Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ՍԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

1941թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը գերմանական ֆաշիզմի վերմախտը, խախտելով միմյանց վրա չհարձակվելու մասին խորհրդա-գերմանական պայմանագիրը, առանց պատերազմ հայտարարելու, գաղտագողի հարձակվեց ստեղծագործ խաղաղ աշխատանքով զբաղված Խորհրդային Միության վրա։ Սկսվեց 1418 օր ու գիշեր տևած արյունահեղ Հայրենական մեծ պատերազմը, որը միայն մեր հանրապետությունից խլեց մոտ 600 հազար մարդու կյանք, որոնց թվում նաև սևանցիներ։ Դեռևս նոր կազմավորված այս փոքրիկ շրջանից ռազմի դաշտ մեկնեցին ավելի քան 4000 մարտիկներ (49 կանայք), որոնք քաջաբար պայքարեցին գերմանական ֆաշիզմի դեմ և բարձր պահեցին խորհրդային զինվորի պատիվն ու հեղինակությունը, հազարավոր անմոռաց հերոսական էջեր գրեցին Հայրենական մեծ պատերազմի քառամյա տարեգրության ոսկե էջերում։

Սկիզբը՝ նախորդ համարներում

Սևանի շրջանի լեռնային փոքրիկ Զովաբեր գյուղում էին ծնվել և իրենց անհոգ մանկությունն անցկացրել դասընկերներ Գառնիկ Մկրտչյանն ու Հայկազ Բաղդասարյանը, ստացել միջնակարգ կրթություն, միասին մեկնել հող հայրենին ֆաշիստական հորդաներից պաշտպանելու։ Գառնիկը 1943թ.-ի հունվարին մեկնեց ռազմաճակատ, սովորեց Կրասնոդարի զինվորական ուսումնարանում, ստացավ լեյտենանտի կոչում, նշանակվեց հրետանային վաշտի հրամանատար՝ Կովկասյան նախալեռներից մարտերով հասնելով Լեհաստան, Չեխոսլովակիա: Մասնակցեց Բեռլինի գրավմանը, արժանացավ մայորի կոչման։ Պատերազմի հաղթական ավարտից հետո ավարտեց Ֆրունզեի անվան ռազմաքաղաքական ակադեմիան և իր կյանքը մեկընդմիշտ կապեց ռազմական արվեստի հետ։ Նա սովորել և 1952 թվականին ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1971թ., երբ արդեն որոշակի ներդրում ուներ զինվորական ծառայության ասպարեզում, Գ. Մկրտչյանին շնորհվեց գնդապետի զինվորական կոչում։

Կարճ ժամանակ անց Գ. Մկրտչյանն ավարտեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան և «Լեզվաբանության կապը համակարգչագիտության հետ» թեմայով պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն, ստացավ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ապա դոցենտի կոչում։ Երկու տարի անց դոցենտ Գ. Մկրտչյանն աշխատանքի հրավիրվեց մայրաքաղաքի ավիացիոն ինստիտուտ՝ որպես ամբիոնի վարիչ և դասախոս։ Նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում։ Նրա գրչին են պատկանում 200-ից ավելի գիտական աշխատություններ, ուսումնական ձեռնարկներ և նեղ մասնագիտական ծավալուն հոդվածներ։ Պրոֆեսոր Գ. Մկրտչյանը համարվում է գիտության այս բնագավառի ամենաճանաչված մասնագետներից մեկը։ Նա ազատ տիրապետում է հինգ լեզուների։ Ինֆորմատիզացիայի և համակարգչագիտության զարգացման ասպարեզում ունեցած ակնառու ներդրումների համար պրոֆեսոր Գ. Մկրտչյանին 1994թ. շնորհվել է ՄԱԿ-ի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամի պատվավոր կոչում։

Այսօր նա շուրջ մեկ տասնյակ միջազգային գիտական խորհուրդների անդամ է։ Մեծ ավանդ ունի գիտական կադրերի պատրաստման գործում։ Գնդապետ Գ. Մկրտչյանը պարգևատրվել է մարտական ու աշխատանքային 9 շքանշաններով, բազմաթիվ մեդալներով։

♦♦♦

Բելառուսում հռչակված պարտիզաններից է Կարմիր բանակի կադրային սպա, Հայկական ԽՍՀ Սևանի շրջանի Վարսեր գյուղի նախկին բնակիչ, ավագ լեյտենանտ Խաչիկ Մաթևոսյանը։ Նա 1942թ. գարնանից մինչև 1943 թվականի սեպտեմբերը իր պարտիզանական ջոկատով (ապա բրիգադով) պայքարել է Մինսկի մարզում և մարտական ուղին ավարտել 1944 թվականին։

Խաչիկ Աղաջանի Մաթևոսյանը ծնվել էր 1916թ., Սևանի շրջանի Վարսեր գյուղում, հաճախել տեղի եռամյա դպրոցը։ 1936թ. զորակոչվել և ծառայել էր հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հեծյալ գնդում։ Սովորել էր դիվիզիայի կրտսեր հրամանատարական դասընթացներում։ Հանգամանքների բերումով փոխադրվել էր Բելառուս, որտեղ սովորել և ավարտել էր Մինսկի Մ. Կալինինի անվան հետևակային զինվորական ուսումնարանը, մասնակցել ֆիննական պատերազմին, 1940թ. նշանակվել դասակի, որոշ ժամանակ անց՝ 37-րդ հրաձգային դիվիզիայի 247-րդ վաշտի հրամանատար։ Այս գնդի կազմում էլ Խաչիկ Մաթևոսյանը 1941թ. հուլիսի 22-ին ընդունում է առաջին մարտը։ Գունդը մի քանի օր համառորեն դիմադրում է ֆաշիստական զավթիչների զրահատանկային խոշոր ուժերի և ավիացիայի կատաղի գրոհներին, ծանր կորուստներ կրում և Լիդա քաղաքի մոտ ընկնում շրջապատման մեջ։ Հրաման էր տրված փոքր խմբերով դուրս գալ շրջապատումից։ Խ.Մաթևոսյանն իր ստորաբաժանման գլուխ անցած, ճեղքելով թշնամու օղակը, անտառներով ու ճահիճներով նահանջում է դեպի արևելք՝ նպատակ ունենալով հատելու ռազմաճակատի գիծը և միանալու Կարմիր բանակին…

Շարունակելի

ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Պատերազմի և աշխատանքի վետերանների Սևանի համայնքային
խորհրդի նախագահ