Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



1941թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը գերմանական ֆաշիզմի վերմախտը, խախտելով միմյանց վրա չհարձակվելու մասին խորհրդա-գերմանական պայմանագիրը, առանց պատերազմ հայտարարելու, գաղտագողի հարձակվեց ստեղծագործ խաղաղ աշխատանքով զբաղված Խորհրդային Միության վրա։ Սկսվեց 1418 օր ու գիշեր տևած արյունահեղ Հայրենական մեծ պատերազմը, որը միայն մեր հանրապետությունից խլեց մոտ 600 հազար մարդու կյանք, որոնց թվում նաև սևանցիներ։ Դեռևս նոր կազմավորված այս փոքրիկ շրջանից ռազմի դաշտ մեկնեցին ավելի քան 4000 մարտիկներ (49 կանայք), որոնք քաջաբար պայքարեցին գերմանական ֆաշիզմի դեմ և բարձր պահեցին խորհրդային զինվորի պատիվն ու հեղինակությունը, հազարավոր անմոռաց հերոսական էջեր գրեցին Հայրենական մեծ պատերազմի քառամյա տարեգրության ոսկե էջերում։

Սկիզբը՝ նախորդ համարում

Սևանի շրջանի Գոմաձոր գյուղում էր ծնվել ու իր ծանր մանկությունն անցկացրել գնդապետ Մամիկոն Սերգեյի Ղուկասյանը, որը 1922 թվականին զորակոչվեց Կարմիր բանակ, ապա սովորեց և գերազանցությամբ ավարտեց Լենինգրադի ռազմաքաղաքական ակադեմիան՝ նշանակվելով Խարկովի զինվորական օկրուգի դիվիզիայի կոմիսար։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրվանից մասնակցեց Ֆաշիստական զավթիչների դեմ մղվող մարտերին՝ իր բոցաշունչ խոսքով մարտիկներին առաջնորդելով գրոհի։

1941 թվականի օգոստոսին՝ ազգային զորամիավորումներ ստեղծելու ժամանակ, անվեհեր կոմիսարը նշանակվում է կովկասյան ազգային 386-րդ հրաձգային դիվիզիայի քաղվարչության պետ, մասնակցում է Սևաստոպոլի 240 օր տևած պաշտպանությանը։ Մարտերը շարունակվում էին։ Մերձսևծովյան բանակի նախկին քաղվարչության պետ, գեներալ մայոր Բոչարովը անսքող հիացմունքով է խոսում քաղբաժնի պետ Մ. Ղուկասյանի տոկունության, համառության և խիզախության մասին։ Նա գրում է. «Շատ անգամ է գնդապետ Մ. Ղուկասյանը մարտիկներին առաջնորդել գրոհի։ Գիտենալով բանակայիններին համախմբելու նրա ունակությունները՝ խիզախ կոմիսարին հաճախ ուղարկում էին այն հատվածները, որտեղ ծայրահեղ լարված իրավիճակ էր»։ Մարտերի ընթացքում ռումբի պայթյունից ծանր վիրավորվում է։ Ֆաշիստները Մ. Ղուկասյանին գերի են վերցնում։ Հարցաքննության ժամանակ հիտլերականները նրան առաջարկում են աշխատել իրենց համար։ Կոմիսարը, հավաքելով վերջին ուժերը, հրում է թշնամու զինվորներին և թքում գերմանական սպայի դեմքին՝ գոչելով. «Ես կոմունիստ եմ, կոմիսար, եղել եմ և կմնամ ֆաշիզմի կատաղի թշնամին, որն անպայման կբնաջնջվի»։ Գազազած հիտլերականները խզակոթի հարվածներով գետին են տապալում նրան։ Լսվում են կրակոցներ… Մ. Ղուկասյանը Ղրիմում մղված մարտերի համար պարգևատրվել է մարտական Կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով։

Բախչիսարայից հարավ մի գեղեցիկ հուշարձան է բարձրանում, որը հավերժացնում է գերմանական ֆաշիստների կողմից գնդակահարված հերոս կոմիսարների ու քաղաշխատողների հիշատակը։ Նրանց թվում է նաև 386-րդ դիվիզիայի գնդապետ Մամիկոն Ղուկասյանը։ Տարիներ անց նրա հարազատներն այցելեցին Բախչիսարայ եւ հուշարձան-կոթողի մոտից մի բուռ հող բերեցին հայրենիք, որը խառնեցին Մեծ հայրենականում զոհված գոմաձորցիների պատվին կանգնեցված հուշարձանի շրջակա ծաղկանոցին։

Ամեն տարի՝ մայիսի 9-ին այս փոքրիկ Գոմաձոր գյուղի բարձունքում կանգնեցված Փառքի հուշարձանի զանգերը ղողանջում են 54 անգամ՝ ի հիշատակ Հայրենիքի ազատագրության համար զոհված 54 գոմաձորցի դյուցազունների։

***

Գոմաձոր գյուղում էր ծնվել նաև գնդապետ Սոս Արշակի Մկրտչյանը, որը 1937 թվին զորակոչվել էր խորհրդային բանակ, ծառայել հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայում, որտեղից էլ գործուղվել էր Բաքու՝ սովորելու հետևակային ուսումնարանում։

1939թ. ուսումնարանի շրջանավարտը ծառայության է անցնում Կիևի հատուկ զինվորական օկրուգում՝ որպես հրաձգային վաշտի հրամանատար։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերին Սոս Մկրտչյանն իր վաշտով գտնվում էր Արևմտյան Ուկրաինայի Սկոլե քաղաքի մոտակա ճամբարում, որը 4 կմ հեռու էր պետական սահմանից։ Երիտասարդ լեյտենանտի վաշտն առաջիններից մեկն իր վրա ընդունեց ֆաշիստական զորքերի կատաղի հարվածները։ Նրա գլխավորությամբ վաշտի մարտիկները քաջաբար դիմադրում էին մինչև ատամները զինված թշնամուն։ 1941թ. հուլիսի 6-ին Վիննիցա քաղաքի համար մղված անհավասար մարտերից մեկի ժամանակ վաշտի հրամանատար Ս. Մկրտչյանը ծանր վիրավորվում է։ Մարտում ցուցաբերած անձնական խիզախության համար նա պարգևատրվում է Կարմիր աստղի շքանշանով։ Ապաքինվելուց հետո Ս. Մկրտչյանն ուղարկվում է 127-րդ մոտոհրաձգային բրիգադ՝ նշանակվելով շտաբի պետի տեղակալ։

Շարունակելի

ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Պատերազմի և աշխատանքի վետերանների Սևանի համայնքային
խորհրդի նախագահ

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Պատմության էջերից


30/01/2014