Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ՕՐ ՕՐԻ
ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ՕՐ ՕՐԻ

Փոխգնդապետ Գագիկ Մովսեսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում նախապատրաստվում էին հաջորդ օրվա կրակային պատրաստության գործնական պարապմունքին։ Աշխատանքները ղեկավարում էր անձամբ փոխգնդապետ Գ. Մովսեսյանը։ Զգացվում էր, որ արվում է ամեն ինչ, որ վերակարգում եւ բուժկետում գտնվողներից բացի, բոլոր զինծառայողները մասնակցեն եւ կատարեն զորատեսակների համար նախատեսված հրաձգությունը։ Զորամասի անելիքները փոխգնդապետ Գ. Մովսեսյանի հանձնարարությամբ ներկայացրեց մայոր Հովսեփ Խաչատրյանը։
♦♦♦
Ծանոթություն։ Մայոր Հ. Խաչատրյանը ծնվել է Սիսիանում: Ավարտելով տեղի N 2 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Ակտիվորեն մասնակցել է սկսված Արցախյան պատերազմին, հընթացս զինվորագրվել է տեղի կազմավորվող զորամասին։ Մայոր Հ. Խաչատրյանը 2006-07-08թթ. մասնակցել է Գերմանիայում եւ Խորվաթիայում անցկացված ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք» զորավարժություններին։ Պարգեւատրվել է «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի, «Վազգեն Սարգսյան», Արցախի «Արիություն» եւ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, խրախուսվել է շնորհակալագրերով, պատվոգրերով։

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

-Զորամասը տարիներ շարունակ ազգային բանակի բոլոր զորամասերի համար պատրաստում է ստորաբաժանումների կրտսեր հրամանատարներ,- ասաց մայոր Հ. Խաչատրյանը։ -Կարող եմ ասել, որ զորամասը հաջողությամբ է կատարում իր առաջադրանքները։ Անցած ուսումնական տարին նույնպես հաջող էր մեզ համար։ Ամփոփիչ քննություններից ստացանք «լավ» գնահատական։ Այս ուսումնական փուլը դարձյալ հաջող ենք սկսել։ Ընտրված կուրսանտներն աչքի են ընկնում տեխնիկայի իմացությամբ, եւ առաջընթացն օր օրի նկատվում է։ Մինչ այժմ մասնագիտական պարապմունքները հիմնականում անցկացվել են տեղում, ուսումնական միջոցներով կահավորված մասնագիտական լսարաններում, իսկ շատ շուտով կազմակերպելու ենք երկշաբաթյա դաշտային ելքեր, որոնց ընթացքում կուրսանտներն իրենց հմտությունները կզարգացնեն դաշտային պայմաններում։ Ամենակարեւորն այն է, որ տղաները ձգտում են սովորել, ուզում են թեմայի վերաբերյալ ամեն ինչ իմանալ։ Ակնհայտ է, որ դպրոցներում բարելավվում է նախնական զինվորական պատրաստության որակը, ինչը երեւում է ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ համազորային առարկաների ուսուցման ընթացքում։ Հաջողությունը պայմանավորված է նաեւ ստորաբաժանումների հրամանատարների լավ աշխատանքով։ Մենք շատ գոհ ենք մայորներ Յուրա Բաբայանի, Վահագն Ղազարյանի, կապիտաններ Թորոս Հովհաննիսյանի, Վահան Բաբայանի, Կարեն Կարապետյանի ծառայությունից։ Նրանք աշխատում են այնպես, որ զորամաս եկած նորակոչիկները տրամադրվեն բարեխիղճ ծառայելու, լավ սովորեն ու բանիմաց զինվորներ դառնան։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Լսարաններից մեկում կայանների պետերի դասակն էր։ Պարապմունքն անցկացնում էր կապիտան Թորոս Հովհաննիսյանը։ Թեման էր ռադիոկայանի համալրման բերելը»։ Երբ կուրսանտներից մեկին ընտրելով առաջարկեցինք ներկայացնել ռադիոկայանը եւ օրվա դասը, կապիտան Թ. Հովհաննիսյանը չկարողացավ զսպել ուրախությունը։ Պարզվեց՝ մեր ընտրած կուրսանտը, որ նստած էր առաջին շարքում, Մարատ Պետրոսյանն է, լավագույն կուրսանտը այս դասակում։ Նրա հրաշալի պատասխանից հետո խնդրեցինք ներկայանալ.
