Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԻԶԱՄԻՆ

ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՎԻՊԱԿ

Սկիզբը` 2013 թ. թիվ 44 – 2014թ. թիվ 4-ում

Այս դեպքից հետո ես ու Մամեդով եղբայրներն ավելի մտերմացանք: Նա կարծես՝ իմ անձնական զորքի հրամանատարը լիներ, հենց որ տեսնում էր ես ինչ-որ մեկի հետ վիճաբանում եմ, իսկ նման առիթ Աբոն հաճախակի էր ստեղծում, անմիջապես հավաքում էր թալիշ նորակոչիկներին ու կռվի պատրաստ կանգնում էր կողքիս: Մի անգամ գործարանի տարածքում Աբոյի հետ երկու ծովայինների «դաստիարակչական» ապտակ տվեցինք, որից հետո սուզանավի ամբողջ անձնակազմը մեզ վրա էր եկել հենց այն պահին, երբ մենք գործն ավարտել, հավաքվել ու պատրաստվում էինք վերադառնալ զորամաս: Մամեդովը, գլխի ընկնելով կատարվելիքը, իրենց լեզվով ինչ-որ բան ասաց ընկերներին, որոնք էլ անմիջապես շինարարական աղբակույտի միջից իսկույն ամրաններ, փայտեր, աղյուսի կտորներ վերցրին և կիսաշրջանաձև կազմելով, պատրաստվեցին կռվի: «Հաղթական գրոհի» ելած ծովային անձնակազմը, տեսնելով դիմադրության պատրաստ շինարարներիս, միանգամից, կարծես հրամանով, մեխվեց տեղում: Մի քանի րոպե բոլորս լուռ իրար էինք նայում: Ի վերջո, նրանք ընկրկեցին՝ հավանաբար հասկանալով, որ հետևանքները կարող են շատ ծանր լինել, և խմբովին շրջվեցին ու հեռացան:

♦♦♦

Հունիսի վերջին օրերն էին: Կեսօրին եկանք ճաշելու: Նիզամին մեզ տարավ ճաշարան: Ապուրը դեռ չէինք կերել, երբ արագ քայլերով ներս մտավ կապիտան Ռոդիոնովը, մոտեցավ ու ասաց.

-Շուտ կերեք, վերջացրեք, գնացեք ձեզ կարգի բերեք ու շարահրապարակում շարվեք:

Ճաշն արագորեն վերջացրինք, վազեցինք զորանոց, ով սափրված չէր, սափրվեց, մաքրեցինք-փայլեցրինք սապոգները, ձգեցինք գոտիները ու դուրս գալով զորանոցից՝ շարվեցինք: Եկավ Ռոդիոնովը, քիչ անց՝ բարձրահասակ մի գնդապետ: Զեկույցն ընդունելուց հետո գնդապետը ներկայացավ, ասաց, որ նավատորմի գլխավոր վարչությունից է, քաջատեղյակ է զորամասի գործունեությանը: Առավոտից այստեղ է եւ հանդիպել է 12505 զորամասի ստորաբաժանումներին, այժմ էլ ուզում է մեզ հետ զրուցել, մեզ լսել: Մենք պատասխանեցինք գնդապետի բոլոր հարցերին, ասացինք, որ լավ ենք, ամեն ինչ կարգին է: Երբ թվում էր, թե զրույցն արդեն ավարտված է, գնդապետն ասաց.

-Իսկ հարցեր կա՞ն:

-Ոչ մի կերպ.- պատասխանեցինք խմբովի:

Գնդապետն ուզում էր գնալ, Նիզամին, որ կանգնած էր շարքի առջեւում, մի քայլ առաջացավ ու ներկայանալով՝ ասաց.

-Ես հարց ունեմ:

-Խնդրեմ, լսում եմ, ընկեր սերժանտ,- ասաց գնդապետը:

Նիզամին գործի անցավ.

-Ընկեր գնդապետ, ուզում եմ ձեզ հետ մեկուսի խոսել։

Նրանք առանձնացան:

-Պարզ է, չէ, ինչ է ասելու, էլի ինստիտուտն ավարտելու մասին երգն է երգելու,- կամաց ասաց կողքիս կանգնած Ալբերտը,-Միշիկը, որ բարձրագույն կրթություն ուներ, զորացրվել է, սրա քամակը մրմռում է:

Ութ-տասը րոպեի չափ նրանք խոսեցին, որից հետո Նիզամին, պատվի առնելով, իր ընդգծված շարային քայլքով վերադարձավ ու կանգնեց իր տեղը:

Գնդապետը մեզ բարի ծառայություն մաղթեց և Ռոդիոնովին հասկացնելով, որ այլեւս ասելիք չունի, առաջացավ դեպի իրեն սպասող սև մեքենան: Ռոդիոնովն ինձ ասաց, որ վաշտը տանեմ աշխատանքի, որից հետո նայելով Նիզամիին, ատամների արանքից ֆշշացրեց.

