Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԱՇՆԱՆ ԵՐԵԿՈ…



Յուրա Մանուկյանի նախնիները Հյուսիսային Արցախի Էրքեջ գյուղից են։ Տեղափոխվել, բնակություն էին հաստատել պատմական Գանձակում (Կիրովաբադ)։ Աբգար հայրը մահացավ Գանձակում։ Իր երեք քույրերին ամեն կերպ օգնում էր Յուրան, փորձում մեղմել հոր կորուստը։ Եվգենյա մայրը մի անգամ որդուն դիմեց այսպիսի խնդրանքով.
-Որդիս, քո նախնիները թաղված են Էրքեջում, Աբգար հորդ աճյունն էլ տեղափոխենք այնտեղ, թող հանգիստ ննջի, վաղ թե ուշ իմ տեղն էլ այնտեղ է։
-1983թ. հորս աճյունը տեղափոխեցինք Էրքեջ։ Հետո մենք էլ տեղափոխվեցինք Էրքեջ։ 85-ամյա Գյուլի տատս էլի կապրեր, սակայն երբ սկսվեցին ադրբեջանցի օմօնականների հայահալած գործողությունները, տատիս սիրտը չդիմացավ։ Տատս նույնպես հուղարկավորվեց մեր պապենական գերեզմանատանը,- վերհիշում է Յուրա Մանուկյանը։
Հետո պատերազմ, հերոսական մաքառում, կորուստներ, հայաթափված Շահումյան, Էրքեջ… Պատերազմից հետո Յուրան ընտանիքով հաստատվեց Քարվաճառում։ Քույրերն ընտանիքներով ցրվեցին տարբեր կողմեր։ Յուրայի ցանկությունն է, որ նորից ամբողջ ընտանիքով հավաքվեն Եվգենյա մայրիկի կողքին։ Քույրերից Մարինեն արդեն երեխաների հետ հետ է եկել արտերկրից։
Քարվաճառի մի մեղմ երեկո զրուցում ենք Յուրայի հյուրասեր հարկի տակ։ Հայրենասեր տանտիրուհին՝ տիկին Օլյան, հյուրերի համար սեղան է բացել։ Եվգենյա մայրը արցունքն աչքերին վերհիշում է երբեմնի առատ ու շեն իրենց օջախը, ամուսնուն, աղջիկներին, թոռներին ու օրհնանքի խոսքեր է ասում որդուն՝ Յուրային.
-Որդիս քույրերի համար ծնող եղավ, Աստված իրեն, իր զավակներին, ընտանիքին օգնական…
Հետո զրույցի ընթացքում, երբ Եվգենյա մայրն իմացավ, որ հայ մայրերի մասին պատմություններ եմ հավաքում, ասաց.
-Էհ, որդիս, ի՞նչ ասեմ, ամեն մի մոր կյանք մի մեծ պատմություն է՝ ո՛չ վերջ ունի, ո՛չ սկիզբ, մանավանդ մեր հայ մայրերինը՝ մեր պատմության նման է՝ գաղթ, ավեր, նոր տուն… Եթե գրում ես՝ գրիր, որդիս, Աստված քեզ միտք տա ու շնորհ։ Քո խոսքը թող լինի ճշմարիտ ու հոգին խաղաղեցնող։ Որդիս, հիշիր՝ լավ երգը հիշում, երգում են 100, 1000 տարի էլ անցնի։ Ճշմարիտ խոսքն էլ լավ երգի նման է,- այսպես բարեմաղթեց Եվգենյա մայրիկը Քարվաճառի մի աշնան երեկո…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #10 (875) 16.03.2011 – 23.03.2011, Հոգևոր-մշակութային


24/03/2011