Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ



Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների շուրթերից:

Օրերս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, առանց օգտագործելու ցեղասպանություն եզրը, կոչ արեց Թուրքիայի ղեկավարներին առերեսվել իրենց պատմության հետ. «Հիշողության ջանքերը միշտ էլ ցավոտ են… բայց պետք է անել: Այն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ հաշտություն իրականացնել՝ անցյալում տեղի ունեցածն ուսումնասիրելու և ճանաչելու միջոցով… Ճանաչելով պատմական իրողությունները՝ դուք կբարձրանաք ոչ միայն ձեր սեփական աչքում, այլ նաև աշխարհի աչքում»: Նախագահ Օլանդը նաև առանձին հանդիպում ունեցավ սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի հետ:

Նույն շաբաթվա ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս նման մի իմաստուն խորհուրդ տվեց իր երկիր այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ»: Հետաքրքիր է, որ Էրդողանն ինքը բարձրացրեց այս հարցը՝ բողոքելով, որ Գերմանիան մտադիր է գումար հատկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու համար:

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն էլ ավելի հեռուն գնաց, քան Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները՝ փաստացի օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրը, երկու շաբաթ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պրահա կատարած այցի ժամանակ. «Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին 1.5 միլիոն հայեր սպանվեցին»:

Եվ որքան էլ կանխատեսելի է, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջազգային ճնշումը Թուրքիայի կառավարության վրա է՛լ ավելի բուռն է լինելու, բայցեւայնպես, հայերը պետք է զգուշանան, որպեսզի հերթական անգամ չխաբվեն նման բարեմիտ, սակայն հաճախ էլ շահախնդիր հայտարարություններից: Նույնիսկ եթե նման ճնշումները դրդեն Թուրքիայի որևէ ղեկավարի ընդունելու Օսմանյան կառավարության մեղավորությունը ջարդերի կամ անգամ ցեղասպանության իրագործման համար, ապա, միեւնույն է, այն չի կարող լիարժեք բավարարել հայ ժողովրդի արդար պահանջները: Իրականում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչում ակնկալելը կարող է հակառակ արդյունքը տալ, քանի որ, եթե նույնիսկ Թուրքիան ճանաչի այն, ամբողջ աշխարհը, ներառյալ հայերը, կարող են սխալմամբ ենթադրել, թե իրականացել է իրենց երկար սպասված երազանքը…

Մի քանի տասնամյակ առաջ, երբ աշխարհը դեռևս անտեղյակ էր Հայոց ցեղասպանության հիմնական փաստերին, վերջինիս ճանաչումը միջազգային հանրության և Թուրքիայի կառավարության համար հրատապ էր: Սակայն ներկա փուլում, երբ երկու տասնյակից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, զուտ ճանաչումն այլևս վերջնական նպատակ չէ:

Այժմ հայերը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ, ճանաչումից զատ, պետք է արդարություն պահանջեն օսմանցի թուրք առաջնորդների իրականացրած ցեղասպանության համար: Ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան մինչ օրս հատուցում է Հոլոքոստի համար, այնպես էլ Թուրքիայի կառավարությունը՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի և վերադարձնի թալանված հայերի ունեցվածքն ու բռնագրավված հայկական հողերը:

Ձգտելով արդար հատուցման՝ հայերը պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքական ճնշում, տնտեսական բոյկոտ, ցույցեր և դատական հայցեր, հարկադրելով Թուրքիայի ղեկավարներին, որպեսզի գիտակցեն՝ ավելի նպաստավոր է բանակցել Հայաստանի կառավարության և Սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ արդարացի լուծում գտնելու այս տեւական ուրացումը հաղթահարելու համար: Եվ քանի որ առկա են զգալի անհամաչափություններ կողմերի քաղաքական, տնտեսական և ռազմական կարողությունների միջև, ուստի հայերը չեն կարող ստանալ իրենց բոլոր պահանջները մեկ օրում, սակայն պետք է պնդեն, որ թուրք պաշտոնյաներն առաջարկեն իրենց այնքան փոխհատուցում, որքան հնարավոր է փուլային եղանակով վերջնական արդարության հասնելու ճանապարհին:

Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծումը մեծ օգուտ կբերի Թուրքիային, որը միջազգային հանրության կողմից բարձր գնահատանքի կարժանանա որպես առաջադեմ և քաղաքակիրթ երկիր: Հնարավոր է՝ նույնիսկ երկրի առաջնորդները ներկայացվեն Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ճանաչումը՝ փոխհատուցման հետ միատեղ, կհեշտացնի նաեւ Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Հակառակ դեպքում Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսումից շարունակ խուսափելը կերկարաձգի թուրքերի՝ ցեղասպան ժողովուրդ հորջորջվելու տհաճ իրավիճակը՝ մշտապես հիշեցնելով նախնիների իրականացրած ոճրագործությունները և անընդհատ նվաստացնելով ողջ աշխարհի առաջ՝ որպես սեփական ոճիրը ժխտողների:

Եթե Թուրքիայի ղեկավարները խիզախություն ունենան լուծելու հայկական կնճռոտ խնդիրը, հայ ժողովուրդը վերջապես կսկսի ստանալ իր կրած անասելի տառապանքների եւ կորուստների դիմաց երկար սպասված հատուցումը, վայելել տնտեսական և աշխարհաքաղաքական ավելի կենսունակ և անվտանգ հայրենիք՝ հուսալով, որ ապաշխարած հարևանն ավելի հակված կլինի խաղաղ գոյակցության:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի
հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Պատմության էջերից


20/02/2014