-Իսկ դու ինձ այստեղ կսպասես:

Գնդապետն արդեն նստել էր մեքենան, Ռոդիոնովն էլ տեղավորվեց կողքի նստատեղին, ու միասին գնացին:

Երբ աշխատանքից վերադարձանք, ո՛չ Ռոդիոնովն էր զորանոցում, ո՛չ էլ Նիզամին: Հերթապահն ասաց, որ գնալուց մոտ երկու ժամ անց Ռոդիոնովը կատաղած հետ է եկել, վերցրել է Նիզամիին եւ իր հետ տարել է:

Մինչև երեկոյան անվանականչ Նիզամին չհայտնվեց:

-Սպասենք, տեսնենք ի՞նչ է եղել,- ասաց Աբոն:

Ժամը տասներկուսին մոտ հայտնվեց թթված դեմքով, ոչ մի հարցի չէր պատասխանում, իսկ երբ հանեց գլխարկը, բոլորս միասին փռթկացրինք: Բացի կատարից, գլուխն ամբողջովին խուզված էր: Կարծես փոքր թաս էին սեղմել գագաթին և թասի շրջանից դուրս մնացած մազերն անշնորհք խուզել էին:

-Էս Ռոդիոնովի արածը կլինի, հաստատ կռվել եք,- ասաց Աբոն, ու Նիզամին հաստատեց նրա ասածը:

Առաջարկեցինք գլուխը սափրել, չհամաձայնեց:

Առավոտյան Ռոդիոնովը եկավ, դեմքից թույն էր թափվում: Ի զարմանս մեզ վաշտը շարեց եւ ստուգատես անցկացրեց: Հրամայեց, որ բոլորս հանենք գլխարկները: Մենք հանեցինք, իսկ Նիզամին դանդաղում էր։

-Հրամանը բոլորին է վերաբերում,-ձայնը բարձրացրեց կապիտանը:

Մենք գլխի ընկանք. նա ուզում է, որ բոլորը տեսնեն սերժանտ Բայրամօղլիի ստորացումը: Այդպես շարունակվեց տասնհինգ-քսան օր, որից հետո Նիզամին ինչ-որ կերպ համոզեց Ռոդիոնովին ու տեղափոխվեց Օստրով: Նրա գնալուց հետո մի զրույցի ժամանակ Ռոդիոնովն ասաց.

-Կիսագրագետ տականք, երկու տարի իբր ինստիտուտ է գնացել, ուզում է պետությանը խաբի: Ես նրան այնպես ստորացրի, որ ամբողջ կյանքում ինձ չի մոռանա:

Բոլորս հասկացանք, որ գլուխը խայտառակ խուզելուց բացի, Ռոդիոնովը ծախու ստահակին շատ ավելի գեշ անարգանք էր հասցրել:

♦♦♦

Օգոստոսի մեկից սկսեցինք հաշվել մեր ծառայության վերջին հարյուր օրերը: Ալբերտը վարչության սպաներից մեկի հետ խոսել էր, որ մեզ` իրեն, ինձ, Վարդանին ու Սոսին վերջին՝ «ակորդային» աշխատանք տան.

-Հա՛մ գործը շուտ կվերջացնենք ու կզորացրվենք, հա՛մ էլ տուն գնալուց մոտներս շատ փող կլինի,- իր ձեռնարկի տրամաբանությունը պարզաբանեց Աբոն:

Ես անմիջապես համաձայնեցի ու Ռոդիոնովին էլ համոզեցի, որ ազատի ջոկի հրամանատարի պարտականություններից, բայց Սոսն ու Վարդանը չուզեցին միանալ մեզ:

-Աստված իրենց հետ, չմտածես, գործը երկուսով էլ գլուխ կբերենք,-ասաց Աբոն ու գնաց ընդունելու առաջադրանքը:

