Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԸ



Ամանորի հանգստյան օրերին մի քանի հետաքրքիր ֆիլմ դիտեցի: Դրանցից մեկում` ամերիկյան «Ֆորեսթ Գամփ» կինոնկարում, դեպքերը տեղի էին ունենում վիետնամական պատերազմի տարիներին: Գլխավոր հերոս Ֆ. Գամփը դպրոցն ավարտելուց հետո գնացել էր բանակ: Նորակոչիկների հետ աշխատող սպան շարքում կանգնած երիտասարդ զինվորներին տալիս էր միևնույն հարցը` ինչո՞ւ ես եկել բանակ: Պատասխանները տարբեր էին: Մեկն ասում էր, թե եկել եմ հայրենիքին ծառայելու, մեկ ուրիշը, թե` եկել եմ Ամերիկայի թշնամիների դեմ կռվելու: Սպային զարմացրեց Ֆորեսթ Գամփի պատասխանը.

-Պարոն կապիտան, եկել եմ բանակ, որպեսզի կատարեմ ձեր հրամանները:

-Արդեն տասնհինգ տարի բանակում եմ, բայց առաջին անգամ եմ լսում նման պատասխան, այդ ո՞վ է քեզ այդպես դաստիարակել,- ֆիլմում ասաց անակնկալի եկած սպան:

Պետք է խոստովանել, որ առայժմ մեր զավակները բանակ են գնում հայրենիքին զինվորական պարտքը տալու համար և հաճախ լիովին չեն գիտակցում սպայի հրամանները անվերապահորեն կատարելու կարևորությունը: Իրողությունն այն է, որ, մի կողմից, ընտանիքը, դպրոցն ու հասարակությունը արժեքային համակարգում բանակի բացարձակ գերակայության փաստը դեռևս լիովին չեն ընկալում, և նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ աշխատանքները այնքան էլ գոհացուցիչ չեն, մյուս կողմից էլ, սպան դեռևս այն պատվավոր տեղում չէ, որին արժանի է: «Սպա» ասելով՝ չենք պատկերացնում զորամաս, բանակ, պետություն: Այո՛, պատրաստ չենք նրան տեսնելու իր տեղում և անգամ ռուսների պես սպային չենք ընդունում և համարում «ազգի ծաղիկ»:

Նման մտքերով տարվեցի գնդապետ Կ. Սեդրակյանի զորամասի նորակոչիկների մասին հոդված գրելուց առաջ: Նրանց` երկու, երեք, հինգ, տասը օր առաջ բանակ զորակոչված տղաներին ես հանդիպեցի Ամանորից առաջ: Ուսումնական վաշտի հրամանատար, կապիտան Եգոր Գևորգյանի բացակայությամբ մեր ծանոթությունն ու զրույցը կազմակերպեցին սերժանտներ Սամվել Սինայանը և Վահե Եղիազարյանը: Առաջին հարցը, որի շուրջ խոսեցինք, վերաբերում էր վիճակահանությանը:

– Ինքս իմ ձեռքով եմ հանել զորամասի համարը և համոզված եմ, որ տարբերակված մոտեցումն ու խարդախությունները բացառված են,-ասում էր երևանաբնակ Արման Բարխոյանը:

Դավիթ Հայրումյանը գոհ էր, որ վիճակահանության շնորհիվ հեռավոր զորամասում չի հայտնվել: Եվ երբ երիտասարդին բացատրեցի, որ մեր բանակի համար հարաբերական են թիկունքային և սահմանային հասկացություները, և ուր էլ գնաս, մեկ է՝ մոտենում ես սահմանագծին, նա համաձայնելով, այնուամենայնիվ, ավելացրեց.

-Մեր տունն այստեղից ավելի մոտ է, մերոնց համար գնալ-գալը ավելի հեշտ կլինի:

Խոսեցինք նաև ծնողների տեղեկացվածության, զորամասի հեռախոսակապից օգտվելու մասին: Պարզվեց՝ բոլոր ծնողներն էլ նույն օրը իմացել են, թե որտեղ են ծառայելու իրենց տղաները, իսկ ամեն օր, երեկոյան ժամը յոթից մինչև ինը, զորամասի հեռախոսները նորակոչիկների տրամադրության տակ են: Այն հարցին, թե ով ինչով է զբաղվել մինչ բանակ զորակոչվելը, եղան այսպիսի պատասխաններ.