-Ստեփանակերտից եմ, սովորում եմ Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետում։ Դասակի հրամանատարն ավելացրեց.
-Ազատամարտիկի որդի է, հայրը՝ Գառնիկ Պետրոսյանը, Շուշիի զորամասի կազմում է մասնակցել Արցախի պաշտպանությանը։
Օրվա եւ անցած թեմաներից դասակի հրամանատարի տված հարցերին ամբողջական պատասխաններ տվեցին կուրսանտներ, Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող Հովհաննես Եսայանը, պետական ճարտարագիտական համալսարանի երկրորդ կուրսից զորակոչված Նորիկ Զոհրաբյանը, Արամայիս Մանուկյանը եւ Գագիկ Գեղամյանը։
♦♦♦
Կայանի ավագ ռադիոհեռագրավարների հետ հերթական պարապմունքն էր անցկացնում ավագ լեյտենանտ Արթուր Առաքելյանը։ Նա 2005թ. ավարտելով հայկական պետական ճարտարագիտական համալսարանը զորակոչվել է ուսումնական զորամաս։ Հետագայում նրան առաջարկել են մնալ զորամասում եւ շարունակել ծառայությունը։ Պարապմունքի թեման՝ «Կայանի տակտիկատեխնիկական բնութագիրը», միմյանց լրացնելով ներկայացրին կուրսանտներ Հայկ Երանոսյանը, Հարություն Պապիկյանը, Նարեկ Խաչատրյանը, Ժորա Իսպիրյանը, Ազատ Կարապետյանը, Գագիկ Նալչաջյանը եւ Արթուր Խլղաթյանը։ Այս դասակում էլ բավական շատ էին ուսումը զինծառայությամբ ընդմիջած տղաները։
♦♦♦
Ռադիոռելեային կայանի պետերի պատրաստման դասակի հրամանատարը կապիտան Հարություն Խաչատրյանն է։ Մեր այցելության պահին դասակը կայանի աշխատանքի սկզբունքն էր ուսումնասիրում։ Դասակի հրամանատարն ասաց, որ առաջադիմությամբ աչքի են ընկնում հատկապես բուհերից զորակոչվածները. մասնավորապես՝ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող գյումրեցի Սեւակ Աճեմյանը, բժշկական համալսարանից զորակոչված սիսիանցի Վարդգես Մովսիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող երեւանցի Վարդան Ասատրյանը, ինչպես նաեւ ագրարային եւ մանկավարժական համալսարաններից զորակոչված Վահագն Վարդանյանը եւ Նիկոլայ Սարգսյանը։
♦♦♦
Կուրսանտների հետ տարվող աշխատանքը հրաշալի է կատարում ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Սեւակ Հովհաննիսյանը։ Նա հրազդանցի է, ծնվել է 1990թ.։ Տեղի N 4 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սեւակը 2006թ. ընդունվել է հայկական պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետ։ 2010թ., ավարտելով ուսումը, զորակոչվել է այս զորամաս։
Հաշվի առնելով կուրսանտի գիտելիքները եւ սովորեցնելու, մարդկանց հետ աշխատելու կարողությունները՝ զորամասի հրամանատարությունը նպատակահարմար է գտել Սեւակին պահել զորամասի մշտական կազմում։ Այժմ նա լիովին արդարացնում է իր նկատմամբ եղած վստահությունը։
-Ջոկի, հաճախ նաեւ դասակի հետ անցկացնում եմ պարապմունքներ մասնագիտական եւ համազորային առարկաներից՝ շարային, ֆիզիկական պատրաստություն, կանոնագրքերի ուսուցում… Պարապմունքների ժամանակ չեմ դժվարանում, բայց, ընդհանուր առմամբ, պատասխանատվությունը մեծ է։ Պարտավոր եմ միշտ լինել ջոկի կուրսանտների կողքին, իմանալ, թե տվյալ պահին ով որտեղ է, ինչ է անում, ով ինչի կարիք ունի,- ասաց կրտսեր սերժանտը։
♦♦♦
Պարապմունքներ էին ընթանում նաեւ զորամասի այլ ուսումնական կետերում։ Դասակներից մեկը մասնակցում էր կրակային պատրաստության պարապմունքի։
