Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ

Օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 105 ավագ դպրոցում կազմակերպվեց Հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի առանձնահատկությունը գիտագործնական լինելն էր։ Դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Հրաչիկ Հակոբյանը ելույթ ունեցավ զեկույցով, որից հետո ելույթներով հանդես եկան 11-րդ դասարանի աշակերտներ Արամ Վարդանյանը, Մերի Հալաջյանը, Քրիստինե Հանոյանը, Վարուժան Բաղդասարյանը։ Հրավիրված փ/գ-տ Վրեժ Սամվելյանը, համայնքի մշակույթի և սպորտի բաժնի ավ. մասնագետ, սպորտի վարպետ Ներսես Մանուչարյանը և տողերիս հեղինակը ներկաներին շնորհավորեցին համաժողովրդական տոնի առթիվ և ցանկացան լավագույն առաջադիմություն ուսման մեջ և կյանքում։

Հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված հրաձգային մրցումներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված աշակերտներ Աշոտ Հերոյանը, Գևորգ Չիվչյանը և Գևորգ Գևորգյանը պարգևատրվեցին տնօրինության պատվոգրերով։

Դպրոցի տնօրենի տեղակալ Հասմիկ Նադիրյանը իր եզրափակիչ ելույթում նշեց, որ մեր բանակը հայ ժողովրդի հպարտության և խաղաղության երաշխավորն է, փառք և պարծանք բոլոր նրանց, ովքեր ծառայում և հզորացնում են ՀՀ զինված ուժերը։

Միջոցառումն ավարտվեց Լիլիթ Դավթյանի, Գոհար Վասիլյանի և Լիդա Գևորգյանի հայրենասիրական երգերով։

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
գնդապետ