Հանձնարարված էր քանդել աղաթթվի հսկայական մետաղական տարողության ներքին` աղյուսով շարված հենապատը: Աշխատանքի հենց առաջին օրը հասկացանք, որ շատ դժվար գործ է, որովհետև աղյուսը շարված էր հեղուկ ապակիով, և առանց կոմպրեսորի գործը գլուխ չէր գա։ Ամեն առավոտ մենք գնում էինք աշխղեկի մոտ կոմպրեսոր ուզելու, և ամեն օր աշխղեկն ասում էր, որ հարցը կլուծվի վաղը: Օրերն անցնում էին, այդ մարդն իր խոստումը չէր կատարում: Ես ու Ալբերտն էլ ժամանակն անցկացնում էինք Խաչիկի կաթսայատանը: Էհ, ինչ արած, մենք այդպես՝ առանց աշխատելու էլ վատ չէինք զգում մեզ: Բանակային ասացվածքն ասում է` զինվորը քնում է, ծառայությունը` հոսում: Խաչիկը ամռանն, իբր, կաթսայատունն էր նորոգում, բայց այնտեղ գրեթե անելիք չկար: Անգործությունից սկսեցինք խոհանոցային տնտեսություն ստեղծել: Խաչիկը մի մեծ թավա ուներ, մի քանի օրվա կարտոֆիլ, մսի պահածոներ, յուղ, մենք էլ դեսից-դենից մթերք էինք բերում ու պարապությունից մեր հոգու և մարմնի քաղցը հագեցնում։ Մեկ-մեկ էլ ձու, քաղցրավենիք էինք գնում Միշիկի զորացրվելուց առաջ շահագործման հանձնված Լիբիայի բանակի զինավանի խանութից: Այստեղ առևտուր անելու էին գալիս նաև արաբ սպաների կանայք: Այդ սևուկ, բարալիկ ու բարձրահասակ կանայք, որ հնդկուհիների պես հոնքերի արանքում խալ էին դնում ու մետաքսաշղարշ գույնզգույն զգեստներ հագնում, մեր ջահել արյունը փոթորկում էին: Անհնար էր դիմանալ նրանց մեծ-մեծ սև տաք աչքերից հորդող ջերմությանը, բայց մենք չափը չէինք անցնում, և մտքներովս անգամ չէր անցնում նրանց որևէ բառ ասել, որովհետև օտար երկրի քաղաքացիներ էին, հյուր մեր երկրում: Իսկ մի անգամ, երբ արաբերենին ու թուրքերենին հրաշալի տիրապետող Խաչիկը տեսավ, որ մերօրյա Կլեոպատրաները չեն կարողանում վաճառողուհի Գալյային հասկացնել, թե ինչ են ուզում գնել, սկսեց հետները խոսել, թարգմանչի դեր կատարել: Իրավիճակից նեղսրտած կանայք միանգամից վերափոխվեցին, ուրախ- ուրախ բլբլացին Խաչիկի հետ, լիքը ապրանքներ ընտրեցին: Խաչիկն էլ, ձեռքներից վերցնելով ռուբլիները, հաշվեց ու վճարեց գնումների արժեքը: Այդ օրվանից հենց խանութ էինք գնում, արաբ կանայք, միմյանց տեղեկացնելով, գալիս էին առևտրի, և երբ առանց Խաչիկի էինք լինում, գալիս ու շվարած կանգնում էին: Նման դեպքերում մի կերպ հասկացնում էինք, որ գան հաջորդ օրը, նույն ժամին: Տիկին Գալյան էլ խնդրում էր.

-Տղանե՛ր, ինչ կլինի, Վարդանյանին ասեք, թող վաղը գա, ես էս խափշիկներից բան չեմ հասկանում:

Վերադառնալով՝ ասում էինք Խաչիկին.

-Հաննիբալի դուստրերը վաղը կեսօրին քեզ են սպասելու, տես, հա՜, հուսախաբ չանես:

-Էլի՞… զահլա չունեմ, գնացողը չեմ,-իրեն էր թանկացնում Խաչիկը:

-Կգնա՜ս, արաբները մեր բարեկամներն են, եղեռնի ժամանակ շատ հայերի են փրկել կոտորածից, համ էլ բարի ժողովուրդ են:

-Քարոզիչներիս տեսեք, եկել ում են բացատրում, թե ովքեր են արաբները: Նրանց փրկած հայերից երկուսն էլ իմ տատն ու պապն են, այ խելոքներ:- Ասում էր Խաչիկը, ու մենք համոզվում էինք. եթե վաղը մենք այստեղ էլ չլինենք, ինքը անպայման կգնա, կօգնի լիբիացի կանանց և աղջիկներին, ինչպես ես էի սիրում կրկնել` Կլեոպատրաներին ու Նեֆերտիտիներին:

Լիբիացիների հետ մեր հարաբերություններն այսքանով չէին սահմանափակվում: Խաչիկի արաբերենի իմացության շնորհիվ ընկերություն էինք անում Մուհամեդ անունով մի զինվորի հետ: Նա հաճախ էր մեզ իրենց բար հրավիրում, սև սուրճ հյուրասիրում: Խոսում ու միմյանց պատմում էինք մեր ազգային սովորությունների, խոհանոցի մասին: Պարզվում էր՝ նմանությունները բավականին շատ են: Մուհամեդը երբեմն մեզ ամերիկյան մաստակ, բուրավետ անձեռոցիկներ էր նվիրում, որոնցով մենք ճաշից հետո սրբում էինք բերաններս ու գցում սեղանին: Բույրը տարածվում էր սրահում: Զինվորները ճաշարանից դուրս գալիս զարմացած անցնում էին մեր սեղանի մոտով, որ տեսնեն, թե այդ ինչ անձեռոցիկներ են, որ այդպիսի անուշ հոտ են արձակում:

Շարունակելի

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