Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ԿՐԹՈՒՄ Է ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ



Մայոր Սամվել Լալայանի հաջողության գաղտնիքը սիրով աշխատելն է

Մայոր Սամվել Լալայանը ծնվել է Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1987թ., ընդունվել է հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: 1993թ. ավարտել է ուսումը և ծառայության անցել ազգային բանակում: Մասնակցել է 1993-94թթ. մարտական գործողություններին: Հրադադարից հետո Ս. Լալայանը ծառայել է ՆԳ զորքերում՝ որպես ֆիզպատրաստության սպա, այնուհետև Շինուհայրի միջնակարգ դպրոցում եւ շրջանային մանկապատանեկան մարզադպրոցում, նախ՝ որպես մարզիչ, ապա` տնօրեն:

2001թ. վերադարձել է բանակ, ծառայել տարբեր զորամասերում, իսկ մեկ տարի առաջ տեղափոխվել է գնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամաս և նշանակվել գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ: Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար», ԼՂՀ «Արիության», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, «Մարտական գործողությունների մասնակցի», «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալներով:

-Ինչո՞ւ տևական ընդմիջումից հետո կրկին վերադարձաք բանակ:

-Ես էությամբ մանկավարժ եմ, սիրում եմ սովորեցնել, կրթել: Մարզադպրոցում դժվարությունները շատ էին, հատկապես՝ կազմակերպչական հարցեր լուծելու առումով: Բանակում այդպիսի խնդիրներ չկան: Այստեղ խնդիրը մեկն է` աշխատել, սովորեցնել, դաստիարակել…, չկան տնտեսական կամ այլ կարգի բարդություններ: Կար նաև մեկ այլ, ավելի զորեղ գործոն` կարոտը: Այսօր մեր ժողովրդի գերխնդիրը երկրի պաշտպանունակության անընդհատ զարգացումն ու ամրապնդումն է, այսօրվա և ապագայի համար զինվորի պատրաստումը, իսկ ես կարոտել էի զինվորին, զորամասը, ուստի վերադարձա, ինչի համար ուրախ եմ:

-Լինելով սպորտի բնագավառի մարդ, կատարում եք դաստիարակչական, մշակութային ուղղվածության աշխատանք, որից գոհ է գումարտակի հրամանատարը, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Ծառայության ընթացքում մարտական ստորաբաժանումներ էլ եմ ղեկավարել: Գաղտնիք առանձնապես էլ չկա, եթե կարողանում ես մարդկանց` երեխաների, երիտասարդների հետ սիրով աշխատել, ուրեմն՝ ամեն ինչ կստացվի: Միջոցառումները՝ նախօրոք ծրագրված և հընթացս պահանջվող, հիմնականում իրականացնում ենք զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ղեկավարությամբ: Աշխատանքի ծանրությունը գումարտակի ներսում է՝ սկսած նորակոչիկներից, վերջացրած սպաներով:

Ցավոք, բանակը դեռևս համալրվում է մարդկանցով, որոնք ե՛ւ դաստիարակության ե՛ւ կրթության պակաս ունեն: Հիշում եմ՝ ժամանակին մեր ծնողները բանակը համարում էին կյանքի համալսարան: Զինվորական կոլեկտիվի էությունը չի փոխվել, եթե փոխվել էլ է, ապա՝ դեպի լավը: Առաջ են քաշվել ազգային արժեքները, ազգային գաղափարախոսության տարրերը: Իրականում բանակը համալրվում է նաև նախանձելի կրթություն, դաստիարակություն, գիտելիքներ, կազմակերպչական ունակություններ ունեցող մարդկանցով, եւ բանակ եկողը պետք է ձգտի սովորել ընկերոջից, կոլեկտիվից, սպաներից: Դաստիարակության հարցում այսօր հաշվի են առնվում ամենափոքր խնդիրները, կատարվում են բազմապիսի ուսումնասիրություններ, զորամասերն ստանում են մեթոդական ձեռնարկներ, գրականություն, ուսումնասիրվում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձները, դրանց պահանջները: Այսինքն` արվում է հնարավորը, որպեսզի վերացվեն կրթության ու դաստիարակության բացերը, մարդիկ ծառայեն գիտակցաբար, ստորաբաժանումներում տիրի համերաշխության ու սրտացավության ոգին:

Մեկ տարի է՝ այստեղ եմ և, փառք Աստծո, գումարտակի գործերը բավական հաջող են: Հուսով եմ, որ նոր ուսումնական տարին էլ զորամասի և գումարտակի համար կդառնա նորանոր ձեռքբերումների ժամանակաշրջան:

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Ազգային բանակ


30/01/2014