Եֆրեյտոր Նարեկ Սահակյանը կուրսանտներին ճիշտ նշան բռնելու նրբություններն էր պարզաբանում։ Մեկ այլ տեղամասում էլ պարապմունքներն ընթանում էին կապի հրամանատարական մեքենայի մեջ։ Կուրսանտներ Տիգրան Չանախչյանը եւ Արա Ղալաչյանը կայանի բացազատման վարժանքներ էին անում։
♦♦♦
Զորամասում Արտյոմ անունով զինվորներ շատ կան։ Տարբերելու համար կուրսանտ Արտյոմ Մնացականյանին անվանում են բուլղարացի։ Նա ծնվել է Երեւանում՝ 1991թ., իսկ երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Բուլղարիա։ Տասնյոթ տարի այնտեղ ապրելուց հետո Արտյոմը վերադարձել է Հայաստան ու զորակոչվել ազգային բանակ։
-Ծնողներս Բուլղարիայում ապրելու իրավունք ունեն, կարող են քաղաքացիություն էլ ստանալ։ Ապրում եւ աշխատում են Լովեչ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո որոշեցի վերադառնալ, որպեսզի զինվորական պարտքս կատարեմ, որովհետեւ ուզում եմ Հայաստանի լիարժեք քաղաքացի լինել, ունենալ անձնագիր եւ զինգրքույկ,- ասաց Արտյոմը։
-Իսկ կարո՞ղ էիր ծառայել այդ երկրի բանակում,- հարցրի կուրսանտին։
-Այնտեղ բանակն ամբողջությամբ պայմանագրային է, ծառայության ընդունվել ցանկացողները քննություն են հանձնում։ Ես միշտ ցանկացել եմ մեր բանակում ծառայել։
-Ասում են՝ սկզբից հայերեն շատ վատ էիր խոսում, գրել-կարդալ էլ չգիտեիր, իսկ այժմ չե՞ս դժվարանում։
-Ծառայության առաջին օրերին դժվարություններ ունենում էի, բայց այժմ ամեն ինչ շատ լավ է։ Ջոկի հրամանատար սերժանտ Էդգար Ադամյանը գրել-կարդալ սովորեցրեց։ Այդպես ես մայրենի լեզվով ընկերներիս հետ հաղորդակցվել սովորեցի։
Արտյոմը ծնողների միակ տղան է (ունի մեկ քույր) եւ ուզում է ծնողների հետ լինել, օգնել, այլապես բանակից հետո էլ կմնար Հայաստանում, բայց առայժմ հարկադրված է վերադառնալ, սովորել, ապրել եւ աշխատել Բուլղարիայում։

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը մայոր Խաչիկ Պետրոսյանն է։ Նա Եղվարդից է: Ավարտել է դպրոցը, իսկ երկու տարի անց ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Մայոր Խ. Պետրոսյանը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, ամուսնացած է, ունի երեք որդի՝ Սարգիս, Դրո, Անդրանիկ անուններով։
-Տարեվերջյան ամփոփիչ քննությունների ժամանակ «լավ» է գնահատվել նաեւ անձնակազմի հետ տարվող աշխատանքը։ Բարձր է եղել կարգապահությունը, նպատակային են եղել ՀՊՊ, ԳԴՊ պարապմունքները, մշտապես նշվել են պետական եւ բանակային տոները, կազմակերպվել են մարզամշակութային միջոցառումներ։ Յուրաքանչյուր ամսվա վերջին հինգ օրերի ընթացքում վաշտերում կազմակերպում ենք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձների ընթերցումներ ու քննարկումներ։ Մենք շատ լավ կապեր ենք պահպանում Վանաձոր եւ Վեդի քաղաքների մշակույթի պալատների հետ, որոնց գեղարվեստական խմբերը պարբերաբար լինում են մեր զորամասում եւ համերգներ տալիս։ Ունենք ինը հասարակական ակտիվ, որոնց միջոցով վիկտորինաներ, համերգներ, խաղեր ենք կազմակերպում կուրսանտների եւ մշտական անձնակազմի զինծառայողների ուժերով։ Համագործակցում ենք նաեւ քաղաքի մի շարք դպրոցների հետ, փոխադարձաբար մասնակցում ենք կազմակերպվող միջոցառումներին, համատեղ ուժերով անցկացնում ենք հայրենասիրական դասեր։ Վստահեցնում եմ, որ մեր զինվորների առօրյան հագեցած է, ինչն էլ նպաստում է ծառայողական կարգապահության ամրապնդմանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