Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏԻՎԸ ՉՈՒՆԵՄ»



Ականավոր գիտնական, ակադեմիկոս Նիկողայոս Մառը (1864-1934) իր ողջ գիտական կյանքում զբաղվել է նաեւ հայագիտությամբ, խորապես ճանաչել մեր ժողովրդին եւ ոչ միայն սիրել, այլեւ ծառայել նրան։ 1915-1916թթ. հենց նա է Հովսեփ Օրբելու հետ մեկնել Վան եւ ուսումնասիրել սեպագիր արձանագրությունները, որպես հայ մատենագրության պատմաբան՝ քննության առել Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը, նրա ջանքերով են 1916-ին փրկվել հայոց մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, որոնց մեջ տեսնում էր մեր ժողովրդի գոյության խորհուրդը եւ ազդակը։ Հեղինակ է բազմաթիվ հայագիտական հոդվածների եւ գրքերի։ Բազմիցս եղել է Հայաստանի հնավայրերում, ձեռագրատներում, համագործակցել եւ բարեկամություն արել հայ մշակույթի նշանավոր դեմքերի հետ։ Հայրը շոտլանդացի էր, մայրը՝ վրացուհի, բայց նրան է պատկանում հետեւյալ խոսքը՝ «Ես ծագումով հայ լինելու պատիվը չունեմ»։

1925 թվականին Նիկողայոս Մառը լինում է Փարիզում, եւ տեղի Հայ ուսանողական միությունը նրա պատվին կազմակերպում է երեկույթ՝ միաժամանակ խնդրելով հանդես գալ հայ ժողովրդին եւ նրա մշակույթին նվիրված դասախոսությամբ։

Ստորեւ ներկայացնում ենք քաղվածքներ այդ դասախոսությունից։

Հասարակական եւ տնտեսական անցքերը տեղից տեղ, աշխարհից աշխարհ են քշել այս զարմանալի, գեղարվեստական ու գրական առումներով մեծապես օժտված եւ քաղաքակրթական վիթխարի դեր կատարող հայ ցեղին, որն իր հետ սփռում էր արվեստը, գեղարվեստի ճաշակը եւ դպրության լույսը թե՛ հեռու հյուսիս՝ Լեհաստանում ոսկերչության արհեստի զարգացմանը զարկ տալով, թե՛ դեպի հարավ՝ Եթովպացվո աշխարհի գրական շարժման մասնակից դառնալով։ Բնակվելով Հայաստանին հարող օտար միջավայրերում՝ հայերը նույն տեղերի լեզվով թարգմանում էին վաղուց ի վեր ռամկացած իրենց ազգային գրականությունը, որը մուտք էր գործում օտար ազգերի մեջ՝ մատչելի դառնալով նրանց ամենաստորին խավերին։

♦♦♦

Հայոց մշակութային անցյալը, մեր համոզմամբ, չի կարելի ներկայացնել եւ ոչ իսկ ներելի է ուսումնասիրել այլ կերպ, քան որպես համամարդկային մշակութային ամբողջության էական ստեղծագործական մաս։ Հայ ազգի համար ժամանակիս տիրապետող ուժերը դժվարանում են ինքնուրույն կերպով հանգիստ ապրելու տեղ որոշել երկրագնդի վրա, նրանք մինչեւ անգամ չեն տեսնում իրենց՝ հայերի նվիրական հողը, որը ծածկված է բազմահազարամյա մշակույթի սքանչելի հիշատակարաններով։ Մինչդեռ այդ հողի վրա ապրող ազգը ամբողջ քաղաքակիրթ մարդկության, մասնավորապես` եվրոպական ազգերի հետ անժխտելի կապերով միացած լինելով՝ ոչ միայն պատիվ կբերի նրանց, այլեւ կարեւորագույն ազդակ կլիներ իրենց իսկ մշակույթի ծագումն ու զարգացումն ուսումնասիրելու համար։

♦♦♦

Հայերը ոչ միայն առաջինը, այլեւ միակն են եղել արեւելյան ազգերից, որ Եվրոպայի մշակույթի յուրացմանը նպաստելու նպատակով նույն այդ Եվրոպայում հիմնել են գիտական հաստատություններ։ Հիշեցնեմ Մխիթարյանների գործը՝ նկատելով հանդերձ, որ այն շրջանում եկեղեցին է եղել ազգային շահերը մարմնավորող միակ հասարակական կառույցը։ Դրանից հարյուր տարի հետո էլի հայերն էին Լազարյան ճեմարանի հիմնադիրները։

