելի բանաստեղծին՝ ծննդյան օրվա առթիվ եւ ցանկանում քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ: Սիրելի բանաստեղծի տողերը առանց աղմուկ ու ճիչի մանուկների հոգում դառնում են հայրենիքի հանդեպ սեր ու խոստովանանք, եւ երբ հարկ է լինում այդ տողերը նրանց առաջնորդում են դեպի հաղթական բարձունքներ, ինչպես տարիներ առաջ առաջնորդեցին Տիգրան որդուն։ Ապրում է բանաստեղծը, համեստ ու հրաշալի մի պապիկ եւ անաղմուկ ռազմահայրենասիրական դասեր է տալիս… հայոց աշխարհի մանուկներին ու պատանիներին։

Շնորհավոր ծնդունդդ, սիրելի՛ բանաստեղծ։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ԵՐԱՆԻ

Երանի՜ նրան,

Ում հայրենիքն է այնպե՛ս հաստատուն,

Վաղվա օրը վառ՝ այնպե՛ս անկասկած,

Որ նա ակամա՝ խինդ ու հոգս թողած,

Վախով չի նայում գալիքին նրա,

Ապրում է՝ ինչպես վայել է մարդուն։

Երանի՛ նրան,

Ում հայրենիքը վերք չունի ու ցավ,

Չի հեծում անվերջ ցավերով նրա,

Ով վստահ է, որ՝ եթե ոչ դրսից,

Ներսից իր երկրին դավ չի սպառնա,

Ներկան չի դառնա իր աչքին անցյալ։

Եվ երանի՜ տամ,

Հազա՛ր երանի այն հայրենիքին,

Որ ներծծված է զավակների մեջ,

Հույս է ներարկում և արարման տենչ

Ու թե դրա՛խտ էլ խոստանան նրանց

Իրեն չե՛ն լքի…

ՈՐԴՈՒՍ

Դու ժամ առ ժամ հիմա

Մեծանում ես, որդի՛ս,

Փոքրանում եմ, ահա

Ես ժամ առ ժամ։

Քո քայլերը թեթև,

Իմ քայլերը ծանր…

Ուր որ է դու կգաս,

Ինձնից կանցնես։

Դու բարո՜վ ես գալիս

Ու քեզ բարի՜ ճամփա,

Միայն… որդի՛ս,

Ո՜ւր էլ, ո՛ւր հասնես,

Քո առաջին օրը,

Հիշի՛ր,

Գրկել եմ քեզ։

Վերջին օրս…

Դո՛ւ ինձ

Պիտի գրկես։

ՄԱՆՈՒԿ ԴԱՎԹԻ ՆՄԱՆ

Մանուկ Դավթի նման ես միամիտ,

Մանուկ Դավթի նման ետևս բաց,

Ուզում էի դառնալ քեզ զորավիգ՝

Խաչերկաթին, էշին ապավինած։

Ժամանակը, սակայն, Պառավի պես

Նախատինքով ասաց ինձ՝ իմացի՜ր,

Փակ դռներս մի օր եթե բացես.

Քեզ ընդառաջ կգա Հրեղեն ձին։

Թուր Կայծակին քո դեմ կբոցկլտա,

Հույսով քեզ կնայեն փոքր ու մեծ

Եվ թե… Կաթնաղբյուրն էլ մի օր գտար,

Կասեմ՝ մի զինվոր էլ արդեն ծնվեց։

…Հիմա քո լեռներին կանգնած եմ ես

Շանթարգելի նման բարձր ու արթուն,

Եվ ժամանակն էլի Պառավի պես

Նոր-նոր խրատներ է գլխիս կարդում։

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Հոգևոր-մշակութային


20/02/2014