-Ես Մադոյան Վազգենն եմ, աշխատել եմ շշերի վերամշակման ձեռնարկությունում:

-Աթոյան Հենրիկ, ընդունվել եմ Գավառի պետական համալսարան ու զորակոչվել:

-Արսեն Ծփնեցյան, դպրոցն ավարտել եմ ու եկել ծառայության, կսովորեմ բանակից հետո:

-Ես Պողոսյան Ռազմիկն եմ, ունեմ ծրագրավորողի մասնագիտություն, բայց բանակ եմ զորակոչվել որպես մեխանիկ-վարորդ:

-Ես էլ եմ վարորդ,-ավելացրեց Սարգիս Մինասյանը:

Նորակոչիկները լավատեղյակ էին իրենց պարտականություններին և իրավունքներին: Երևում էր, որ բարձր է նրանց հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը: Մանրամասները ներկայացրեց սերժանտ Սամվել Սինայանը.

-Երիտասարդ զինվորների հետ առանձնազրույցներ են ունենում ոչ միայն զորամասի, այլ նաև զորամիավորման հրամանատարն ու նրա տեղակալները, որպեսզի բոլորի մասին, որքան հնարավոր է, շատ տեղեկություններ ստանան և հետագայում ստորաբաժանումներով տեղաբաշխելիս ճիշտ կողմնորոշվեն, իմանան՝ ով ինչ հնարավորություն ունի: Նրանք, ինչպես նաև մենք, ուսումնասիրում և հաշվի ենք առնում նորակոչիկների անհատական գրքույկների տվյալները: Պարբերաբար զորամաս են այցելում և կանոնագրքերն ու օրենքներն են պարզաբանում կայազորի զինվորական դատախազության և ռազմական ոստիկանության աշխատակիցները: Մեծ ուշադրություն ենք դարձնում տղաների բարոյահոգեբանական խնդիրներին, աշխատում ենք, որքան հնարավոր է, շուտ ներգրավվեն ստորաբաժանման ընդհանուր կարգուսարքին: Ինքս հանգամանորեն բացատրում եմ Կարգապահական կանոնագրքի 157, 158-րդ հոդվածները, Ներքին ծառայության կանոնագրքի 26-րդ հոդվածը, օրապահի պարտականությունները և ընդհանրապես կանոնագրքերի` համազորային, պահակային, մարտավարական պատրաստության, բոլոր առանցքային հոդվածների պահանջները, ինչպես, օրինակ՝ «շարային վարժաձևերն ու շարժումը», «դիտորդի գործողությունները հետախուզում անցկացնելու ժամանակ» եւ այլն, ծանոթացնում հակահրդեհային անվտանգության կանոններին, անցկացվում են վարժասարքերով հրաձգության գործնական պարապմունքներ և այլն: Զորամաս մտնելու առաջին օրվանից նորակոչիկներն ուսումնասիրում են զորամասի պատմությունը, անցած մարտական ուղին, սովորում վաշտի, զորամասի երգերը, ազգային բանակի և հանրապետության օրհներգերը, նախապատրաստվում են զինվորական երդմնակալության արարողությանը: Մենք գոհ ենք մեր նորակոչիկներից, նրանք տրամադրված են բարեխիղճ ծառայության և սովորելու հարցում չեն դժվարանում, հաճույքով մասնակցում են հոգևոր-մշակութային միջոցառումներին: Նրանցից երկուսը` շարքայիններ Հենրիկ Աթոյանը և Արման Եվգենյանը, արդեն ընդգրկվել են զորամասի «Հայ ասպետ» թիմի կազմում:

Սերժանտը վստահեցրեց, որ նորակոչիկների հետ աշխատանքը կավարտվի հաջողությամբ, և նրանք զինվորական երդում տալով՝ ձմեռային ուսումնական փուլի մեկնարկից առաջ կհամալրեն մարտական ստորաբաժանումները, որպեսզի կատարեն հայրենիքի հանդեպ իրենց պարտքը, հուսով եմ նաև՝ անթերի կկատարեն իրենց հրամանատարների բոլոր հրամանները, ճիշտ այնպես, ինչպես իմ հավանած կինոհերոսը:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարը` հեղինակի

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Ազգային բանակ


23/01/2014