Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅ  ԶԻՆՎՈՐՆ  Է  ՀԱՅՈՑ ԵՐԿՐԻ ՊԱՀԱՊԱՆԸ
ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ Է ՀԱՅՈՑ ԵՐԿՐԻ ՊԱՀԱՊԱՆԸ

Արցախյան շարժումը ծնեց անկախություն, իսկ անկախության ամենամեծ ձեռքբերումներից է մեր ազգային բանակը, որը, հիմնվելով երկրապահ ջոկատների վրա, ազատագրեց Արցախը, պաշտպանեց մեր հայրենիքի սահմանները բոլոր կողմերում, և այսօր էլ հայ զինվորն աներեր կանգնած է սահմանին և պաշտպանում է հող հայրենին: Այդ է վկայում վերջին օրերին կատարված սխրանքը սահմանում, այդ են վկայում անցած տարիների փորձությունները, երբ թշնամին հատուկ ջոկատներ էր ուղարկում՝ փորձելով ճեղքել մեր պաշտպանական գիծը, ահաբեկչական գործողություններ իրականացնել, սակայն միշտ եւ ամենուր հանդիպել է դիմակայության, ետ շպրտվել՝ տալով թե՛ մարդկային, թե՛ նյութական կորուստներ: Հայ զինվորի օրինակելի կերպարներ դարձան հավերժի ճամփորդ, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, որը հերոսաբար զոհվեց, և նրա զինակից 8 ընկերները, որոնք արիաբար դիմակայեցին հակառակորդի երեք տասնյակ հատուկ պատրաստված ահաբեկիչներին եւ արժանի հակահարված հասցրին:

Հաղորդագրություններից մեկում կարդում եմ. «Մարտի ժամանակ ավագ լեյտենանտ Սարգիս Թանանյանը ձեռքի նռնակներ է նետել հակառակորդի ուղղությամբ և նկատել նրա շարքերում ծայր առած իրարանցումը, գնդացրորդներ՝ շարքայիններ Արսեն Հովհաննիսյանը և Էդիկ Դադամյանը մեկ այլ ուղղությամբ անհրաժեշտ կրակային պատնեշ են ստեղծել հակառակորդի առաջխաղացման դեմ: Արիաբար են գործել նաև նռնակաձիգ, շարքային Մխիթար Վարդանյանը, շարքայիններ Նորայր Մկրտչյանը և Սասուն Հակոբյանը»: Այս ամենը խոսում է հայ պատանու, հայ զինվորի գիտակցված պարտքի, գիտակցված խիզախումի մասին: Մենք Արցախյան գոյամարտում հաղթեցինք, քանի որ ուրիշ ելք չունեինք, ինչպես եւ չնահանջեցին այս հերոս տղաները՝ շարունակելով իրենց հայրերի գործը՝ հզորացնել Հայոց բանակը: Պատահական չէ Մոնթեի խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Եվ մենք հաղթեցինք ու նոր էջ գրեցինք և կշարունակենք բազում հատորներ գրել հզոր բանակի առկայության մասին: Ուստի ազգովի պետք է պաշտենք մեր բանակը, սիրենք ու նրա կողքին լինենք, աջակցենք, քաջալերենք:

Արդեն մի քանի տարի է, ինչ ԼՂՀ Քաշաթաղի շրջվարչակազմը հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, կազմակերպում է այցելություններ զորամասեր և մշակութային խմբերի մասնակցությամբ համերգներ զինվորների համար: Այս տարի էլ չխախտվեց ավանդույթը. հարավում տեղակայված զորամասի զինվորներն ու սպաները կեսօրին արդեն շարահրապարակում էին՝ սպասելով տոնական համերգին: Հաճելի է տեսնել, թե ինչպես էին վաշտ-վաշտ շարքերով գալիս զինվորները, կատարում հրամանատարների հրամանները: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, շնորհավորելով զինվորականներին տոնի առթիվ, միջոցառումը հայտարարեց բացված, որը վարեց Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի պարուսույց Էլինար Հայրապետյանը: Ռազմահայրենասիրական երգերի կատարումով ելույթ ունեցավ Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի պարի խմբակի Կովսականի մասնաճյուղի պարուսույց, երգիչ-ազատամարտիկ Կարեն Մարտիրոսյանը:

Զինվորի համար միշտ էլ հաճելի է՝ մի պահ կտրվել զինվորական առօրյայից, ունկնդիրն ու մասնակիցը լինել տոնական համերգի, վայելել երեխաների պարն ու երգը, պարել նրանց հետ, նրանցից առնել հարազատների կարոտը: Վարուժան Գրիգորյանի սաները կատարում են ռազմական պարեր, պարի հրավիրում զինվորներին: Հնարավոր չէ չհուզվել այս տեսարանով, երբ փոքրիկ աղջնակներն ու պատանիները ջանում են իրենց երգ ու պարով ոգևորել հայ զինվորին՝ իրենց պահապանին: Զինվորները հատկապես աշխուժացան «Բերձոր» համույթի երգչուհի Գրետա Մովսիսյանի ժողովրդական երգերի կատարմամբ, Կարեն Մարտիրոսյանի սաները նույնպես ռազմական պարերով ուրախացրեցին հայ զինվորին, իսկ պատանի երգիչներ Ռազմիկ Քերոբյանն ու Անդրանիկ Գոգորյանը հիացրին ռազմահայրենասիրական երգերի կատարումով: Եղավ նաև մրցույթ գումարտակների միջև՝ ով է ավելի ակտիվ և լավ պարում: Այս անգամ էլ հաղթեց միասնությունը:

Տոնական միջոցառման ավարտին զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց այցի համար՝ հավաստելով, որ բանակը եղել է եւ միշտ կմնա հայրենիքի պատվարը: Բանակայիններին շրջվարչակազմի անունից շնորհավորեց վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը՝ նշելով, որ շրջանի բնակչությունը պատրաստ է մշտապես աջակցելու զինվորին: Զրույցի ընթացքում զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Աշոտ Եղիազարյանը կարևորեց բանակ-հասարակություն կապը.

-Հանդիպումը զինվորների հետ ամրապնդում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը նախազորակոչային պատանիների, ինչու չէ՝ նաև աղջիկների շրջանում: Զինվորն զգում է հասարակության ուշադրությունն իր նկատմամբ և է՛լ ավելի պարտավորվում լավ ծառայել:

Զորամասի շտաբի պետը նույնպես կարևորեց օրվա խորհուրդը:

-Ուրախալի է, որ հանձինս այս պատանիների, բանակային սերունդ է մեծանում, ովքեր այսօր իրենց երգով ու պարով ոգևորեցին զինվորներին, միևնույն ժամանակ իրենք էլ որոշ բան սովորեցին զինվորներից: Տեսա՝ ինչպես էին պատանիները մոտենում, ծանոթանում զինվորների հետ, զրուցում, հարցեր տալիս, -ասաց շտաբի պետը՝ հավելելով, որ կապը հասարակության հետ օդ ու ջրի պես անհրաժեշտություն է բանակին:

Միջոցառման մասնակիցները զինվորների հետ ճաշեցին ճաշարանում: Բոլոր երեխաները, հատկապես՝ տղաները, ասացին, որ շատ համով էին բանակային կերակուրները:

Հրաժեշտ ենք տալիս մեր պահապան-զինվորներին՝ մաղթելով անփորձանք ծառայություն և զգոնություն:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