Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻՆ



Լոուրենս Թոմաս Էդուարդը, առավել հայտնի Լոուրենս Արաբացի (1888-1925) անունով, 20-րդ դարի նշանավոր հետախույզներից էր, որը խորը հետք է թողել արաբական աշխարհում, մասնավորապես՝ հրահրել եւ հաջող ավարտի հասցրել արաբների ապստամբությունները Թուրքիայի դեմ, մեծագույն դեր խաղացել Իրաքի Թագավորության եւ Քուվեյթի Էմիրության հիմնադրման գործում։ Որոշ գործողություններ է ծավալել նաեւ ԽՍՀՄ-ի դեմ։ Առեղծվածային հանգամանքներում զոհվել է ավտովթարից, 47 տարեկան հասակում։

1919 թվականը հայերի համար մնում էր ծանր, դժնդակ տարի։ Թուրքիան շարունակում էր հայկական կոտորածները, բուն Հայաստանում մոլեգնում էին սովը, հիվանդությունները։ Հայկական հարցը մեծ տերությունների ձեռքին դարձել էր խաղալիք, եւ նրանց հետաքրքրում էր ոչ թե հայոց ճակատագիրը, այլ իրենց աշխարհակալական շահը։

Ահա այդ ժամանակ ամերիկացի լրագրող Լինքոլն Սթեֆընսը հարցազրույց է վարում Լոուրենս Արաբացու հետ՝ արծարծելով նաեւ հայկական հարցը։ Հարցազրույցն առանձին գրքույկով հրատարակվել է 1931թ., տարիներ անց թարգմանվել է նաեւ հայերեն։

Անշուշտ, հարցազրույցում արտահայտված ոչ բոլոր մտքերի հետ այսօր կարելի է համաձայնել, մանավանդ որ դրանք հաճախ ասվում են Լոուրենս Արաբացուն հատուկ հումորով, սուբյեկտիվ, երբեմն ցինիզմի հասնող երանգներով։ Նրա ծաղրը հայկական հարցում մեծ տերությունների վարած քաղաքականության նկատմամբ սպանիչ է, եւ դրանում յուրովի դրսեւորվում է նշանավոր հետախույզի հայկական կողմնորոշումը։ «Ես այնպես եզրակացրի, որ նա մի անասելի համակրանք ունի հայերի հանդեպ»,-գրում է լրագրողը, թեեւ պետք է նկատել, որ նա հայերի մասին արտահայտել է նաեւ հակասական, լիովին մերժելի մտքեր։

Ներկայացնենք Լոուրենս Արաբացու «հայկական» մտքերից մի քանիսը.

«Հայերը ամենախելացի, ամենակատարյալ, ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում քաղաքակրթվածության տեսակետից»։

«Հրեաներն իրենց այնպես են զգում հայերի հանդեպ, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաների հանդեպ են զգում, ճիշտ նույն կերպ էլ հույները, թուրքերը եւ բոլոր մյուս ցեղերը, որոնք երբեւէ գործ են ունեցել հայերի հետ։ Զգում են, որ հայերը բոլորին էլ աշխատանքի կլծեին։ Ու կլծեն։ Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները, առավել՝ բոլոր մյուս ցեղերի էլ բոլոր հատկանիշները, եւ բացի այդ՝ քրիստոնյաներ են»։

«Մենք այնքան գաղափարապաշտ ենք եւ այնպիսի համբավ ենք վայելում մեր մարդասիրության համար, որ թվում է՝ ի զորու ենք որեւէ բան անել բանականության սահմաններում՝ առանց կորցնելու մեր իդեալիզմը կամ մեր բարի անունը… Մի սքանչելի բան կա դրա մեջ, շատ սքանչելի, աշխարհի համար օգտակար բան։ Ամերիկացիները բուն Հայաստանում կարող էին հիմնավորապես անել ու վստահաբար կանեին այն, ինչ պետք է արվի այնտեղ… Պետք է որեւէ մեկը լուծի հայկական հարցը։ Ինձ թվում է՝ բանաստեղծական արդարություն կլինի, լավ քաղաքականություն եւ հաստատ գործ, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին»։

Ժամանակները փոխվել են, փոխվել են նաեւ հայացքները, աշխարհում այսօր այլ իրադրություն է, եւ հայկական հարցը դրված է այլ հարթության վրա, այնուամենայնիվ, պետք է կարդալ պատմության բոլոր էջերը, իմանալ՝ ով ի՞նչ է ասել, ինչո՞ւ եւ ինչպե՞ս։ Մանավանդ՝ այնպիսի նշանավոր անձ, ինչպիսին Լոուրենս Արաբացին է։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

2005թ., թիվ 33

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Հոգևոր-մշակութային


06/02/2014