Եվրոպայի լուսավորյալ կենտրոններում, հին, թե նոր քաղաքակրթական միջավայրերում հայերը չեն թերացել մշակութային կապերն ամրապնդող օջախներ ստեղծել՝ դյուրացնելու համար քաղաքակրթության մուտքը Առաջավոր Ասիա։ Ինչ էլ լինեին այդպիսի հաստատություններ հիմնելու մերձավոր նպատակները, մեր ուշադրությունը գրավում է այս տեսակ գործերում հայոց ազգի կառուցողական ոգին, որ երեւան է գալիս մշտապես, նրանց նախաձեռնությունը հօգուտ միջազգային մշակութային հարաբերությունների բարգավաճման։

Հայերի այս միջազգային կառուցողական դերը ոչինչ չի կորցնում այն բանից, որ աշխարհակալները, հայ ազգի ուժերն իրենց կամ տիրապետող խավերի սեփականությունը դարձրած, դրանք ծառայեցնում էին իրենց պետություններին՝ շնորհունակ ժողովրդին ենթարկելով անզուսպ բռնության։ Դուք հիշում եք, իհարկե, թե ինչպես իր երկրի առեւտրական հարաբերությունները Եվրոպայի հետ բարվոքելու համար Շահ Աբասը մի ամբողջ բարգավաճ ու գեղեցկատես քաղաք քանդեց՝ Հայաստանից Պարսկաստան տեղափոխելով նրա ոչ միայն վաճառականության մեջ հմուտ, այլեւ գեղարվեստական նուրբ ճաշակով օժտված բնակիչներին։

♦♦♦

Ի՞նչ ասել է խաչքար։

Դա գերզգայուն հայ ժողովրդի բոլոր խավերին՝ վերին շերտերից մինչեւ ստորինը, հարազատ հիշատակարան է, որի վրա անդրադարձվում է ազգային քանդակագործության զարգացման ամեն քայլափոխ, եւ ուր հաճախ զուգակցված ձեւով երեւան են գալիս հայ ճարտարապետության երկու հոսանքները՝ եկեղեցական եւ աշխարհիկ։

Եվ դարձյալ՝ ի՞նչ է խաչքարը։

Դա հայկական գեղարվեստը բացառիկ կերպով բնորոշող մի «հուշիկ հայրենյաց» է։

♦♦♦

Հարեւան եւ մինչեւ անգամ հեռու ընկած ազգերից ո՞րն է, որ օգտված չլիներ հայոց ազգի մշակութային բարեմասնություններից, վիպասաններից եկող եւ աշուղներին հասած երգերից, աննախադեպ զարգացած նրա ճարտարապետական արվեստից։

Հայկական ազդեցությունը նկատվում է ոչ միայն Փոքր Ասիայի արվեստի, այլեւ նրանից առաջ՝ Բյուզանդիայի եւ առանձնակի՝ ռուսաց հին ճարտարապետության վրա։

♦♦♦

Հայկական ժողովրդական ստեղծագործություններն առաջիններն էին իրենց տեսակի մեջ, որ նպաստել են զանազան ազգերի ժողովրդական շերտերի սերտացմանը արաբաբնակ Միջագետքից եւ ասորաց կողմերից մինչեւ Կովկասյան լեռներ։

Հայկական գեղատեսք շինարարությունն Անիի անկումից հետո չսպառվեց, եւ բուն Հայաստանում նախկինում ավերումներից վնասված հիշատակարաններն էին նորոգում ու նոր, շքեղ եկեղեցիներ էին կառուցում ի պատասխան նոր հալածանքների։

♦♦♦

Հալածված արեւելյան ախոյաններից՝ ասորիներն իրենց մշակութային առաքելությանը զոհ գնացին, հայերը շարունակեցին իրենց քաղաքակրթիչ դերը՝ ազնվացնելով բռնակալների ցեղային տիպն իրենց արյունով եւ արդյունավորելով նրանց հանրային կյանքն իրենց շինարար ձեռքերով։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

2005թ., թիվ 33

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Հոգևոր-մշակութային


06/02/2014