Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆ ԱՐԺԱՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՈՒՆԻ»



Մայոր Գարուն Էլյազյանը զորամասի ամենափորձառու զինվորականն է

Նա միակն է, որ մասնակցելով Արցախյան շարժմանը, ինքնապաշտպանական կռիվներին, բանակի կազմավորման առաջին օրից անցել է ծառայության և անցած քսաներկու տարիների ընթացքում երբեք չի մտածել բանակից դուրս գալու, ինչ-որ բիզնեսով զբաղվելու մասին: Բայց կար ժամանակ, որ զորամասը գրեթե ամբողջությամբ համալրված էր կամավորական ջոկատների տղաներով, որոնք հիմնականում Գորիսի և տարածաշրջանի գյուղերից էին: Երբ այդ մասին ասացի Գարունին, նա մի քիչ լռեց, ապա հանգիստ, կարծես ինչ-որ բան հիշելով, ասաց.

-Քաջ ու անձնազոհ տղերք էին` թշնամուց իրենց վրեժը հանելու ճակատագրական հնարավորությունից ոգևորված: Կռվեցին, պաշտպանեցին ազգի պատիվը, ազատագրեցին հայրենի պատմական տարածքները, ստեղծեցին զորեղ բանակ և գնացին իրենց գործին: Կան տղաներ, որ մինչև այժմ էլ ծառայում են, բայց ուրիշ զորամասերում: Հներից այստեղ ես եմ ու մեկ էլ մայոր Սամվել Լալայանը: Երիտասարդներին սովորեցնում ենք, դաստիարակում, պատմում, թե ինչ հնարամտություններով ենք հակառակորդին հաղթել, այն դեպքում, երբ նրանց ունեցած զենքի կեսի կեսն էլ չենք ունեցել:

Մայոր Գարուն Էլյազյանը Սյունիքի մարզի Տեղ գյուղից է: Ծնվել է 1968թ.: 1985թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և շատ չանցած՝ մեկնել բանակ: Զորացրվել է այն ժամանակ, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, և սահմանային բախումները, կռիվներն օր օրի սաստկանում էին: Առանց երկար- բարակ մտածելու` համալրում է գյուղի ինքնապաշտպանական ջոկատը, որը գործում էր Մելիքսեթ Պողոսյանի ղեկավարությամբ: Դիմագրավում էին Լաչինի, Կուբաթլուի կողմից հակառակորդի չդադարող գրոհներին: Հետո եկավ հակագրոհի, հակառակորդի կրակակետերը ոչնչացնելու ժամանակը: Մարտական գործողությունների ուղին Լաչինից ձգվեց Կուբաթլու, Զանգելան, Ֆիզուլի և հասավ Հորադիզ: Ջոկատն ընդգրկվեց զորամասի կազմում: Հրադադարից հետո նա արդեն վաշտի հրամանատար էր, իսկ հետո դարձավ մոտակա զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը: Որոշ ժամանակ անց վերադարձավ և նշանակվեց սպառազինության գծով գումարտակի հրամանատարի տեղակալ: Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մայոր Գարուն Էլյազյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության համար», «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի մեդալներով եւ «ՀՀ ԶՈւ 20 տարի» հոբելյանական մեդալով:

Գումարտակի մարտական տեխնիկայի մասին մայորն ասաց.

-Բացառվում է, որ մեզ մոտ լինի որևէ անսարք տեխնիկա, որովհետև դրանք պահպանում և սպասարկում ենք պատշաճ մակարդակով: Քանի որ շատ լավ ենք կազմակերպել անցումը ձմեռային փուլին, մեքենաների գործարկման, վարման և խնդիրների կատարումների գործում դժվարություններ չենք ունենում: Մինչ այժմ զորամասը հիմնականում համալրվել է Աբովյանի պաշտպանամարզատեխնիկական ընկերության պատրաստած մեխանիկ-վարորդներով, որոնք իրենց շատ լավ են դրսևորում: Զորամասի հրամանատարությունը մի քանի անգամ գրավոր շնորհակալություն է հայտնել այդ կազմակերպությանը: Աշխատանքը հատկապես երիտասարդ զինվորների հետ հետաքրքիր է և հաճելի: Սրտանց ուրախանում եմ նրանց առաջադիմությամբ: Քսան տարի առաջ մենք երազում էինք ունենալ այն, ինչն այժմ ունենք: Վստահ եմ, որ եթե կրկին հակառակորդը փորձի ուժ կիրառել մեր ժողովրդի դեմ, կստանա այն, ինչն ստացավ 1990-ականներին մեր սերնդի կողմից:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Ազգային բանակ


30/01/2014