Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ
ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

ԱՐՄԱՆ ՅԱՐԱԼՅԱՆ. «Թեեւ կարող էի վեց ամսից զորակոչվել, բայց ընկերուհիս` Աննան, պնդեց, որ գնամ ու ծառայեմ: Միասին էլ զինկոմիսարիատ գնացինք: Դիմում գրեցի եւ, ահա, մեկնում եմ ծառայության: Աննայի համար կարեւոր է, որ իր ընտրյալը բանակում ծառայած լինի: Ասում է` չի ամուսնանա հայրենիքի հանդեպ իր պարտքը չկատարած երիտասարդի հետ: Սովորում եմ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետի առաջին կուրսում: Ընկերուհիս կարծում է, որ պատմություն դասավանդելու, հայրենիքի մասին խոսելու իրավունք ձեռք կբերեմ ոչ թե համալսարանն ավարտելուց, այլ գերազանց ծառայելուց հետո: Ես համամիտ եմ եւ վստահ` կարդարացնեմ Աննայի ակնկալիքները, նա ինձնով հպարտանալու առիթներ դեռ շատ կունենա: Աննան ծնվել է նոյեմբերի 25-ին, Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը: Նրա համար Մոնթեն հայրենասիրության, նվիրումի, ազնվության, արդարամտության, արժանապատվության մարմնացում է: Աննան ասում է, որ Մոնթեն այն իդեալն է, որին պետք է ձգտել: Խոստացել եմ շարունակել Մոնթեի գործը… Կծառայեմ ու կսպասեմ Աննայի նամակներին: Որոշել եմ` հենց զորացրվեմ, Աննային ամուսնության առաջարկություն եմ անելու: Վստահ եմ՝ չի մերժի»:

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «Ես Կապանից եմ: Մեծ է Կապանի ու կապանցու դերակատարումը անկախության, Արցախյան պատերազմի ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում: Իմ համաքաղաքացիներից շատերը ցուցաբերել են բացառիկ խիզախություն: Օրինակ` մեր բակից Վահրամ Սահակյանը: Նա ջոկատի հրամանատար էր, զոհվել է 1994թ. Հորադիզում: Մեր մյուս հարեւանը` Սուրիկը, պատերազմի մասնակից է, հաշմանդամ: Լավ կռվող էր, ընկերները մտածում էին` զոհվել է, բայց բուժկետում պարզվել է` ողջ է: Երբ զինկոմիսարիատից ստացա ծանուցագիրը, Սուրիկը ինձ շնորհավորեց ու ասաց` «Պինդ կկանգնես պոստում, որ պետք լինի, մենք էլ ենք կանգնելու ձեր կողքին, մենք էլ ենք կռվելու»: Հպարտանում եմ մեր ազատամարտիկներով, նրանցից սովորելու շատ բան ունենք, առաջինը, որ հողը երբեք չեն զիջում, որ հողի համար պայքարում են մինչեւ վերջին շունչը: Նրանք ազատագրել են, մենք էլ պետք է տեր կանգնենք մեր երկրին: Եթե վիրավոր, հաշմանդամ մարդն ասում է` պետք լինի՝ գալու եմ ու կռվեմ, ամոթ չէ՞, որ առողջ, ջահել տղաները ծառայությունից խուսափեն: Ուզում եմ ծառայել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Բարձրագույն կրթություն եմ ստացել, ծրագրավորող եմ, ուստի, հույս ունեմ, որ ինձ կվստահեն ջոկի հրամանատարի պարտականությունները: Սուրիկին խոստանում եմ` պատվով կպաշտպանեմ ինձ վստահված դիրքը»:

ՍՈՒՐԵՆ ԱԹՈՅԱՆ. «Սովորում եմ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: Քիչ անց կմասնակցեմ վիճակահանությանն ու կմեկնեմ ծառայության վայր: Առանց չափազանցելու կասեմ, որ տրամադրությունս բարձր է, սիրով եմ գնում բանակ: Ակնկալում եմ ծանոթանալ մեր բանակի ռազմական տեխնիկային, մեր զինանոցում առկա զենքերին ու զինամթերքին եւ սովորել կիրառել դրանք: Գուցե կարողանամ նաեւ մասնագիտական ունակություններս ծառայեցնել ի նպաստ մեր բանակի: Կարծում եմ` եթե երիտասարդը չունի առողջական խնդիրներ, պարտավոր է ծառայել, անկախ նրանից՝ ում որդին է, անկախ նրանից՝ որոշել է գիտությա՞մբ զբաղվել, թե արվեստով: Բացառություններ չպետք է լինեն: Թող ծառայեն, վերադառնան ու շարունակեն զբաղվել իրենց սիրած գործով: Ինքս բազում հանրապետական օլիմպիադաների մասնակից եմ թե՛ ֆիզիկայից, թե՛ մաթեմատիկայից, հաջողություններ եմ ունեցել, սովորել եմ բարձր առաջադիմությամբ, բայց երբեք չեմ մտածել, որ կարելի է շահարկել եւ խուսափել ծառայությունից: Սա մեր բանակն է, մեր երկիրն է, եւ ո՞վ՝ եթե ոչ մենք: Հորաքրոջս տղան` Սերգեյ Միրաքյանը, եւս ծառայում է, առաջնագծում, մարտական հերթապահություն է իրականացնում: Ողջունում եմ նրան: Եղբա՛յր, ես էլ եմ գալիս (ժպտում է)»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