Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԼԻՆԻ ԽԸԴԸՐ ՆԱԲԻԻ ՏՈՆԸ



Հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը, պետականություն չունենալով հանդերձ, գոյատևում է ազգային ինքնության, ազգային արժեքների պահպանման շնորհիվ: Դարեր շարունակ եզդի ժողովուրդը սրբազան երկյուղածությամբ է տոնում իր ազգային ու կրոնական տոները, որոնք մեծապես նպաստում են մեր ազգի գոյատևմանը և ամուր թելի նման ագուցում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Շուրջ 200-300 տարի է, ինչ մենք` հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից: Բայց, փառք Աստծո, մենք դեռևս սրբորեն պահպանում ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները:

Մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել և պարբերաբար փետրվար ամսին նշվել է Խըդըր Նաբիի (Խըդըր Այլաս) տոնը: Հարկ եմ համարում նշել, որ այս տոնը իր ուրույն և կարևոր տեղն ունի մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և միասնականության գործում:

Դարերի ընթացքում մեր ժողովուրդը սուրբ Խըդըր Նաբիի անվան հետ է կապել իր մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակերի իրականացումը: Ըստ ժողովրդական ավանդությունների, սուրբ Խըդըր Նաբին տիրապետել է տարբեր երևույթների վրա ազդելու զորության: Մեր ժողովրդի աղոթքներում և այլ պատումներում Խըդըր Նաբին նաև դիտվել է որպես սիրահարների, ուրախությունների, երջանկության և նպատակների իրագործման հզոր հովանավոր: Хьдьр Нави мераки мразбахша, мразе Тамама We бька:

Եզդի ժողովուրդը արտաքին սպառնալիքներից պաշտպանվել ու անհրաժեշտությունից ելնելով հիմնականում վարել է ներփակ համայնքային կյանք, բայց եւ այլոց սիրո խաղաղության, երջանկության տարատեսակ տոներն ընդունել է նաև այդ ժողովուրդների հետ միահավասար: Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 15-ին տոնեց Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի եզդիները Խըդըր Նաբիի տոնը նշում են փետրվարի 21-ին:

Սուրբ Խըդըր Նաբիի գալստյան օրվա առթիվ երկուշաբթի օրը մատաղների, զոհաբերության օրն է, իսկ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերը` ծոմի: Առավոտյան ժողովուրդը հոգևորականների հետ գնում է գերեզմանոց, աղոթում հանգուցյալների հոգու հանգստության համար, որից հետո տոնախմբության մասնակիցները այցելում են մեկը մյուսի տները, շնորհավորում միմյանց և ցանկանում ամենալավն ու բարին: Այդ օրը մարդիկ ներում են միմյանց:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորման ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի եզդիներին Այդա Խըդըր Նաբիի տոնի առթիվ: Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз): Ցանկանում ենք բոլորին առողջություն, երջանկություն, հաջողություն և բարեկեցիկ կյանք:

ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն


20/02/2014