Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՄԵԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՄԵԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լույս է տեսել պրոֆեսոր Իրինա Գալստյանի «Գագիկ Արծրունի» գեղարվեստական քրոնիկոնը

Գիրքը նվիրված է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունուն եւ նրա կնոջը՝ Թամար (Մլքե) թագուհուն: Հեղինակը, սերված լինելով Մլքե տոհմից, ընտանիքի մեծերից մշտապես լսել է առասպելի հետ միահյուսված բազմաթիվ պատմություններ իրենց տոհմի ծագման, բազմաթիվ հերոսների քաջագործությունների եւ հատկապես Գագիկ թագավորի մասին՝ որպես «անպարտ զորավարի, երկիրը շենացնողի, ոչ արծաթասերի եւ շատ գրասերի»:

Սակայն, պետք է անպայման շեշտել, որ հեղինակը չի շտապել միայն լսածները գեղարվեստական շարադրանքով ընթերցողի դատին հանձնել: Նա ուսումնասիրել է նաեւ տվյալ ժամանակաշրջանի մասին մեր պատմիչների գործերը (Թովմա Արծրունու եւ Անանունի «Պատմություն Արծրունյաց տան» եւ այլ աշխատություններ) եւ այս ամենի հենքի վրա ծնվել է գիրքը, որտեղ տարեգրությունն ու գեղարվեստական հյուսվածքը հրաշալիորեն միաձուլվելով՝ դարձել են գեղարվեստական քրոնիկոն ժանրի բավականին հետաքրքիր ու ինքնատիպ մի ստեղծագործություն:

Գրքում նկարագրվում են Արարատյան եւ Վասպուրական թագավորությունների պայքարն ու հաղթանակը արաբական լծի դեմ: Այստեղ շեշտվում է նաեւ Վասպուրականի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի գոյամարտում, ներկայացվում են Գագիկ Արծրունու կատարած մեծագործությունները, պայքարը կենտրոնախույս ուժերի, արտաքին թշնամիների դեմ, խոսվում է Գագիկ թագավորի կատարած շինարարական աշխատանքների մասին:

Գիրքը շարադրված է պարզ եւ անպաճույճ ոճով եւ կարդացվում է մեծ հետաքրքրությամբ:

«Գագիկ Արծրունի» գեղարվեստական քրոնիկոնը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, բայց ավելի շատ ուղղված է երիտասարդներին: Գիրքը նոր սերնդին կապում է իր հայրենիքի անցյալի հետ, հայրենասիրական մի յուրօրինակ դաս է: Ահա մի հատված գրքից, որն ասես պատգամ, հորդոր ու խորհուրդ է բոլորիս.

«Զավակնե՛րս, աչքի լույսի պես պահեք-պահպանեք մեր երկիրը, որի ամեն թիզ հողը հայի արյունով ու քրտինքով է շաղախված,- հուզված ասաց Գագիկ թագավորն ու շարունակեց: -Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր վերելքը եւ անկումը, բայց իմացե՛ք, աստվածահաճո գործը միշտ վեր է ժամանակից: Որեւէ երկիր գրավել, ինչպես մեր հարեւան ցեղերն են իրագործում՝ թալանելով, վառելով, սպանելով, շատ ավելի հեշտ է, քան դարերով նախնիների ստեղծած եւ մեզ հասած երկիրը պահպանելը, մանավանդ, երբ շրջապատված ես հետամնաց, գիշատիչ ցեղերով: Դրանց զսպաշապիկը հզոր, մարտունակ զորքն է, Հայրենիքին նվիրված զորավարները, ովքեր ուսուցանում են առյուծասիրտ զինվորների…»:

Այսօր էլ որքան այժմեական են հնչում (եւ հնչելու են) դարեր առաջ ասված այս խոսքերը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