Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԵՐԽՆԴԻՐԸ` ՀԱՅ ՄՆԱԼ
ԳԵՐԽՆԴԻՐԸ` ՀԱՅ ՄՆԱԼ

Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրների լուծման ուղիները գտնելու, հայրենասիրական դաստիարակության ոլորտում ծրագրեր իրականացնելու, կարգապահ զինվոր եւ պատասխանատու քաղաքացի դաստիարակելու նպատակով պաշտպանության նախարարությունն արդեն հինգ տարի է՝ համագործակցում է մի շարք գերատեսչությունների հետ:

ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների ու ՀՀ ոստիկանապետի մասնակցությամբ հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2013 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր բացման խոսքում նշեց, որ երիտասարդների բարոյահոգեբանական պատրաստվածությունը, հայրենասիրությունն ու ռազմական դաստիարակությունը հետագա հաղթանակների հիմքն են. «Երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործընթացում ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ: Մի քանի նախարարությունների մասնակցությունը համագործակցության վառ ապացույց է: Միայն պաշտպանության նախարարության ուժերով էական առաջընթաց չենք կարող արձանագրել»:

Նախարարը նշեց, որ 2014թ. իր ուշադրության կենտրոնում կլինի փողոցային երեւույթների եւ բարքերի դեմ պայքարը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացումը արդյունավետ կլինի, եթե գործի «ոչ թե պարտադրել, այլ դավանել» մեթոդը: «21-րդ դարում ռազմահայրենասիրական դաստիարակությունը վերածվել է հայ մնալու եւ որպես հայ վերարտադրվելու արվեստի, սա է մեր թիվ մեկ մարտահրավերը, հատկապես մշակութային ագրեսիվ գլոբալիզացիայի պայմաններում»,- շեշտեց նախարարը:

Նախազորակոչային պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2013 թվականին իրականացված աշխատանքները գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրին զեկույցներով: Պաշտպանական գերատեսչության կողմից 2013 թվականին հայրենասիրական դաստիարակության ոլորտում իրականացված միջոցառումներն ու ընդունված որոշումները, առկա բացթողումները շտկելուն միտված նախաձեռնություններն ու առաջարկները ներկայացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ առաջին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը. «Մենք պետք է համատեղ ուժերով լուծենք ազգի առջեւ ծառացած գերխնդիրներից մեկը՝ դաստիարակենք այնպիսի սերունդ, որի համար զինվոր լինելը մեծագույն պատիվ կլինի եւ ոչ թե պարտականություն»:

Կարեւորելով վերոնշյալը՝ 2013 թվականին ՊՆ կողմից իրականացվել է 21 խոշոր ծրագիր եւ 70 թիրախային միջոցառում՝ ներգրավելով դպրոցների, քոլեջների և հանրակրթական ուսումնական այլ հաստատությունների սաների. «Շուրջ 11 հազար սաներ այցելել են «Մայր Հայաստան» զինվորական թանգարան եւ «Եռաբլուր» պանթեոն: Կազմակերպվել են միջոցառումներ նվիրված ազգային հերոսներին, անվանի զորահրամանատարների ծննդյան տարեդարձներին եւ զոհված ազատամարտիկների հիշատակին: 1000-ից ավելի դպրոցականներ տարվա ընթացքում մասնակցել են դեպի Արցախ ուխտագնացության, իսկ «Հայ ասպետ»-ի 500-ից ավելի սաներ ընդգրկվել են հանրապետության տարբեր մարզերում եւ Արցախում նախարարության կազմակերպած բանակումներում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կազմակերպվել են նախնական զինվորական պատրաստության առարկայի համապատասխան օլիմպիադա, ռազմամարզական խաղեր, իսկ հանրապետության 12 հազար պատանիներ մասնակցել են զինկոմիսարիատների նախաձեռնությամբ կազմակերպված դաշտային պարապմունքների, հրաձգության: Զորամասերին կցագրված դպրոցների 1700 աշակերտներ էլ պարբերաբար այցելել են զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային, ծառայության պայմաններին, ռազմական տեխնիկային եւ համտեսել զինվորական ճաշ»:

Վ. Ավետիսյանը նշեց, որ ՊՆ աջակցությամբ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ «Իրավունք եւ օգնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է զինղեկների վերապատրաստման գործընթացը, եւ 27 զինղեկներ ստացել են հավաստագրեր: Ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի: Ինչ խոսք, կան նաեւ բացթողումներ եւ չլուծված հարցեր. «Պետք է մեծ ուշադրություն դարձնել նախազորակոչային պատրաստության առարկայի դասագրքի եւ դասավանդման մեթոդների բարելավմանը: Որպես բացթողում կարելի է որակել նաեւ այն, որ 1352 ուսումնական հաստատությունների զինղեկներից 165-ը 60-65 տարեկան են, 73-ը` 65-70 տարեկան, 25-ը` 70-75, իսկ 5-ը՝ 75-ից էլ բարձր: Մտահոգիչ է նաեւ զորակոչիկների ֆիզիկական եւ առողջական վիճակը: Զորակոչի ժամանակ նորակոչիկների գրեթե 70 %-ը գանգատներ է ներկայացնում առողջական վիճակի վերաբերյալ, ինչը խոսում է նրանց ցածր ֆիզիկական պատրաստության մասին: Զորակոչիկների մարմնի տարբեր մասերում հաճախ են հանդիպում դաջվածքներ, ինքնախեղման եւ ինքնավնասման հետեւանքներ, սա խոսում է փողոցային բարքերի ազդեցության մասին, ինչն այսօր արդեն լուրջ մարտահրավեր է»:

Որպես մտահոգիչ փաստ ներկայացվեց երիտասարդության շրջանում իրականացված սոցիալական հարցման արդյունքը, որի համաձայն՝ հարցվողների մեծ մասը նշել է, որ չունի իդեալ և չի ուզում ոչ ոքի նմանվել. «Այսինքն` վերջիններս չեն ոգեշնչվում մեր հերոսների, գիտնականների և ընդհանրապես որևէ ազգանվեր գործով հայտնի մարդու արարքներով եւ չեն ցանկանում նրանց նմանությամբ հայրենանվեր գործերի մասնակից լինել, ասել է թե` չեն առաջնորդվում նրանց գաղափարներով»,-նշեց Վարդան Ավետիսյանը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մտահոգիչ համարեց տվյալները եւ նշեց, որ պաշտոնյաները եւս պետք է ձգտեն իրենց կեցվածքով ու պահվածքով օրինակ ծառայել երիտասարդներին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հիշեց. «Տարիներ առաջ ես կազմել էի դասախոսություն «Դաստիարակողների դաստիարակումը» թեմայով եւ նշել էի՝ մի՛ փորձիր դաստիարակել քո զավակին, միեւնույն է՝ նա նմանվելու է քեզ, քեզնից է օրինակ վերցնելու»:

Ս. Օհանյանը հավելեց նաեւ՝ թեպետ հաշվետու ժամանակահատվածում ընդունվել և կյանքի են կոչվել բազմաթիվ համատեղ հրամաններ եւ իրականացվել են հարյուրավոր միջոցառումներ, այդուհանդերձ, հարկ է ուշադրություն դարձնել իրականացվող քայլերի ոչ թե քանակական, այլ որակական չափորոշիչներին:

Նիստի ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ զինծառայողներ արժանացան գերատեսչական պարգեւների, խրախուսվեցին պատվոգրերով ու արժեքավոր նվերներով:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան