Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ
ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ

Հայոց բանակի տարեդարձին նվիրված տոնակատարությունները ժողովրդական սիրո ամենամեծ վկայությունն են, որ տոնվեցին բուհերում, դպրոցներում, անգամ մանկապարտեզներում: Ժողովուրդը սիրում է իր բանակը, համարում է իրենը, հարազատը և ուրախանում է նրա ձեռքբերումներով ու հպարտանում։

Հայկական զինված ուժերի 22-րդ տարեդարձը նշվեց նաև Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզում։ Երեխաները ոգևորությամբ ընդունեցին և հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին ղարաբաղյան ազատամարտի վետերաններին` բազմաթիվ շքանշաններով պարգևատրված Կ. Ղումաշյանին, Յու. Միքայելյանին, Ա. Մկրտչյանին, Դ. Գրիգորյանին և մյուսներին։ Մանկապարտեզի տնօրեն Հ. Միքայելյանի, մեթոդիստ Ա. Սարգսյանի, դասվարներ Ն. Համբարձումյանի, Հ. Մարգարյանի, Հ. Գալստյանի փոքրիկ սաները՝ Դավիթը, Ավետիսը, Ներսեսը, Էրիկը, Էդգարը, Լևոնը, Ալենը և մյուսները, իրենց խրոխտ երգերով, պարերով, ասմունքով հաստատեցին, որ հայրենասիրության ու հայեցի դաստիարակության հիմքը պետք է դրվի մանուկ հասակից։ Նման միջոցառումների նպատակներից մեկն էլ (թերևս ամենակարևորը) մատաղ սերնդին հայրենասիրության դասեր տալն է, հայրենիքը ճանաչեցնելը:

Մանկավարժները գիտակցում են, որ այսօր մեծ խնդիր է դրված իրենց առջև և պետք է պատվով ու մեծ պատասխանատվությամբ իրականացնեն դա, որովհետև մանկավարժությունը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև ի վերուստ տրված շնորհ… Միջոցառման ավարտին մանկապարտեզի տնօրենը և մանկավարժները արժանացան «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության պատվոգրին, որը հանձնեց ՀԿ նախագահ Յու. Միքայելյանը։ Վերջինս մանկապարտեզի տնօրինությանն ուղղված շնորհակալական իր խոսքում մեկ անգամ ևս կարևորեց մատաղ սերնդի հայեցի դաստիարակության խնդիրը և մանկավարժներին հաջողություններ ցանկացավ իրենց հայրենանվեր աշխատանքում: «Տիգրան մեծ» վարժարանի պետ, գնդապետ Կ. Ղումաշյանն էլ ասաց. «Սիրելի՛ փոքրիկներ, ձեզանից ոմանք միգուցե հետագայում սովորեն մեր վարժարանում ու, ինչպես մեր վարժարանի շատ սաներ, դառնան մեր բանակի նվիրյալ զինվորականները»։ Նա մեծապես կարևորեց նման միջոցառումների անցկացումը դպրոցներում և մանկապարտեզներում` դրանք համարելով հայրենասիրության անմոռաց դասեր:

Որպես հուշ և հիշատակ, մանկապարտեզի սաները լուսանկարվեցին ղարաբաղյան պատերազմի վետերանների հետ։ Նրանց վառվռուն, փայլատակող աչքերից զգացվում էր, որ օրվա խորհուրդը դեռ երկար կհիշվի ու թերևս անջնջելի մնա նրանց հոգիներում հետագա տարիների ընթացքում։

ԱՐԱԳԱԾ ՄԿՐՏՉՅԱՆ
ազատամարտիկ